1120 դիտում

Լրագրողների ֆուտբոլի թիմը մրցեց Կապանի վետերանների հետ


Լուսանկարը` Լրագրողների ֆուտբոլի հավաքական

Լուսանկարը` Լրագրողների ֆուտբոլի հավաքական


Հայաստանի լրագրողների հավաքականը հունիսի 26-ին հերթական արտագնա ընկերական խաղն անցկացրեց, այս անգամ Կապանի ֆուտբոլի վետերանների թիմի դեմ։

Սա մրցակիցների երկրորդ հանդիպումն էր։ Նախորդում, որը կայացել էր նույն մարզադաշտում 2019թ․ սեպտեմբերին, 4-1 հաշվով հաղթել էին լրագրողները։ Եվ ահա՝ 3 տարի անց կապանցիները մտադիր էին ռեւանշ վերցնել։ Վետերանների թիմում ընգրկված էին «Գանձասարի» եւ Հայաստանի առաջնության մոտ անցյալի առաջատար ֆուտբոլիստներ։

Չնայած այդ հանգամանքին՝ հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ։ Արդեն 5-րդ րոպեին Էդուարդ Քալանթարյանը Դավիթ Եղիազարյանի փոխանցումից գրավեց կապանցիների դարպասը։

Մինչեւ առաջին խաղակեսի միջնամասը հանդիպումն անցավ փոխադարձ գրոհներով, սակայն, երբ լրագրողների հավաքականի հիմնական կազմի երկու խաղացողներ վնասվածք ստացան եւ լքեցին դաշտը, կապանցիները տիրեցին նախաձեռնությանը եւ մինչեւ ընդմիջում երկու գնդակ անցկացրին լրագրողների դարպասը։

Երկրորդ խաղակեսն անցավ կապանցիների բացահայտ առավելությամբ, նրանք բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցին, բայց չէին կարողանում իրացնել դրանք։ Նաեւ գերազանց էր խաղում լրագրողների դարպասապահ Վահրամ Մկրտչյանը։

Երբ խաղի ավարտին մնացել էր 10 րոպե, լրագրողների թիմի մարզիչ Խաչիկ Չախոյանը վերջին գրոհի նետեց հարձակվողական ներուժ ունեցող բոլոր խաղացողներին։ Նրանք մոտ էին հաջողության, սակայն չկարողացան իրացնել սեփական պահերը։ Իսկ ահա Կապանը խաղավարտից մի քանի րոպե առաջ հստակորեն իրացրեց հակագրոհը եւ ֆիքսեց վերջնական հաշիվը՝ 3-1։

«Սյունիք եւ հատկապես Կապան գալը մեզ համար բացառիկ հաճելի հնարավորություն է հանդիպելու մեր գործընկերներին եւ ոչ վաղեմի անցյալի մեր փայլուն ֆուտբոլիստներին։ Չնայած խաղն ընկերական բնույթ էր կրում, ինչպես միշտ, մեծ նվիրումով խաղացինք թե մենք, թե մեր մրցակիցները։ Սակայն մեր գլխավոր նպատակը դա չէր, այլ սեփական օրինակով ցույց տալը, որ Սյունիքը, Կապանը ոչ միայն կանգուն են, այլեւ անվտանգ ու գրավիչ ամեն տեսակ այցելությունների համար։ Հուսով եմ, այսուհետ մեր այցելություններն այստեղ պարբերական բնույթ կկրեն։ Եվ ես երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանանք լրագրողական միջազգային մի մրցաշար էլ Կապանում անցկացնել»,- հանդիպման ավարտին ասաց Լրագրողների հավաքականի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ լրագրողների թիմի գլխավոր հովանավորը TotoGaming ընկերությունն է, պաշտոնական գործընկերը՝ «Մելանտե» ապրանքանիշը։

Հովհաննես Մելքունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին