Ապրիլ 19, 2024
1167 դիտում

ՉԼ-ի եզրափակչից առաջ. Պատմության մեջ մնալու Պեպ Գվարդիոլայի կարեւոր բանաձեւը


Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` inews.co.uk

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` FC Manchester City

Լուսանկարը` Teamtalk

Լուսանկարը` goal.com

Լուսանկարը` FC Manchester City


Այս մրցաշրջանը Պեպ Գվարդիոլայի համար որքան հնարավոր է հաջող է դասավորվել: Նրա «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն դարձել է Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, մարզիչը չի կարողացել զսպել հույզերը, երբ ֆուտբոլիստները բարձրացրել են այն:

Գվարդիոլան 3-րդ մարզիչն է, որին հաջողվել է նույն տարվա մեջ մի քանի անգամ հաղթել Անգլիայի առաջնությունն ու Գավաթը: Նրանից առաջ դա հաջողվել էր միայն Ալեքս Ֆերգյուսոնին եւ Արսեն Վենգերին:

Առջեւում Գվարդիոլային մեծ եզրափակիչ է սպասվում՝ հունիսի 10-ին նրա սաները Ստամբուլում «Ինտեր»-ի հետ մրցելու են Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելու համար: Նա ՉԼ-ում «Բարսելոնա»-ի հետ հաղթել է հեռավոր 2010-2011 մրցաշրջանում:

Այս տարի իսպանացի մարզիչն իրականացրել է իր երազանքներից եւս մեկը՝ դստեր հետ ներկա է եղել Էլթոն Ջոնի համերգին: Նա առաջին շարքերում է եղել ու հիացած հետեւել երգչին: Դեռ 2018 թ. էր ասել, որ երազում է գոնե մեկ անգամ ներկա լինել բրիտանացի երգչի համերգին:

Այնպես որ եզրափակչից առաջ Պեպը լիցքաթափված է ու հանգիստ, ամեն ինչ անելու է «Մանչեսթեր Սիթի»-ին առաջին անգամ Չեմպիոնների Լիգայի հաղթող դարձնելու համար: Բայց մինչ այդ նա մի գաղտնիք է բացահայտել:

Լուսանկարը` FC Manchester City


«Կպատմեմ իմ հաջողության գաղտնիքի մասին: «Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի»՝ Մեսսի, Լեւանդովսկի, Հոլանդ, Ագուերո, հենց նրանք են հաջողության գրավականը: Սիրում եմ մայրիկիս ու պապիկիս, բայց նրանց հետ ոչ մի դեպքում չեմ հաղթի Չեմպիոնների Լիգան»:

Գվարդիոլայի մարզչական մտահաղացումներն ու փիլիսոփայությունը հասկանալու համար հավաքել ենք նրա մտքերը ֆուտբոլի, կյանքի ու իր մասին:

Կյանքը

Փորձում եմ կրքով ապրել ու անտարբեր չլինել կյանքի նկատմամբ: Ինձ համար շատ բաներ են կարեւոր, այդպես է պետք ապրել, այլապես ի՞նչ իմաստ կա:

Հնարավոր չէ բոլորին հաճոյանալ, իմաստ էլ չկա դառնալ այնպիսին, ինչպիսին ուրիշներն են ցանկանում: Ինձ համար կարեւոր է հավատարիմ լինել ինքս ինձ: Ոչ թե տարբերվել, այլ լինել այնքան իրական, որքան դա հնարավոր է:

Ռիսկի չդիմելն ամենամեծ ռիսկն է:

Անհանգստանալն ու հուզվելը նորմալ է, առանց դրա կյանք չի լինում: Պարտավոր չենք իդեալական լինել: Երեխաները մեծանալիս համարում են, որ Ինստագրամի կամ Տիկ-Տոկի համար պարտավոր են կատարյալ դառնալ, հանճար լինել: Երբ սկսում եմ անհանգստանալ, գիտեմ, որ դա նորմալ է, աննորմալ կլիներ, եթե նման բան չկատարվեր հետս:

Եթե իրավացի ես, պետք է հանուն դրա պայքարես ամբողջ աշխարհի դեմ:

Կատարելություն գոյություն չունի ու հնարավոր էլ չէ դրան հասնել, բայց կարելի է ձգտել: Միշտ հնարավոր է ավելի լավ խաղալ:

Լուսանկարը` FC Manchester City


Մարզիչը

Մարզչի աշխատանքի մասին մտածել եմ 25 տարեկանում: Միշտ համարել եմ, որ ֆիզիկական վատ տվյալներ ունեմ, անգամ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես եմ այդքան ժամանակ ֆուտբոլ խաղացել:

Ֆուտբոլը խելահեղ խաղ է, դրա համար էլ իմ կեսը ցանկանում էր, որ ամբողջ կյանքս կապեմ հետը, իսկ մյուսը՝ որքան հնարավոր է հեռու փախչեմ:

Մարզիչը պարզապես ցույց է տալիս ճանապարհի հետագիծը, ավելի կարեւոր է խաղացողների տաղանդն ու վարպետությունը:

Առանց մարզչի էլ կարող են լավ գաղափարներ առաջանալ, բայց հնարավոր չի մրցակցել լավագույն ակումբների ու թիմերի դեմ: Իհարկե, ես եմ գլխավորը, բայց հենց խաղի սկզբում դադարում եմ ազդել ընթացքի վրա:

Մարդիկ հաճախ համարում են, որ մարզիչն ակումբում ամենաուժեղ մարդն է, բայց իրականում նա ամենաթույլն է: Խոցելի ենք, մեր կարգավիճակը խաթարում են հազվադեպ խաղադաշտ դուրս եկեղ ֆուտբոլիստները, ինչպես նաեւ ԶԼՄ-ն ու երկրպագուները: Բոլորի նպատակը մեկն է՝ խանգարել մարզչին:

Պերֆեկցիոնիստ եմ, գործիս բնույթն է այդպիսին:

Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ: Թող մամուլը որոշի, արդյո՞ք կենդանի լեգենդ եմ:

Լուսանկարը` inews.co.uk


Գաղափարները

Իմ մտքերը ֆուտբոլի մասին հատուկ չեն ու մյուսների ունեցածից բնավ էլ լավը չեն: Չեմ ասում. «Սա իմ ֆուտբոլն ու գաղափարներն են, իսկ մյուս մարզիչները ոչինչ են»: Թոնի Պուլիսն, ում շատ հարգում եմ, կարեւորում ու հավատում է թիմային խաղին, ինչի համար նրան չեմ դատում: Ուզում եմ իմ ոճով հաղթել, իսկ մյուսների աշխատանքը հարգում եմ: Երբեք չեմ ասի, որ որեւէ մոտեցում սխալ է:

Ուզում եմ զգալ, որ թիմը հաղթում է այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Եթե այդպես չի անում, էլ ինչո՞ւ եմ այստեղ:

Այնքան ուրախ եմ, որ թիմն ինձ էմոցիաներ է տալիս: Արդյունքն այնքան էլ կարեւոր չէ, պարզապես ինձ չեն քննադատում, ու ժամանակ եմ ստանում թիմով զբաղվելու համար: Ամենաշատն իմ գործի մեջ սիրում եմ հույզեր ստանալ:

Նոր բան ստեղծելն ամենաբարդն է: Իսկ երբ կարողանում ես ու դրա հետ մեկտեղ մյուսներն էլ հետեւում են քեզ, արտակարգ է:

Լուսանկարը` Reuters


Ինձ հաճախ են ասել, թե Անգլիայում որքան բարդ է: Մյուսներն էլ ավելացնում էին. «Պեպը չի կարողանում այնտեղ հարմարվել»: Ահա թե ինչու եմ այստեղ, ուզում եմ փորձել: Բոլորը չէ, որ հավատում էին ինձ, մանավանդ՝ Գերմանիայում համոզված էին, որ իմ ոճը չի համապատասխանում ԱՊԼ-ին:

Խաղացողները

Տանել չեմ կարող, երբ ֆուտբոլիստն ասում է. «Սիրում եմ ազատությունն ու ուզում եմ խաղալ ինձ համար»: Նա պետք է հասկանա, որ թիմի մի մասն է, որտեղ իրենից բացի եւս 10 հոգի կա: Եթե բոլորն այդպես ցանկանան, թիմ չի լինի ու որեւէ բանի հասնելն անհնար կդառնա:

Ես աշխատում եմ ոչ թե ֆուտբոլիստների, այլ մարդկանց հետ: Նրանք ունեն վախեր ու անհանգստություններ: Վախենում են խայտառակ լինել ու 80 հազ. մարդու աչքի առաջ ապուշի տպավորություն թողնել: Պարտավոր եմ նրանց օգնել հասկանալ, որ առանց միմյանց նրանք ոչինչ են:

Մենք սպանում ենք խաղացողներին ու նրանից չափից շատ բան ուզում: Նրանց էլ է ժամանակ պետք շունչ քաշելու համար: Անհնար է 3 օրը մեկ խաղադաշտ դուրս գալ ու միշտ նույնը մնալ:

Լուսանկարը` FC Manchester City


Հաջողության գրավականը ֆուտբոլիստներն են, համոզված եմ, որ ուրիշ խաղացողներով հնարավոր չէր չեմպիոն դառնալ, բայց նրանք կկարողանային հաղթել ուրիշ մարզչի հետ:

Մարդիկ ցանկանում են, որ նրանք զվարճացնեն, այլ ոչ թե խաբեն: Երկրպագուները կարող են համակերպվել վատ խաղի հետ, բայց երբեք չեն հասկանա, եթե ջանքեր չգործադրենք:

Երբեք չեք կարող չհոգնել, եթե ցանկանում եք չեմպիոն դառնալ:

Ինչպես եւ բոլոր մարդիկ, ֆուտբոլիստներն էլ գիտեն, որ իրենց գործում լավագույնն են, բայց այդ մասին երբեմն պետք է հիշեցնել:

Մարտավարությունը

Բոլորը քննարկում են մարտավարությունը, բայց եթե ուշադիր լինեն՝ կտեսնեն, որ մարտավարությունը հենց խաղացողներն են: Ամեն ինչ այնպես ես փոխում, որ թիմը առավելագույն օգուտը քաղի իր կազմում եղած ֆուտբոլիստների տաղանդից:

Ատում եմ բոլոր փոխանցումները, որոնք արվում են պարզապես գնդակը տեղափոխելու համար, այդ ամբողջ տիկի-տական: Դա պարզապես աղբ է ու ոչինչ չի հետապնդում: Փոխանցում է պետք կատարել՝ հստակ նպատակ ունենալով այն հասցնել մրցակցի դարպասի մոտ: Մի հավատացեք, թե «Բարսելոնա»-ն տիկի-տակա է խաղացել, ամեն ինչ սուտ է:

Լուսանկարը` FC Manchester City


Պարտությունները

2017-ին ՉԼ-ում զիջեցինք «Լիվերպուլ»-ին ու դուրս մնացինք, ցավոտ էր մեզ համար: Երբ «Սիթի»-ի հետ առաջին անգամ էինք հանդես գալիս ՉԼ-ում, գիտակցեցի, որ պատրաստ չենք: Ակումբում էլի կային մարդիկ, որոնք համոզված էին՝ լավագույնը չեն: Բայց բոլորը չէ, որ հասկանում են՝ պարտությունը պայքարի մի մասն է:

Պարտություններից երբեմն ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան հաղթանակներից:

Արդարանալն ամենավատ բանն է թե կյանքում ու թե սպորտում:

Աճել օգնում են միայն սխալներն ու պարտությունները:

Չեմպիոնների Լիգան

Մրցաշարը լավ ռեստորանում մատուցված նրբաճաշակ կերակուր է հիշեցնում: Բայց երբ քեզ ամեն օր մատուցում են պիցցա ու համբուրգեր, կենտրոնացվածությունը պահելն այնքան էլ հեշտ չէ:

Համաձայն եմ շատ ԶԼՄ-ի ու մասնագետների հետ, որ մենք ֆավորիտ ենք համարվում առաջիկա դիմակայությունում: Բայց ճիշտ են նաեւ նրանք, որոնք գտնում եմ՝ մեծագույն ակումբներին հավասարվելու համար մեզ միայն հաղթանակ է պետք:

Լուսանկարը` FC Manchester City


Մեծագույն թիմերը Եվրոպայում մեկ անգամ չէ, որ հաղթել են: Եզրափակչից հետո էլ կարծիքս «Մանչեսթեր Սիթի»-ի մասին չեմ փոխելու, բայց պատմության մի մասնիկը դառնալու համար պարտավոր ենք գերազանցել մրցակցին: Լավ ակումբները միշտ հաղթանակի քաղց ունեն՝ ավելի ու ավելի շատին են ձգտում:

Ֆուտբոլը

Ֆուտբոլում միշտ ամենակարեւորը գոլ խփելն է:

Առանց 15 հաջող փոխանցումներից կազմված շարքի պաշտպանությունից հարձակման անցնելն անհնար է, իսկապես անհնար է:

Ուզում եմ, որ իմ թիմը գնդակով լինի բոլոր 90 րոպեների ընթացքում: Երբ այդպես չէ, պահանջում եմ, որ պրեսինգի դիմեն ու այն վերադարձնեն:

Սպորտի գեղեցկությունը նրանում է, որ երբեմն ուրախանում ես, երբեմն էլ՝ արտասվում:

Մենք հիշվում ենք միայն հաղթանակների շնորհիվ, այլապես դառնում ենք անեկդոտների հերոս:

Հաղթանակը միշտ կենսական կարեւոր է՝ նման առաջադրանք է պետք տալ ինքդ քեզ ամեն պարագայում: Եթե մտնես խաղադաշտ ու մտածես, որ մրցակիցն իրենից ոչինչ չի ներկայացնում, կպարտվես:

Լուսանկարը` FC Manchester City


Իմ փիլիսոփայությունը պարզ է՝ չկա գնդակ, չկա փոխանցում, չկա փոխանցում՝ չկա վերահսկողություն, իսկ առանց վերահսկողության չկա ֆուտբոլ:

Հնարավոր չէ վազել ավելի արագ, քան գնդակն է սլանում:

Նստում եմ ու դիտում հանդիպումները, նշումներ անում, հենց այդ պահին գալիս է ոգեշնչումը, պահը, որում իմ մասնագիտության իմաստն է: Ես գիտեմ՝ ինչպես հաղթել, հենց այդ ժամանակ է իմ աշխատանքը նշանակալի դառնում:

Միշտ եմ ուզում, որ թիմը խաղա այն ֆուտբոլը, որին մենք հավատում ենք: Դրանով մեր հարգանքն ենք ցույց տալիս երկրպագուներին:

Երբ հաղթում ես 6:0 հաշվով, դժվար թե որեւէ բան սովորես:

Զիջելով եզրափակչում՝ հնարավոր է լինել աշխարհի լավագույն թիմը, բայց միայն հաղթելու շնորհիվ ես հավերժ դառնում:

Լուսանկարը` FC Manchester City


Հանդիսականներին չես խաբի, եթե խաղը չեն հավանում, չեն ծափահարի:

Ասում են՝ ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ֆուտբոլային ակումբը, այդպես էլ կա:

Անհնար է լավ խաղ ցույց տալ, եթե սեքսով չեք զբաղվում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին