Ապրիլ 25, 2024
exclusive
9370 դիտում

Ինչպես Քալաշյանը Հայաստան բերեց ընտրանու դարպասապահներին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am


Հայաստանի հավաքականի կազմում այս օրերին մարզվում ու Մալթայի եւ Մոլդովայի դեմ խաղերին նախապատրաստվում են դարպասապահներ Արսեն Բեգլարյանը, Արամ Հայրապետյանը եւ Վալերի Ոսկանյանը:

Երեքին էլ ժամանակին Հայաստան տեղափոխվելուն ու այստեղ հանդես գալուն նպաստել է ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը:

Mediamax Sport-ի թղթակիցը խոսել է Քալաշյանի հետ, որն էլ պատմել է դարպասապահների մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ես չեմ համագործակցում տղաների հետ, բայց շատ ուրախ եմ, որ ժամանակին բացահայտել եմ նրանց ու համոզել հանդես գալ Հայաստանում, մի պիտանի գործ եմ արել հավաքականի համար:

Լուսանկարը` ffa.am


Արսեն Բեգլարյանը լավ է խաղում ոտքերով, ռեակցիան շատ ուժեղ զարգացած է, սակայն նրա մոտ չի ստացվում դարպասից դուրս գալն ու մրցակցին դիմավորելը:

Բեգլարյանին 2012-ին, երբ նրա թիմը Կրասնոդարում ցրվեց, առաջարկեցի տեղափոխվել Հայաստան ու հանդես գալ Բարձրագույն խմբում, այլ ոչ թե Ռուսաստանի 2-րդ խմբում:

Բոլոր ակումբներին առաջարկում էի իրեն, բայց ոչ ոք չէր հավատում: Ի վերջո, «Գանձասարը» վերցրեց նրան ու կամաց-կամաց Արսենը սկսեց ավելի վստահ զգալ իրեն:

Լուսանկարը` ffa.am


Արամ Հայրապետյանը լավագույն կողմերից կնշեմ դարպասից հաջող դուրս գալը: Այն, ինչ չի ստացվում Բեգլարյանի մոտ, կարողանում է լավ կատարել Հայրապետյանը: Դարպասապահին հատուկ լավ հատկություններ ունի:

Հայրապետյանը Սոչիում էր խաղում, իրեն եւս համոզեցի, որ գա Հայաստան: Նշեցի, որ հավաքականը դարպասապահների խնդիր ունի ու համոզված եմ, որ իրեն կնկատեն մարզչական շտաբից ու կհրավիրեն:

Լուսանկարը` ffa.am


Վալերի Ոսկանյանին կայանալու համար դեռ ժամանակ է պետք, շատ անվստահ է գործում: Լավ ռեակցիա ունի, դարպասապահ դառնալու տվյալները կան, սակայն նրան ժամանակ է պետք:

Ոսկանյանին մոտ երկու տարի համոզում էի Ուկրաինայից տեղափոխվել այստեղ: Գիտեի, որ նա նույնպես վաղ թե ուշ կդառնա հավաքականի անդամ: Կարծում եմ, որ երեքի մեջ էլ կա այն ներուժը, որը կբավարարի իրենց ամբողջովին համապատասխանել ազգային հավաքականի մակարդակին:

Լուսանկարը` ffa.am


Իհարկե, աճ գրանցել են, սակայն ավելի ուժեղ դարպասապահ ունենալու համար պետք է բարձրակարգ առաջնություն: Ցավոք, բայց այսօր մենք չունենք այլ երկրում հանդես եկող դարպասապահներ, իսկ Հայաստանի առաջնությունն այդքան էլ ուժեղ չէ:

Ռոման Բերեզովսկու ներկայությունն արդեն մեծ ոգեւորություն կհաղորդի հենց դարպասապահներին ու նաեւ թիմի այլ անդամներին: Նա շատ բան է տվել հավաքականին, ողջ կարիերան կապված է մեր թիմի հետ, հիմա էլ իր գիտելիքները կփոխանցի երիտասարդներին:

Ես մեր հավաքականի մարզչական շտաբին ու բոլոր ֆուտբոլիստներին մաղթում եմ հաջողություն: Մենք այսօր հաղթանակների կարիք շատ ունենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին