Ապրիլ 24, 2024
3973 դիտում

Անի Հովսեփյան. Բռնցքամարտն իմ կյանքն է, որով ապրում եմ 12 տարի


Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA


12 տարի մարզվելուց հետո Անի Հովսեփյանը վերջապես հասել է նպատակին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Հովսեփյանը ԵԱ-ի 70 կգ քաշային կարգում հավասարը չուներ ու դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը կանանց բռնցքամարտում, որին հաջողվեց մեդալ նվաճել մեծահասակների պայքարում:


Հովսեփյանը զրուցել է IBA-ի պաշտոնական կայքի հետ ու կիսվել տպավորություններով:

«Ես չեմ կարող նկարագրել զգացողություններս: Հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ բռնցքամարտի միջոցով: Ժամանակը, ջանքերն ու դժվարությունները, որոնք ներդրել եմ, պարգեւատրվեցին:

Լուսանկարը` IBA


Կիսաեզրափակչում մենամարտում էի Թամարա Ռադունովիչի հետ, որը հանդես էր գալիս սեփական հարկի տակ եւ ուժեղ ճնշում էր գործադրում: Բայց ամենաբարդ հանդիպումն անցկացրի եզրափակչում, որտեղ մրցում էի Իռլանդիայի ներկայացուցչի հետ: Եզրափակչի մասնակիցների նպատակը մեկն է՝ հաղթել, դրա համար այն առանձնահատուկ դժվար է լինում:

Ես արժանի էի այս հաղթանակին, մինչ այս միջազգային մրցաշարերից ոչ մի մեդալ չէի նվաճել:

Սկսել եմ մարզվել 2011 թվականից, երբ 13 տարեկան էի: Ես Դալարիկ գյուղից եմ: Ծնողներիս ֆինանսական հնարավորությունը չէր ներում, որպեսզի գնայի ու մարզվեի Երեւանում, իսկ Դալարիկում մարզումային ոչ մի պայման չկար:

Լուսանկարը` IBA


Սա շատ ծանր շրջան էր, բայց ես չէի հանձնվում: Ի վերջո, ծնողներիս հաջողվեց լուծել գումարային խնդիրները: Շաբաթը 4 օր բավական երկար ճանապարհ էի հաղթահարում, որպեսզի գամ Երեւան եւ զբաղվեմ բռնցքամարտով: Եթե չլինեին ծնողներս, երբեք չէի հասնի հաջողությունների:

Բռնցքամարտն ինձ համար ուղղակի սպորտ չէ, այն իմ կյանքն է, որով ապրում եմ 12 տարի:

Իմ նպատակներից են Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելն ու հետագայում պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ գրանցելը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին