4516 դիտում

Ինչպես «Armenian Eagles»-ը դարձավ Pro Chess League-ի հաղթող


Լուսանկարը` Արտակ Մանուկյան


Chess.com շախմատային կայքի կողմից 2-րդ տարին կազմակերպված Pro Chess League մրցաշարի հաղթող օրեր առաջ դարձել էր Հայաստանը ներկայացնող «Armenian Eagles» թիմը:

Հայկական թիմի կազմում եզրափակիչ փուլում հանդես են եկել Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը եւ Արտակ Մանուկյանը:

Զավեն Անդրիասյան

Մենք առաջին անգամն էինք մասնակցում այս մրցաշարին: Սամվելը զանգեց ինձ ու ասաց, որ այսպիսի մրցաշար կա, առաջարկեց թիմ հավաքենք ու մասնակցենք: Բացի եզրափակչում հանդես եկած այս չորս շախմատիստից, մեր թիմում խմբային փուլում ելույթ են ունեցել նաեւ Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանը: Կազմը փոփոխվում էր, քանի որ տարբեր ժամանակներում տղաներն այլ մրցաշարերի էլ էին մասնակցում:

Մրցաշարը սկսեցինք ցավալի պարտությամբ, այն էլ հետնապահներից: Պատճառն այն էր, որ այն համընկել էր Հայաստանի առաջնության հետ, ինչի հետեւանքով ոչ ուժեղ կազմ էինք ներկայացրել: Հետո եղան ճիշտ է դժվար, բայց ցանկալի հաղթանակներ: Արդյունքում, կարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:

Այլ շախմատիստներ ակումբներից գումար են ստանում, մեզ համար դա կարեւոր չէր: Մտածեցինք, որ հաղթենք ու մրցանակները ստանանք, դա էլ կլինի մեր աշխատավարձը:

Սամվել Տեր-Սահակյան

Իսկապես, լարված հանդիպումներ ենք ունեցել: Այստեղ հանդես են գալիս Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը: Ես թվեցի միայն ամենաուժեղներից մի քանիսին:

Կիսաեզրափակչում Սենթ-Լուիսի թիմի դեմ դիմակայությունն էր դժվար, բայց կառանձնացնեմ խմբային վերջին խաղը: Այդ օրերին մեր թիմի մեծ մասը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հրանտ Մելքումյանն արագ ավարտեց իր պարտիան ու Բաթումիից կարողացավ օգնել, արդյունքում խաղն ավարտվեց 8:8 հաշվով, եւ «Armenian Eagles»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մեր նպատակն այն էր, որ այս հետաքրքիր մրցաշարում հայկական թիմ լինի ներկայացված, սակայն հետո հասկացանք, որ կարող ենք անել ավելին ու նպատակը դարձավ հաղթանակ տանելը:

Նշենք, որ հայ շախմատիստները եզրափակչում հաղթել էին չինական «Chengdu Pandas»-ին ու ստացել 20 հազար դոլար: Գրոսմայստերները նշում են, որ մայիսին Հայաստանում կայանալու է շախմատի ակումբային առաջնություն, չի բացառվում, որ իրենց թիմը նույնպես կմասնակցի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին