Ապրիլ 20, 2024
3271 դիտում

Սարգսյան. Մեր արդյունքը չեմպիոնական է, դեռ չէր եղել, որ 19 միավորով 1-ին տեղը չգրավեն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիել Սարգսյանը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող է ու այս տարի առաջին անգամ դարձավ նաեւ արծաթե մեդալակիր:

Նա այս անգամ հանդես էր գալիս առաջին խաղատախտակին ու հիանալի առաջատար դարձավ՝ Հայաստանի հավաքականին տանելով իր հետեւից:

Չեննայից վերադառնալուց հետո Սարգսյանը խոսել է կարեւոր նվաճման, ուժեղ մրցակիցներին հաղթելու, ափսոսանքի զգացման ու Լեւոն Արոնյանի մեծ ներդրման մասին:


«Դժվար էր առաջին տախտակին հանդես գալ, քանի որ այս անգամ իրականում շատ լավ մարզավիճակում էին մրցակիցները՝ Հնդկաստանից Գուկեշը եւ Ուզբեկստանից Աբդուսատորովը, Մագնուսն էլ էր խաղում: Այդ առումով շատ դժվար էր, բայց ուրախ եմ, որ լավ ստացվեց: Շատ էի անհանգստանում իմ տախտակի համար, անկեղծ, չէի պատկերացնում, որ ինձ մոտ կստացվի:  

Մտածում էի, եթե կարողանամ պահել այս տախտակը, թիմը մեդալների համար պայքարելու լավ հնարավորություն կունենա: Բայց ինձ հաջողվում էր նաեւ հաղթել, ինչը տղաներին ավելի շատ վստահություն էր տալիս:

Ընդհանուր առմամբ, նման ուժեղ մրցակիցների հետ խաղալու ու հաղթելու արդյունքում վստահություն եկավ, ինչը շատ կարեւոր էր: Աստիճանաբար սկսվեցի զգալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Իրականում մեր արդյունքը չեմպիոնական էր, դեռ այդպիսի բան չի եղել, որ 19 միավորով որեւէ թիմ առաջին տեղը չգրավի, 18 միավորն էր հաղթանակ բերել: Այս անգամ Ուզբեկստանն էլ շատ լավ խաղաց, իրենց թիմն, իսկապես, ուժեղ է ու երիտասարդ, մեծ ապագա է սպասվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Յուրահատուկ է նվաճումը նրանով, որ թիմն անփորձ էր ու նոր կազմով հանդես եկավ: Մեզ հետ չէին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը:

Չեմպիոն դառնալուց հետո, անկասկած, լրիվ այլ զգացողություն է լինում, հիմա էլ շատ ուրախ եմ, բայց միեւնույն ժամանակ ափսոսանք կա, քանի որ շատ մոտ էինք ոսկե մեդալներին:  

Շատ հնարավոր էր, որ ուզբեկները վերջին տուրում Հոլանդիային չհաղթեին, հավասար հանդիպում էր, մենք ավելի վստահ անցկացրինք մեր պարտիաներն ու շուտ հաղթեցինք, սպասում էինք մրցակցի արդյունքին: Դրա համար էլ բոլոր տղաները ցավում են, որ չհաջողվեց չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենակարեւոր դիմակայություններից մեկը մեզ համար ԱՄՆ-ի հետ էր, քանի որ այս անգամ այն շատ ընդգծված ֆավորիտ էր ու մյուսներից բավական ուժեղ: Անհրաժեշտ էր նրանց դեմն առնել, քանի որ եթե հաջողվեր մեզ հաղթել, դժվար կլիներ հասնել: Շատ կարեւոր էր, որ չզիջեցինք, անգամ շանսեր ունեինք հաղթելու, մեզ հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ը սկսեց վատ խաղալ ու չկարողացավ էլ թափ հավաքել:

Մեզ համար կորուստ էր, որ Լեւոնը չկար, բայց պետք է ասեմ, որ անգամ այս հաղթանակի մեջ նա շատ մեծ ներդրում ունի, քանի որ թիմի բոլոր անդամների հետ երկար տարիներ պարապել է: Մեր ցանկացած ուժեղ շախմատիստի աճում նա շատ մեծ ներդրում ունի: Պարզապես ցավալի է, որ նրա պես մարզիկն էլ Հայաստանը չի ներկայացնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին