Ապրիլ 25, 2024
876 դիտում

Արման Փաշիկյան. Թիմային ոգով էինք խաղում ու միահամուռ ուժերով օգնում իրար


Լուսանկարը` Մեդիամաքս


Արման Փաշիկյանի գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ Համաշխարհային Օլիմպիադայում ու արծաթե մեդալակիր դարձավ:

Այսօր խաղացողները վերադարձել են հայրենիք, ու Փաշիկյանն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր սաների ելույթները:

 

«Մեր թիմը, միանշանակ, լավ մասնակություն է ունեցել, դժվարանում եմ հիշել որեւէ դեպք, որ նախկինում այսքան միավոր վաստակած հավաքականը 2-րդ տեղը գրավեր: Նույնիսկ եղել են դեպքեր, որ ավելի քիչ միավորներով են չեմպիոն հռչակվել: Այս տարի մրցակցությունը շատ մեծ էր, 3 թիմեր էին պայքարում հաղթողի կոչման համար:

 

Շատ մեծ ուրախություն էլ չապրեցինք 2-րդ տեղի համար, ափսոսում էինք, թե ինչու չհաջողվեց չեմպիոն դառնալ: 

 

 

Մենք աշխատում էինք ամեն տուրում հաղթանակ գրանցել ու մոտենալ հաջորդ հանդիպումներին, հեռահար նպատակներ կամ պլաններ չէինք կազմում, գուցե, դա էլ մեզ խանգարեց: Երբ զգացինք, որ մոտ ենք հաղթելուն, լարվածությունը շատացավ ու ի վնաս մեզ գործեց: 

 

Միանշանակ, թիմային ոգի կար, բոլորը միահամուռ ուժերով իրար օգնում էին, երբ Մանուել Պետորսյանը չէր խաղում, ամեն ինչ անում էր օգտակար լինելու համար: Նա, ցավոք , Օլիմպիադայի միջնամասում հիվանդացավ, դրա համար մի քանի խաղ բաց թողեց, բայց կազդուրվելուց հետո Ադրբեջանի հետ մրցապայքարում վերադարձավ:

 

Գաբրիել Սարգսյանի խաղը սկզբում մի քիչ չէր ստացվում, բայց վերջում ֆանտաստիկ գործեց ու այնպիսի հզոր շախմատիստների հաղթեց մեկը մյուսի հետեւից: Ռոբերտ Հովհաննիսյանն էլ շատ լավ հանդես եկավ ու կարեւոր միավորներ վաստակեց: Շատ ուրախ եւ գոհ եմ այս արդյունքի համար»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին