Ապրիլ 25, 2024
2229 դիտում

«Պետք է պայքարել, անգամ եթե ամենափոքր շանսն ունես». «Արեւային տղա» Միխայել Շումախերը


Լուսանկարը` driving.co.uk

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` racingnews365.com

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` driving.co.uk

Լուսանկարը` The Times

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` The Times

Լուսանկարը` driving.co.uk

Լուսանկարը` chinadaily.com.cn

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Fox Sports

Լուսանկարը` The Times

Լուսանկարը` franceracing.fr

Լուսանկարը` franceracing.fr


Հունվարի 3-ին Միխայել Շումախերը դարձավ 54 տարեկան: Նրա տարեդարձը որդին՝ Միքն է շնորհավորել ու Ինստագրամում գրել. «Շնորհավոր ամենալավ հայրիկ: Սիրում եմ քեզ»:



Երկար տարիներ է ավտոարշավորդը կոմայի մեջ է, բայց ընտանիքը չի հուսահատվում ու հավատում է, որ մի օր նրա առողջական վիճակը կարգավորվելու է:

Շումախերը մեծ հետք է թողել մարզաշխարհում, եղել լավագույններից մեկը ու սահմանել բազմաթիվ ռեկորդներ: «Ֆորմուլա-1»-ի պատմության լավագույն ավտոարշավորդի սպորտային ժառանգության ու կայացման ճանապարհի մասին ենք պատմելու:

Պատանի Շումախերը

«Ֆորմուլա-1»-ի ապագա աստղը ծնվել է 1969 թվականին գերմանական Հյուրտ-Հերմյուլհայմ քաղաքում: Նրա հայրը՝ Ռոլֆ Շումախերը, քաղաքի քարտինգի երթուղու ղեկավարն էր, իսկ մայրը՝ Էլիզաբեթը, աշխատում էր դպրոցում: Մեքենաների ու ավտոարշավների նկատմամբ սերը տղային հորից է փոխանցվել: Ընդամենը 4 տարեկան էր, երբ նստեց ղեկին, իսկ 5-ում արդեն փորձառու վարորդի պես էր իրեն զգում ճանապարհին: Ավելի ուշ, սկսեց զբաղվել նաեւ ձյուդոյով ու կարատեով:

Լուսանկարը` franceracing.fr


Հատկապես սիրում էր երթուղի դուրս գալ անձրեւային եղանակին, քանի որ մարդ չէր լինում ու քարտինգի ճանապարհը միայն նրա տրամադրության տակ էր: Հենց այդ ժամանակ էր նա մշակում կտրուկ շրջադարձերն ու 360 աստիճանով պտույտները: Թաց ճանապարհին մեքենա վարելու ունակությունը հետագայում Միխայելին մեկ անգամ չէ, որ օգնել է կարեւոր պահերին:

10 տարեկանից Շումախերը մասնակցում էր ավտոմրցումներում ու հաղթանակներ գրանցում: Աստիճանաբար նրա հոբբին վերածվեց մասնագիտության, ու 14 տարեկանում ավտոարշավորդի որակավորում ստացավ, ինչի շնորհիվ կարողացավ հանդես գալ միջազգային կարգի մրցումներում:

Միխայելի կրտսեր եղբայր Ռալֆը եւս զբաղվել է ավտոարշավով, նա եղբորից 10 տարի անց է մասնակցել մրցումների ու նույնպես հաջողությունների հասել: Նրանք «Ֆորմուլա 1»-ի պատմության առաջին եղբայրներն են, որոնք պատվոհարթակին կագնել են միաժամանակ, ընդ որում՝ նման բան անել հաջողվել է 2 անգամ:

Լուսանկարը` Getty Images


Մրցումները

Շումախերի պրոֆեսիոնալ կարիերան մեկնարկել է 1984-ին: Մինչեւ 1987-ը նա հաղթել է գերմանական ու եվրոպական մի շարք մրցաշարերում, ինչից հետո բազմաթիվ խոշոր ընկերություններ սկսեցին հետը պայմանագրեր կնքել:

«Ֆորմուլա 1»-ում նորամուտը նշեց 1991 թվականին «Ջորդան» թիմի կազմում ու հաջող մեկնարկ ունեցավ՝ 7-րդը հասավ եզրագծին, ինչը նորեկի համար բավական տպավորիչ էր: Շումախերը պատահական էր մասնացել այդ օրվա արշավին՝ վարորդներից մեկը տաքսու վարորդի հետ վեճի պատճառով բանտում էր հայտնվել ու նրան արագ փոխարինող էին փնտրում: Շումախերի մենեջերն ամեն ինչ կազմակերպեց, արշավորդը միայն մեկ շանս ուներ իրեն ցույց տալու ու անձրեւի տակ անծանոթ երթուղին հիանալի անցավ, նրան առանց վարանելու ընտրեցին:

Դրանից հետո հեռանկարային ավտոարշավորդին առաջինը նկատեց «Բենեթոն» ակումբի տնօրեն Ֆլավիո Բրիատորեն ու կարողացավ նրան իր թիմ տանել: Հենց այնտեղ էլ Շումախերը ստացավ «Արեւային տղա» մականունն իր պայծառ ժպիտի ու վառ դեղին կոմբինիզոնի համար:  

Լուսանկարը` franceracing.fr


Մեկ տարի անց առաջին հաղթանակը տարավ «Ֆորմուլա 1»-ում, «Բենեթոն»-ում 4 տարի ելույթ ունենալու ընթացքում միայն 2 անգամ է 4-րդ տեղից վատ արդյունք գրանցել, դա էլ պատահել է մեքենայի տեխնիկական անսարքության պատճառով:

1995-ին պայմանագիր կնքեց «Ֆերրարի»-ի հետ, որը մինչ այդ 17 տարի շարունակ անհատական պայքարում ոչ մի մրցարշավում չէր հաղթել:  Հենց առաջին տարում Շումախերն իտալական թիմին 3 հաղթանակ բերեց ու 3-րդ տեղը անհատական հաշվարկում: Դրանից հետ նրա մականունը փոխվեց ու հայտնի դարձավ «Կարմիր բարոն» անունով:

«Ֆերրարի»-ին օգնեց 1983 թվականից հետո առաջին անգամ դառնալ World Constructors' Championship-ի հաղթող, իսկ 2000 թվականին Ճապոնիայում կայացած Գրան Պրիում 3-րդ անգամ չեմպիոն հռչակվեց: Մեկ տարի անց Շումախերը «Ֆորմուլա 1»-ում նորից հաղթեց ու գերազանցեց Գրան Պրիներում Ալան Պրոստի ունեցած ռեկորդը: 2004 թվականին նա 7-րդ անգամ հաղթեց «Ֆորմուլա 1»-ում ու նվաճումների քանակով ավտոարշավի պատմության ամենաարդյունավետ մարզիկը դարձավ:

Լուսանկարը` franceracing.fr


Շուտով նաեւ ունեցավ առաջին ձախողումը: Առաջատարությունը մրցարշավում ստանձնեց «Ռենո»-ի թիմը, որը վստահորեն շրջանցեց «Ֆերրարի»-ին: Չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ֆերնանդո Ալոնսոն, Շումախերն էլ անակնկալ կերպով ընդամենը 3-րդն էր:

2006-ին Ալոնսոն նորից հաղթեց, գերմանացին էլ հայտնեց, որ մրցաշրջանի ավարտին թողնելու է սպորտը, բայց մնաց «Ֆերրարի»-ում որպես փորձագետ: Շուտով նա 3-ամյա պայմանագիր կնքեց «Մերսեդես»-ի հետ, բայց 2010-ին զիջեց թիմակից Նիկո Ռոսբերդին՝ առաջին անգամ կարիերայում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը: 2012 թվականին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շումախերը հայտարարեց, որ պաշտոնապես ավարտում է կարիերան:

2010-ին արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանին, գերմանական GQ ամսագիրը նրան տարվա մարզիկ է ճանաչել: 2012-ին բելգիական Սպա քաղաքը Շումախերին պատվավոր քաղաքացու ու «Սպորտի լեգենդ»-ի կոչումներ է տվել:

Լուսանկարը` racingnews365.com


Անձնական կյանքը

Ապագա կնոջ՝ Կորինա Բետչի հետ Շումախերը ծանոթացել է աղմկոտ երեկույթի ժամանակ, որին գեղեցկուհին եկել էր իր սիրելիի ու կրկին ավտոարշավորդ Հայնց-Հարալդ Ֆրենտցենի հետ: Միխայելը շիկահեր Կորինային սիրահարվեց առաջին հայացքից, թեեւ ինքն էլ նրա դուրը եկավ:

Կարճ ժամանակ անց սկսեցին հանդիպել, իսկ ամուսնացան 1997 թվականին: Ամեն ինչ բարեհաջող դասավորվեց, նույն տարում ծնվեց զույգի դուստրը, որին Ջինա-Մարիա անունը տվեցին, իսկ 2 տարի անց ընտանիքը համալրեց նաեւ որդին՝ Միքը: Հանուն ընտանիքի Կորինան թողեց ձիասպորտը, որով մինչ այդ զբաղվում էր:

Շումախերները բնակություն հաստատեցին շվեյցարական փոքրիկ Վուֆլենս լե Շատո քաղաքում, որը Ժնեւի լճի մոտակայքում է գտնվում: Երեխաներն էլ ծնողների պես սիրեցին սպորտն ու սկսեցին զբաղվել: Միքը տարվեց ավտոարշավներով, իսկ դուստրը մոր պես՝ ձիասպորտով, նա 2 անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն:

Լուսանկարը` franceracing.fr


Ամեն ինչ այդպես երջանիկ էլ կմնար, եթե չլիներ 2013-ին դժբախտ պատահարը: Շումախերն Ալտիական Մարբիել լեռնադահուկային հանգստավայրում բախվեց քարի եւ նրան սաղավարտը փրկեց, այլապես կմահանար հենց տեղում:

Կոման

Սկզբում ավտոարշավորդի առողջական վիճակի հետ կապված մտավախություններ չկային, շատ ԶԼՄ-եր անգամ հայտնեցին, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Սակայն հետագայում վիճակը վատացավ ու հայտնվեց կոմայի մեջ:

2014-ին մի շարք բուժումներից հետո Միխայելին տեղափոխեցին տուն ու լուրեր տարածվեցին, որ առաջին անգամ դուրս է եկել կոմայից: 2016-ին նրա ընտանիքը բուժման նպատակով արդեն ծախսել էր 16 մլն եվրո, բայց անօգուտ: Գումար ձեռք բերելու համար վաճառեցին Նորվեգիայում գտնվող տունն ու Շումախերի ինքնաթիռը, թանկ սարքավորումներ էին պետք, որպեսզի հնարավոր լինի նրան կենդանի պահել:

Լուսանկարը` driving.co.uk


Տանը Շումախերի խնամքով զբաղվում էր 15 հոգանոց բժշկական թիմը: Հիվանդությունն ու մշտապես անշարժ վիճակում լինելն աստիճանաբար սկսեցին ազդել ընդհանուր ֆիզիկական վիճակի վրա՝ հասակը 170 սմ հասավ 160-ի, իսկ քաշը՝ 74-ից 45-ի:

Ընտանիքն ամեն ինչ անում է, որ շարունակի ապրել ու չի կորցնում հույսը, որ մի օր վերջապես իրեն ավելի լավ կզգա: Ակտիվ են պահել Շումախերի ինստագրամյան էջն ու այն պարբերաբար թարմացնում են կարիերայի հիշարժան պահերի նկարներով:

Վիճակը հիմա

Ավտոարշավորդը շարունակում է կոմայում մնալ, հայտնի է միայն, որ սկսել է էմոցիաներ արտահայտել: Այն բանից հետո, երբ կինը ցույց է տվել լեռնային տեղանքի նկար, նրա աչքերին արցունքներ են հայտնվել: Բժիշկներն այդ փաստը բուժման առաջընթաց են համարել:

2019-ին Շումախերը տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալ, նրան ցողունային բջիջների փոխպատվաստում են արել: Մասնագետները նշում են, որ այդ ամենը դրական արդյունք է տվել, գիտակցությունը բարելավում է նկատվել: Շումախերին այցելության են գնացել «Ֆերարրի»-ի սպորտային տնօրեն ու նրա մտերիմ ընկեր Ժան Տոդտը, գործընկերներ Ալեն Պրոստն ու Ժան Ալեզին եւ որդին:

Լուսանկարը` The Times


2020-ին Տոդտը, որը մտերիմ է արշավորդի ընտանիքի հետ, հայտնել է, որ լուրջ առաջընթաց բուժման մեջ չկա, սակայն ընտանիքը հույսը չի կորցնում: «Նա պայքարում է»,- ասել է Տոդտը:

Լավատեսությամբ լի մտքերը

Զրույցների ընթացքում ու կյանքում Շումախերի արտահայտած մտքերը ցույց են տալիս, թե որքան լավատես, չհանձնվող ու համառ մարդ է եղել նա: Հիմա էլ կռիվ է տալիս կյանքի հետ ու փորձում չհանձնվել: Ավտոարշավորդի իսկական բնավորությունն ու մարկային որակներն երեւում են այս տողերում:

Ադրենալինն ու ավտոարշավն անհամատեղելի են: Եթե ադրենալինային հարված ստանաս այն պահին, երբ վերջին շրջանն ես կատարում, այդ ամենը լավ ավարտ չի ունենա: Հաղթում են միայն նրանք, ովքեր սառն են ու հանգիստ:

Ամենասարսափելի բանն այն է, երբ սկսում ես քեզ համեմատել որեւէ մեկի հետ:

Եթե զայրանում ես, երբ ընկերներդ հաղթում են, ամենայն հավանականությամբ, դու ընկերներ չունես:

Լուսանկարը` franceracing.fr


Ինչ-որ բանի հասնելով՝ դատարկություն ես զգում, բայց հենց դա է քեզ ստիպում նորից հաղթել:

Մեծագույն հաղթողներ են դառնում մեծագույն անհաջողակները:

Ոմանք ծնվում են, որ հաղթեն, բայց դա ձանձրալի է, ես ծնվել եմ, որպեսզի մրցակցեմ:

Միշտ հավատացել եմ, որ երբեք հանձնվել չի կարելի: Պետք է շարունակել պայքարել, անգամ եթե ամենափոքր շանսն ունես:

Ոչ մի բան տարիքի հետ հեշտ չի դառնում:

Լուսանկարը` franceracing.fr


Ռեկորդներ սահմանում եմ միայն նրա համար, որ մի օր դրանք գերազանցեն, իսկ եթե չես ցանկանում, ապա ինքնասիրահարված սրիկա ես:

Ամեն մեկս մեր ժամանակի արտադրանքն ենք եւ միայն քչերը՝ նրա բնորոշումը:

Կարեկցանքի ստանալը բավական հեշտ է, իսկ նախանձին՝ պետք է կարողանալ արժանանալ:

Պարտությունը կարող է շատ ավելին սովորեցնել, քան հաղթանակը, այդ մասին չգիտեի իմ կարիերայի առաջին հատվածում:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին