Ապրիլ 23, 2024
6102 դիտում

«Chessify»-ի անդամներն ուրախ են, որ մասնակցելու են եվրոպական գավաթին


Լուսանկարը` Facebook


Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունում օրեր առաջ հաղթողի կոչումը նվաճել էր «Chessify» թիմը:

7 հանդիպումներից 7-ում էլ թիմը տարել էր հաղթանակ ու 14 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Chessify»-ի անդամներից Զավեն Անդրիասյանը նշել է, որ իրենց համար կարեւորն այն ընկերական հարաբերություններն են, որոնք կան թիմում:

«Առաջնությունում հաղթելը հեշտ չէր, բայց սպասելի էր, քանի որ մենք ուժեղ կազմ ունեինք: Պետք է սակայն նկատեմ, որ մյուս ակումբներն էլ բավական ներկայացուցչական էին: Այս տարի առաջնությունը կայացավ երկու փուլով, մասնակցեց 32 թիմ, որոնցից 8-ը՝ եզրափակչում: Շատ կարեւոր է ակումբային առաջնություն ունենալը, լայն մասսաներ են ներգրավվում, իսկ շախմատիստներն էլ ավելի շատ խաղաժամանակ են ունենում»,-ասել է Անդրիասյանը:

Թիմակցի կարծիքը կիսում է նաեւ Հայկ Մարտիրոսյանը, որն առաջին խաղատախտակի վրա գրավել է առաջին տեղը:

«Ակումբային առաջնությունը, ինչպես շատ երկրներում է լինում, պետք է անընդհատ լինի, ոչ թե տարին մեկ անգամ կայանա ու վերջ: Շախմատիստները կմնան լավ մարզավիճակում, բացի այդ էլ թիմային մրցաշարերում լրիվ այլ պայքար է»,-նշել է Մարտիրոսյանը:

Սամվել Տեր-Սահակյանն էլ ընդգծել է, որ ուրախ են հաղթանակի համար, որի շնորհիվ իրավունք են վաստակել հոկտեմբերին ելույթ ունենալ եվրոպական գավաթի մրցաշարում:

«Մենք բոլոր պարտիաներում հաղթանակ տարանք, չնայած մրցակիցներն էլ լավ կազմեր ունեին: Նշեմ, որ 2-րդ տեղը գրավել է Էջմիածինը ներկայացնող «Լոգիկոնը», իսկ 3-րդ՝ Գրոսմայստերական դպրոցի թիմը: Այստեղ լավ շախմատիստներ էին հանդես գալիս, այդ թվում նաեւ գրոսմայստերներ»,-ավելացրել է Տեր-Սահակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին