2297 դիտում

ԱԱ-ի առաջին գոլերի հեղինակ Վալենսիայի հարգանքի տուրքը 2013-ին մահացած թիմակցին


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Երեկոյան Կատարում մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն ու հանդիպեցին տանտերերի եւ Էկվադորի հավաքականները:

Առաջնության մեկնարկում առաջին անգամ մրցաշարը հյուրընկալող ընտրանին պարտություն կրեց, գրանցվեց 0:2 հաշիվը: Էկվադորի հաղթանակին նպաստեցին Էներ Վալենսիայի 2 գոլերը, նա կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, եթե մրցավարը VAR համակարգի օգնությամբ կասկածելի կերպով գնդակը չեղյալ չհամարեր:

33-ամյա Վալենսիան իր հավաքականի ավագն ու աստղերից մեկն է, բայց մինչ ֆուտբոլիստ դառնալն ու Կատար հասնելը նա բավական ծանր ու դժվար կյանք է ունեցել: Մեծացել է հանցագործ թաղամասում ու շատ բարդությունների միջով անցել: Վալենսիան հաճախ քաղցած է մնացել, ստիպված եղել գիշերել ստվարաթղթե տուփի մեջ:

Լուսանկարը` FIFA


Առաջին անգամ Աշխարհի առաջնություն է մեկնել թիմակցի մահվան պատճառով: 27-ամյա Քրիստիան Բենիտեսը Էկվադորի պատմության 3 լավագույն ռմբարկուների թվում էր: Չուչոն, որին շատերն այդպես էին դիմում, 2013 թվականի հուլիսի 29-ին բողոքել է փորի հատվածում ունեցած ուժեղ ցավից, նրան արագ հոսպիտալացրել են ու վիրահատել, բայց փրկել կյանքը չի հաջողվել, քանի որ սիրտը կանգ է առել:

Նույն տարվա աշնանը Էկվադորը Բրազիլիայում կայանալիք ԱԱ-ի ուղեգիր է նվաճել ու թիմի կազմում նրա փոխարեն ընդգրկվել է Վալենսիան, որի կարիերայի վերելքը դրանից է սկսել: Հավաքականը լավ հարձակվող չուներ ու մարզիչ Ռեյնալդո Ռուեդան որոշեց Վալենսիային օգտագործել հարձակման կենտրոնում, թեեւ նա եզրերում էր հիմնականում գործում:

Ֆուտբոլիստն արդարացրեց մարզչի սպասելիքները՝ 4 գոլ խփեց ընկերական խաղերում ու 3-ն արդեն 2014-ի առաջնությունում: Գրավեց Շվեյցարիայի դարպասը, Հոնդուրասի հետ խաղում էլ դուբլի հեղինակ դարձավ:

Լուսանկարը` FIFA


Ֆուտբոլիստին միանգամից նկատեցին ԱՊԼ-ից՝ «Վեսթ Հեմ»-ը նրա համար մեքսիկական «Պաուչուկ»-ին 15 մլն եվրո վճարեց: 3 մրցաշրջան անց նա նորից վերադարձավ Մեքսիկայի առաջնություն: Բայց հավաքականում Վալենսիան անփոխարինելի մնաց՝ անկախ նրանից, թե իր կարիերայում այդ ընթացքում ինչ էր տեղի ունենում:

2021 թվականի հոկտեմբերի 7-ին նա Բոլիվիայի հետ խաղում դուբլ ձեւակերպեց ու 37 գոլով Էկվադորի հավաքականի լավագույն ռմբարկուն դարձավ:

Վալենսիան բավական արագ խաղացող է ու նաեւ ճարպիկ, անգամ մի այսպիսի իրական, բայց եւ հումորային պատմություն կա դրա հետ կապված: 2016 թվականին ոստիկանությունը նրան ձերբակալելու հրաման է ստորագրել, քանի որ նախկին կնոջը ալիմենտները ժամանակին չէր վճարում ու 15 հազ. դոլար պարտք ուներ: Որոշել էին ֆուտբոլիստին ձերբակալել Էկվադոր-Չիլի հանդիպման ժամանակ: 82-րդ րոպեին Վալենսիան վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Նրան շտապօգնության մեքենայով տարան ստադիոնից, շատերն էի համարում, որ ֆուտբոլիստը հմտորեն կարողացավ խուսափել պատժից: Մեքենայի հետեւից 12 ոստիկան էր վազում, բայց բռնել այդպես էլ չստացվեց:



Այդ պատմությունն ավարտվեց 2019 թվականին՝ երեխայի մայրն ու նրա սիրելին Մայամիում աղջկան մեքենայում էին թողել մի քանի ժամով ու գնացել զվարճանալու: Այդպես ֆուտբոլիստի նախկին կինը զրկվեց երեխային պահելու իրավունքից, Վալենսիան ինքը սկսեց զբաղվել դստեր դաստիարակությամբ:

2020-ին ամբողջ Էկվադորն անհանգստացավ նրա քրոջ համար, որին առեւանգել են զինված գողերը: Նրան տարել էին ջունգլիներ, հաջողվեց բռնել միայն 10 օր անց: Ֆուտբոլիստից քրոջ ազատության դիմաց 2 մն դոլար էին պահանջել:

Լուսանկարը` FIFA


Չնայած ունեցած բոլոր խնդիրներին ու դժվարություններին, Վալենսիան երեկ Աշխարհի առաջնությունում ամբողջ ֆուտբոլային աշխարհին իր մասին խոսելու առիթ տվեց:

Խփած գոլերն էլ Էկվադորի հավաքականը յուրահատուկ կերպով նշեց: Բոլոր խաղացողները միասին ծնկի իջան ու ձեռքերը պարզեցին դեպի երկինք՝ այն նվիրելով Բենիտեսի հիշատակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին