Լարված, հագեցած ու անզիջում պայքար: Ահա թե ինչպես ընթացան այսօր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում Լրագրողների միջազգային երկրորդ մրցաշարի հանդիպումները:
Մրցաշարն այս տարի նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին, մասնակցում էին 8 լրագրողական թիմեր՝ Հայաստան-1 եւ Հայաստան-2, Լատվիա, Ուկրաինա, Լիտվա, Վրաստան, Բելառուս, Ռուսաստան:
Թիմերին ողջունեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը ու նրանց մաղթեց արդար ու առանց վնասվածքների պայքար:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկ որ պայքար կար, մի քանի րոպե անց համոզվեցին ստադիոնում ներկա բոլոր երկրպագուները: Միաժամանակ ընթացող հանդիպումներում ոչ միայն մրցակիցները տեղյակ չէին լինում այլ թիմերի հաշիվներին, այլ նաեւ չէին կարողանում իմանալ, թե ով որ տեղը կզբաղեցնի:
Հայաստանի 1-ին թիմը վստահ հաղթանակով մեկնարկեց, ապա երկու ցավալի պարտություն կրեց: Թվում էր, թե դժվար կլինի հետ բերել կորցրածը, սակայն նրանք կարողացան հավաքվել ու մյուս բոլոր հանդիպումներում կարեւոր հաղթանակներ տարան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արդյունքում, 15 միավորով գրավեցին 2-րդ տեղը, նշենք, որ նախորդ տարի մեր գործընկերները 3-րդն էին:
Հայաստան-2-րդ թիմը ներկայացնում էին Գյումրիի լրագրողները: Նրանք առաջին անգամն էին մասնակցում մրցաշարին: Այս անգամ գրավեցին 7-րդ հորիզոնականը:
Իսկ ահա մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեցին բելառուսները: Բելառուսի լրագրողներն, իսկապես, լավ տեսք ունեինք, մեկը մյուսի հետեւից հաղթանակներ էին տանում: Վերջին խաղում նրանք հանդիպեցին Ուկրաինայի հետ: Հենց այս խաղի հաղթողը կդառնար մրցաշարի հաղթող: Ավելի ուժեղ գտնվեցին բելառուսներն ու նվաճեցին ոսկե մեդալները: Ուկրաինայի թիմն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալներով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչպես ավելի վաղ նշել էին մրցաշարի կազմակերպիչները, վաղը բոլոր թիմերը մեկնելու են Սեւան ազգային պարկ:
Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հովանավորները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ Gold’d Gym մարզասրահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: