2574 դիտում

Մինասյան. Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Արմենիա հեռուստաընկերության «Ռեւոլյուցիա» հաղորդմանն ու խոսել վերադառնալու պատճառների, Յուրա Մովսիսյանին կրկին թիմ հրավիրելու, Ազգերի Լիգայում լավ հանդես գալու ու իր սկզբունքների մասին:

Վերադարձը հավաքական

Երբ վերադարձա Ղազախստանից 2 տարի «Փյունիկում» տեխնիկական տնօրեն էի, վերջին տարին էլ ՀՖՖ-ում էի այդ պաշտոնը զբաղեցնում: Ուժերս կենտրոնացրել էի պատանեկան ու մանկապատանեկան ֆուտբոլում, քանի որ դա պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքն է: Այդ աշխատանքն ինձ շատ հոգեհարազատ էր, գտնում էի, որ շատ անելիք ունեմ:

Այդ ընթացքում ակումբ գլխավորելու մի քանի առաջարկ եմ ունեցել, բայց մերժել եմ:

Ասում են, որ հիմա հավաքականի համար հեշտ չի, բայց երբեք էլ չի եղել: Նույն իրավիճակն էր նաեւ 2012-ին, երբ առաջին անգամ գլխավորեցի թիմը: Որոշեցի հիմա վերադառնալ, պետք է փորձել ամեն ինչ շտկել:

Իսկ թիմից հեռացել էի, քանի որ ցանկացած մարզիչ էլ զգում է, որ ֆուտբոլում իրեն սպառել է, ուզում էի ակումբում աշխատել, քանի որ այն էականորեն տարբերվում է հավաքականից:

Ազգերի Լիգա

Իմ առջեւ դրված ամենակարեւոր առաջադրանքը ԵԱ-ի եզրափակիչ դուրս գալն է: Դրա համար 2 մրցաշար ունենք ու երկուսով էլ կփորձենք ամեն ինչ անել ուղեգրի համար: Ազգերի Լիգայում դա անելն ավելի հեշտ է, քանի որ վարկանիշով ավելի ցածր թիմեր են, բայց դրա համար մեր առավելագույնը պետք է անենք:

Լուսանկարը` Photolure


Մեծ աշխատանքային պրոցես է մեզ սպասվում, պետք է խաղացողներին հետեւենք իրենց ակումբերում, նոր ֆուտբոլիստների ի հայտ բերենք, Սփյուռքում մեծ ներուժ ունենք, դա էլ օգտագործենք:

Հավաքականի մարզչական շտաբում կլինեն Արթուր Մկրտչյանը, Արտակ Օսեյանը, չի բացառվում նաեւ ֆիթնեսի մարզիչ ընդունենք, իսկ դարպասապահների հետ կաշխատի Ռոման Բերեզովսկին:

Ինքնուրույն գործելը

Ղազախստանից իմ վերադառնալու հիմնական պատճառն ակումբի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունն էր, քանի որ փորձում էր միջամտել իմ աշխատանքին: Մինչդեռ ես միշտ աշխատել եմ իմ ուժերով, իմ կարծիքն ու սկզբունքներն ունեմ, խորհուրդներ ղեկավարը տալիս է, բայց վերջնական որոշումը ես եմ կայացնում:

Ռուբեն Հայրապետյանը գիտի իմ աշխատելաոճը: Շարունակելու եմ հավատարիմ մնալ ինքս ինձ` բոլոր ֆուտբոլային որոշումները մարզչական շտաբն է կայացնելու:

Հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների համար էլ նախապայմաններ ունեմ: Նրանք պետք է առաջին հերթին հայրենասեր լինեն, հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան դա է, թիմում խաղալու ցանկությունը պետք է ներսից բխի: Ինչպես նաեւ ֆիզիկական ու տեխնիկական որակներ են պետք, որ համապատասխանեն միջազգային չափորոշիչներին: Նման որակներով բոլոր խաղացողներն անպայման կհրավիրվեն հավաքական:

Մովսիսյան ու Յուրչենկո

Յուրա Մովսիսյանը վերադարձել է Եվրոպա, դա արդեն մեծ պլյուս է, ԱՄՆ-ի հետ մեծ ժամային գոտիների տարբերություն չի լինի: Վերջին ընկերական հանդիպումներին Արգենտինայից հրավիրվել էր Նորբերտո Բրիասկոն, նրա առաջին հանդիպումը հաջող չէր, քանի որ ադապտացիայի կարիք ուներ: Մենք Յուրային հետեւելու ենք, եթե նախկին որակները ցույց տա, կվերադառնա հավաքական:

Դարպասապահի 4-5 թեկնածու ունենք, դրանցից մեկն էլ Դավիթ Յուրչենկոն է: Այդ հարցը ՀՖՖի նախագահի վերահսկողության տակ է, մոտ օրերին նա կհանդիպի Յուրչենկոյին, հուսամ որոշումը դրական կլինի:

Լուսանկարը` PAN Photo


Մոտիվացիայի կորուստն ու Մխիթարյանը

Երբ ես 2012-ին նոր է ստանձնել ազգային ընտրանու ղեկը, միանգամից 13 ֆուտբոլիստներ երիտասարդականից անցում կատարեցին մեծահասակների թիմ: Նրանք մեծ մոտիվացիայով եկան, աչքերի մեջ կրակ կար, 50 տոկոսը ներքին առաջնությունում էր հանդես գալիս ու բոլորն ուզում էին իրենց դրսեւորել ու արտերկրում հանդես գալ: Արդյունքում այդպես էլ ստացվեց:

Բայց հետո խաղացողների պահանջներն իրենց նկատմամբ նվազեցին, միակ բացառությունը Հենրիխ Մխիթարյանն է, նա հիմա էլ բարձր մոտիվացիայով է գործում: Դա բնավորության ու աշխատասիրության շնորհիվ է: Մխիթարյանը եզակի խաղացող է, նա ունիվերսալ է խաղադաշտում, բայց հատկապես արդյունավետ է, երբ գործում է հարձակման գծին մոտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am