exclusive
6578 դիտում

Դավիթ Ալավերդյան. Առաջարկ կա 3-րդ տեղն ընդմիշտ տալ Հայաստանին :)


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն

Լուսանկարը` Լիտվայի ժուռնալիստների միություն


Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած միջազգային ֆուտբոլային մրցաշարում կրկին բրոնզե մեդալակիր է դարձել։ 10 թիմերի պայքարում (Լիտվա (2 թիմ), Լատվիա, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան եւ Եգիպտոս) Հայաստանի թիմը 3-րդ տարին անընդմեջ մրցանակային եռյակում է հայտնվել:

Մրցաշարի նպատակների ու հայկական թիմի կայուն խաղի մասին Mediamax Sport-ին պատմել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիր ու Հայաստանի լրագրողների թիմի ավագ Դավիթ Ալավերդյանը:

Լուսանկարը` Mediamax


«Նախորդ տարվա համեմատ չէր եկել Վրաստանի թիմը, փոխարենը Գերմանիան էր մասնակցում ու Լիտվայի 2-րդ թիմը՝ Կաունասը, որը բավական ուժեղ էր: 4 ժամվա ընթացքում 9 հանդիպում անցկացրինք, որոնք գրեթե բոլորն էլ ծանր էին: Այս անգամ էլ մեկնարկը լավ ստացվեց, հաղթանակներ տարանք, լավ էինք տրամադրված ու առաջին հատվածից հետո Ռուսաստանի եւ Լիտվայի թիմերի հետ կիսում էինք 1-ին տեղը: 2-րդ հատվածում վնասվածքներ ունեցանք, ու ընդհանուր ֆիզիկական վիճակը զգացնել տվեց: Հաջող հանդես եկան այն թիմերը, որոնց կազմերում ավելի շատ երիտասարդ խաղացողներ կային, կամ ովքեր ավելի գրագետ բաշխեցին ուժերը»,- նշում է Ալավերդյանը:

Նրա խոսքով, բոլորին գերազանցեց երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված Բելառուսի թիմը, որը 2-րդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը։ Ռուսաստանի փորձառու ընտրանին էլ մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց: Հայ լրագրողները զիջեցին հենց այս թիմերին՝ հաղթելով 5 խաղերում եւ միավորներ կիսելով եւս երկուսում։

Լուսանկարը` Mediamax


Հայաստանի թիմի ավագը պատմում է, որ երեւի պարտավոր էին հաղթել Գերմանիային, որը համարյա բոլորին զիջել էր ու վերջին տեղը գրավել. «Բայց հենց մեզ հետ խաղում փայլեց դարպասապահը, այնպիսի գնդակներ էր փրկում ու հրաշքներ գործում, որ պարզապես անհավանական էր, եւ այդ հանդիպումը ոչ ոքի ավարտվեց: Իսկ Վիլնյուսի թիմի հետ, ինչպես միշտ, դժվար խաղ ստացվեց, նրանք աթլետիկ ֆուտբոլ են խաղում, մենք՝ տեխնիկապես գրագետ, այս անգամ էլ ոչ ոքի արդյունք գրանցվեց»,- պատմում է ավագը:

Գրեթե ամեն տարի փոխվում են հաղթողներն ու 2-րդ մրցանակակիրները, իսկ հայերը շարունակում են պահել իրենց հաստատուն 3-րդ տեղը: Ալավերդյանը նշում է, որ, չնայած կողքից հեշտ է թվում մի քանի ժամում 9 խաղ խաղալը եւ 3-րդ տեղ գրավելը, բայց իրականում բազմաթիվ թիմեր պարզապես երազում են բրոնզե մեդալների մասին:

«Կարող է թվալ, որ մենք պայքարում ենք այլ թիմերի դեմ, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Առաջին հերթին ինքներս մեր օրգանիզմների դեմ ենք պայքարում, մեր թիմի միջին տարիքը 36 է, ունենք 43-44 տարեկան խաղացողներ։ Նման հագեցած օրակարգին չեն դիմանում նույնիսկ շատ երիտասարդներ, իսկ ահա մենք միշտ կայուն ենք ելույթ ունենում։ Մրցաշարի փակման արարողությանը կատակով նույնիսկ առաջարկ հնչեց 3-րդ տեղի մրցանակն այլեւս չխաղարկել եւ ընդմիշտ տալ Հայաստանի թիմին, կամ էլ անվանել այն Հայաստանի անունով»,- ավելացնում է նա:

Լուսանկարը` Mediamax


Թեեւ ֆուտբոլն է միավորում լրագրողներին, բայց նրանց համար առաջնայինը համերաշխության ու եղբայրական մթնոլորտն է: Լրագրողներից շատերն արդեն երկար տարիներ միմյանց ճանաչում են ու մտերմություն անում:

«Այս մրցաշարը կարելի է համարել Եվրոպայի լրագրողների ֆուտբոլի առաջնություն, թեեւ ավանդաբար մասնակցում է նաեւ Եգիպտոսը, որն այս տարի մեծ թիմով ու երկրպագուներով էր եկել: Մենք Հայաստանի վարկանիշը միշտ բարձր ենք պահում: Մեզ որպես ֆավորիտներից մեկն են ընկալում ու գիտեն, որ մեզ հետ հանդիպումները թեժ են լինելու, պայքարելու ենք մինչեւ վերջ: Վերջում էլ անպայման ստանալու են իրենց նվերները, որովհետեւ երբեք դատարկաձեռն չենք գնում, մեր երկիրը նաեւ մշակութային առումով ենք ներկայացնում:

Օգտվելով առիթից՝ մեր թիմին մշտապես աջակցելու համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին է, որը սպորտի եւ հատկապես ֆուտբոլի մեծ բարեկամն է։ Արժե նշել նաեւ Լիտվայի ժուռնալիստների միության՝ ի դեմս Տաուտվիդաս Վինցեվիչյուսի (Tautvydas Vencevičius) ու Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությունը, ովքեր հայ ժողովրդի լավ բարեկամներն են։ Մեզ մեծապես աջակցեց եւ ոգեւորեց նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը։ Իսկ Դրուսկինինկայ քաղաքի հայ համայնքը եւ հատկապես մեր թիմի գլխավոր երկրպագու Մարտինը արեցին ամեն հնարավորը, որպեսզի նույնիսկ լիտվական այդ փոքրիկ քաղաքում մենք մեզ ինչպես տանը զգանք։ Հավատացեք, բոլոր այդ մարդկանց աջակցությունն անհետք չի մնում եւ շատ է ոգեւորում մեզ»,- եզրափակում է Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին