Ապրիլ 24, 2024
exclusive
1392 դիտում

Գեւորգ Ղազարյան. 2008-ին Թուրքիային թիմային ոգու եւ չհանձնվելու շնորհիվ հաղթեցինք


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Մի քանի օրից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Թուրքիայի հետ խաղով մեկնարկելու է ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում:

Այդ հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանու նախկին հարձակվող Գեւորգ Ղազարյանը Mediamax Sport-ի համար վերհիշել է 2008 թվականի Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական ընտրանիների պայքարը: Խաղը կայացել է օգոստոսի 20-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, հայ ֆուտբոլիստները կամային հաղթանակ են տարել 2:1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Կառլեն Մկրտչյանն ու Հենրիխ Մխիթարյանը:

«Թուրքիայի երիտասարդական ընտրանու հետ խաղից առաջ վաղուց այդ երկրի թիմերի հետ հանդիպում չէինք ունեցել: Երեւի, նաեւ դրանով էր պայմանավորված, որ Հայաստանում մեր դիմակայությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ու բոլորը սպասում էին այդ խաղին:

Այն «Հրազդան» ստադիոնում կայացավ ու շատ մեծ քանակությամբ երկրպագուներ եկան: Չեմ հիշում, որ երիտասարդական հավաքականի խաղերին երբեւէ 15-20 հազար հանդիսական լիներ: Ստադիոնի մի մասը փակ էր, այլապես բոլոր նստատեղերը կարող էին զբաղված լինել:

Շատ տպավորիչ, պատմական ու մարտական հանդիպում ստացվեց: 0:1 հաշվով պարտվում էինք, բավական լարված էր պայքարը, թիմը մինչեւ վերջին վայրկյանը չհանձնվեց եւ արժանի հաղթանակ տարավ:

Լուսանկարը` Photolure


Այդ ամենին թիմային բարձր ոգու շնորհիվ հասանք, բոլորիս մոտ էլ հաղթանակի հասնելու ձգտումը մեծ էր: Հանդիպման ընթացքում չեղավ մի պահ, որ համակերպվեինք պարտության մտքի հետ: Անընդհատ վտանգավոր պահեր էինք ստեղծում մրցակցի դարպասի մոտ ու մեծ ճնշում գործադրում, այնպես չէ, որ խաղով զիջում էինք Թուրքիային:

Հանդիպման նկատմամբ ուշադրությունն իսկապես շատ մեծ էր, անդրադառնում էին թերթերում ու հեռուստատեսությամբ, դա մեզ անչափ ոգեւորել էր եւ եռակի անգամ ավելի մոտիվացված էինք պատրաստվել խաղին:

Մեզ համար ամենակարեւորը միայն հաղթանակն էր, այնպես չէ, որ մտածում էինք մրցակցից միավոր խլելու ու նրան մրցաշարային աղյուսակում խանգարելու համար:

Հանդիպումից հետո այնպիսի զգացողություն ունեինք, որ շատ մեծ հաղթանակ ենք գրանցել, քաղաքում էլ տրամադրությունը տոնական էր: Ստադիոնից մարզաբազա գնալից հավաքականի ավտոբուսը հրապարակով անցավ, բոլորը մեզ լավ էին ընդունում, շնորհավորում եւ ծափահարում:

Իհարկե, միշտ էլ նման մրցակցի փաստը ճնշում է գործադրում մարզիկների վրա, բայց պետք չէ դրան բացասական իմաստով վերաբերվել: Շատ հաճախ այդ ճնշման առկայությունը լավ է, պետք է կարողանալ այդ լարվածությունն ի շահ թիմի օգտագործել:

Լուսանկարը` Photolure


Մի քանի օրից ազգային ընտրանին է խաղալու Թուրքիայի հետ: Գաղտնիք չեմ ասի, որ Թուրքիան շատ լավ հավաքական եւ ուժեղ ֆուտբոլիստներ ունի: 2008-ին մեր ունեցած նույն ոգեւորությունն ու տրամադրվածությունը հավաքականին եմ մաղթում: Այնպես չէ, որ անհնար է հաղթել, բայց միեւնույն ժամանակ էլ գիտակցում ենք, որ հնարավոր է չստացվի 3 միավոր վաստակել: Պետք է հավատալ, մեծ նվիրվածությամբ ու ցանկությամբ խաղալ:  

Փորձառու տղաներ ունենք, որոնց խոսքն ու թիմին տրամադրելը կարեւոր կլինի: Կան հանդիպումներ, երբ տակտիկան մտահաղացումներն են օգնում արդյունքի հասնել, բայց սպասվող խաղում առաջնայինը լինելու է ֆուտբոլիստների տրամադրվածությունը:

Ինքս, հավանաբար, մարտի 25-ին ստադիոնում կլինեմ ու կաջակցեմ մեր հավաքականին: Թիմին ամբողջ ընտրական մրցաշարում հաջողություն եմ մաղթում, շատ կցանկանամ, որ կարողանանք խմբից դուրս գալ, բայց դա բավական բարդ խնդիր է: Այդ մասին դեռ վաղ է խոսել, քանի որ բազմաթիվ հարցեր կան լուծելու, որոնց պատասխանները կստանանք խաղերի ընթացքում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին