2886 դիտում

Գաբրիել Սարգսյան. Օլիմպիադայի իսկական անակնկալը Հայաստանն էր


Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը կարծում է, որ Օլիմպիադայում հաջող ելույթ ունենալուն ու արծաթե մեդալակիր դառնալուն օգնել է լավ նախապատրաստությունը:


«Մենք Ծաղկաձորում հավաք ունեցանք, որտեղ մեզ շատ ոգեւորեց Սամվելը: Միշտ ասում էր, որ սա մեր կյանքի գլխավոր մրցաշարն է լինելու:

Սկզբից ինձ մոտ լավ չէր ստացվում, որովհետեւ օրգանիզմս դեռ չէր սովորել եղանակին: Հետո արդեն ամեն ինչ տեղն ընկավ, իսկ հանգստյան օրից հետո շատ լավ հանդիպումներ անցկացրի:

Կարծում եմ, որ Եգիպտոսի դեմ խաղը մեծ նշանակություն ունեցավ մեզ համար: Ռոբերտը կարեւոր հաղթանակ տարավ այդ ժամանակ: Եթե այդպես չստացվեր, ամեն ինչ այլ կերպ կընթանար: Իսկ Ադրբեջանի եւ Իսպանիայի դեմ վերջին երկու խաղը շատ վստահ ու հանգիստ անցկացրինք:

Տարբեր հավաքականների կազմերում հայեր էին հանդես գալիս: Բոլորն էլ մեկնարկից առաջ մոտենում էին մեզ, զգում էինք նրանց աջակցությունը, սա եւս օգնում էր:

20 տարի է մեր հավաքականը բարձր մակարդակով է հանդես գալիս, Եվրոպայի, Աշխարհի առաջնություններից ու Օլիմպիադայից մեդալներով վերադառնում: Կարծում եմ, որ մեր երկրի համար սա ֆանտաստիկ արդյունք է:

Շատերը զարմանում են, թե ինչպես Ուզբեկստանի թիմը չեմպիոն դարձավ: Բայց պրոֆեսիոնալ ոլորտի մասնագետների համար դա անակնկալ չէր: Մենք գիտեինք, թե ինչպիսի ուժեղ տղաներ կան թիմի կազմում, ովքեր երիտասարդ են ու շատ տաղանդավոր: Նրանք առաջիկա մի քանի տարում եւս մեծ նվաճումների կարող են հասնել:

Օլիմպիադայի իրական անակնկալը մենք էինք: Պատահական չէ, որ ՖԻԴԵ-ի գործադիր տնօրենն ասել է, որ բոլորի համար Հայաստանի այսպիսի հաջող ելույթն անսպասելի է եղել:

Բայց մենք էլ ունենք լավ երիտասարդներ: Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը կարող են պայքարել ուզբեկների դեմ, որոնց պատանեկան մրցաշարերում ավելի վաղ հանդիպել են: Կարծում եմ, որ Հայկն ու Շանթն առաջիկա տարիներին դառնալու են մեր հավաքականի առաջատարները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին