Ապրիլ 20, 2024
787 դիտում

Ոսկանյան. ԵՎՐՈ-ի ամեն խաղում հաղթանակի համար ենք հանդես գալու


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի օրից Երեւանում մեկնարկելու է մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանի ընտրանին ֆուտբոլի Ակադեմիայում բաց մարզում է անցկացրել, ինչից հետո ֆուտբոլիստներն ու թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել են իրենց ակնկալիքներից: 

 

Իսպանիայի դեմ մեկնարկային խաղին պատրաստ ենք: Հունիսի 26-ից հավաքվել ենք, այդ օրվանից անընդհատ շեշտել ենք տղաներին, որ շատ պատասխանատու առաջնության են մասնակցելու ու նրանց վրա շատ մեծ պարտականություններ են դրված: 

 

Այդ պատճառով 2 ընկերական  խաղ անցկացրինք Հայաստանի Բարձրագույն խմբի ուժեղագույն թիմերի հետ: «Ալաշկերտը» մեր ամենափորձառու ակումբներից է, լավ ֆուտբոլիստներն են հավաքված, որոնք նաեւ ազգային հավաքականում են խաղում: Երկրորդ հանդիպումը «Լոռիի» դեմ էր, որտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ կան: 

 

Տղաները այդ խաղերում հոգեբանորեն պատրաստ էին, ցույց տվեցին, որ հավասարը հավասարի պես կարող են գործել փորձառուների դեմ: Երեւաց, որ նրանք ամեն ինչ անելու են, որ այս խաղերում հաղթանակի հասնեն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Առաջին հերթին ասել եմ, որ չլարվեն, ազատ լինեն, խաղերից հաճույք ստանան, որ լարվածություն չլինի: 

 

Ամեն խաղում հաղթանակի համար ենք հանդես գալու, ցանկացած պարտություն գոհացուցիչ չի լինի: Թիմն իր խաղաոճն ունի ու փորձելու է այն թելադրել մրցակիցներին:

 

Շատ մեծ աշխատանք ենք տարել պաշտպանությունում, ընկերական խաղերում էլ երեւաց, որ բացթողումներ ունենք: Ֆիզիկական պատրաստվածությունն ենք լավացրել: 

 

Հավաքականի կազմում ուժեղ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են առաջնությանը հետեւող սկաուտների ուշադրությունը գրավել: Մեր տաղանդավոր ֆուտբոլիստներին պետք է ճիշտ ճանապարհ ցույց տալ ու վստահություն հաղորդել, որ իրենք էլ հավատան սեփական ուժերին: Նրանք կարող են հանդես գալ արտասահմանյան լավ թիմերում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին