4256 դիտում

էմոցիոնալ ու սնահավատ. Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը


Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` ESPN

Լուսանկարը` CNN


Առաջիկա ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլն անցնելու ենք ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, որի նշանակման մասին ՀՖՖ-ն հայտնեց հունվարի 14-ին:

Ընտրությունը կայացրել է Գործկոմն ու բոլոր թեկնածուներից հենց նրան տվել նախապատվությունը, մյուսների անունները հայտնի չեն:

Խոակին Կապառոսի հեռանալուց հետո կարճ ժամանակ հավաքականը վստահվեց Ռոման Բերեզովսկուն, որի հետ ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներ ունեցան: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին Պետրակովը ժամանելու է Հայաստան, որպեսզի պայմանագիր կնքի: Ընտրական փուլը հայերի համար սկսվելու է մարտի 25-ին Երեւանում՝ Թուրքիայի դեմ խաղով:

Լուսանկարը` insidethegames.biz


Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին Կիեւում: Նա մանկուց է սիրել ֆուտբոլը, դրա համար էլ ծնողները որոշել են տանել «Դինամո»-ի մանկապատանեկան խմբակ: Աստիճանաբար բարելավել է որակներն ու երիտասարդական ֆուտբոլում կողմնորոշվել խաղային դիրքի հետ կապված՝ հանդես գալով պաշտպանությունում:

1976 թվականին ընդգրկվել է «Լոկոմոտիվ»-ի կազմում, մինչեւ 80-ականների սկիզբը եւս 4 խորհրդային ակումբներում է խաղացել ու 8 տարվա ընթացքում որոշակի հաջողությունների հասել: Նա ընդհանուր առմամբ 250 պաշտոնական հանդիպում է անցկացրել, իսկ 26 տարեկանում անսպասելիորեն ավարտել կարիերան բժշկական սխալի պատճառով:

Հերթական ստուգումներից մեկի ժամանակ բժիշկների անփութության արդյունքում վարակվել է ինֆեկցիայով, որը վատ է անդրադարձել հատկապես ոտքի վրա՝ ստիպված էր մոռանալ ֆուտբոլ խաղալու մասին: Այդ խնդրի պատճառով նրա ոտքերի երկարությունը մի քիչ տարբեր է ու թեթեւակի կաղում է:

Լուսանկարը` insidethegames.biz


Սակայն ֆուտբոլից հեռանալ չցանկացավ ու մարզչական գործունեություն սկսեց՝ հատկապես հմուտ էր երեխաների հետ աշխատելու հարցում: Պետրակովը բավական տաղանդներ է բացահայտել եւ օգնել նրանց ընդգրկվել Ուկրաինայի տարբեր տարիքային թիմերում:

Խոստովանել է, որ իրեն որպես մարզիչ կայանալ օգնել է խորհրդային ֆուտբոլիստ Վլադիմիր Լոզինսկին: Պետրակովն աշխատել է Ուկրաինայի 2-րդ դիվիզիոնում, ապա մարզել երեխաներին, հենց այդ ժամանակ էլ նրա մասնագիտական որակները լիովին բացահայտվել են: 2001-ին վերադարձել է հարազատ ակումբ, որտեղ ինքն է առաջին քայլերը կատարել: 4 տարի անց մարզել է Իվան Պոդդուբնիի անվան քոլեջի ֆուտբոլային թիմը: Քոլեջն Ուկրաինայի հենակետային սպորտային կառույցներից է, այնտեղ են պատրաստում երկրի ուժեղագույն օլիմպիական մարզիկներին:   

Աշխատելու ընթացքում Պետրակովի տաղանդը նկատել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ու հրավիրել մարզել 16-20 տարեկանների ընտրանուն: Նրա ջանքերի շնորհիվ ուկրաինացի երիտասարդները միջազգային ասպարեզում հաջողությունների են հասել՝ 2014-ի Եվրոպայի պատանեկան ԵԱ-ում 5-րդ տեղն են գրավել, 4 տարի անց էլ հասել նույն մրցաշարի կիսաեզրափակիչ:

Լուսանկարը` Reuters


Պետրակովի հետ Ուկրաինայի երիտասարդական ընտրանին 2019 թվականին երկար սպասված հաղթանակի է հասել Աշխարհի առաջնությունում: Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան նրան ընդգրկել է 25 լավագույն մարզիչների ցանկում: Հայրենիքում նրան պետական պարգեւներ են շնորհել:

2021-ի օգոստոսին Պետրակովին նշանակել են Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Նոյեմբերի 17-ին, այն բանից հետո, երբ հավաքականին ԱԱ-ի անցումային խաղեր է դուրս բերել, գլխավոր մարզիչ է դարձել: Նրան ներկայացնելիս Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ թեկնածությանը հավանություն է տվել գործկոմն ու մարզիչը բավականաչափ հեղինակություն ունի հավաքականը մարզելու համար:  

Պետրակովն իր հերթին ընդգծել էր, որ կանի հնարավորը, որպեսզի հավաքականը հանդես գա Աշխարհի առաջնությունում: Նա նաեւ պատմել էր, որ պատասխանատու աշխատանքի պատճառով կորցրել է քունը:

«Ուկրաինայի հավաքականում հարմարվելը չափազանց դժվար էր ինձ համար, բայց տղաները շատ են օգնել, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Բոսնիա եւ Հերցեգովիայի հետ խաղից հետո հավաքվել ենք ու նրանց հայտնել եմ իմ շնորհակալությունը: Չեմ կարող ասել, որ Անդրեյ Շեւչենկոն ուժեղ հավաքական է թողել, դրա մասին թող դատեն լրագրողները: Իմ մասին էլ վերջին շրջանում շատ վատ խոսքեր են գրվել, բայց մարդիկ չեն հասկանում, որ ինձ վիրավորելով, վիրավորում են նաեւ հավաքականը: Մենք հիմա մի ընտանիքի պես ենք, եթե խաղացողներից մեկի մասին նման խոսքեր հնչեն, կպաշտպանեմ նրան, նույնն էլ ֆուտբոլիստներն իմ մասին են ասել: Սկզբում շատ էի նայում հաղորդումներ, կարդում թերթեր, սակայն հետո դադարեցի՝ սովորական մարդիկ նման խորհուրդ տվեցին:  

Լուսանկարը` ESPN


Հավաքականում անցկացրած ժամանակահատվածն ընդմիշտ կմնա որպես լավ հիշողություն: Ձգտում էինք հաղթանակներ տանել եւ մեր երկրին իր նորագույն պատմության ամենածանր օրերին մի քիչ ուրախություն նվիրել»,- իր աշխատանքի մասին ասել է Պետրակովը:

Ուկրաինայի հավաքականից նա պաշտոնապես հեռացել է հունվարի 12-ին, իսկ դրանից 2 օր անց հայտնի է դարձել նոր նշանակման մասին:

Մարզչի ծանոթների խոսքով, կյանքում ու աշխատանքում բավական էմոցիոնալ է, հույզերը չի թաքցնում խաղադաշտում, ֆուտբոլիստների հետ խաղից հետո խոսակցությունների ժամանակ ու ամենօրյա շփման ընթացքում:

Նշվում է նաեւ, որ Պետրակովը սնահավատ է՝ խաղերից առաջ չի սափրվում ու կրում է հաջողակ շապիկներ: Կարեւոր մրցումներից առաջ էլ եկեղեցի է գնում ու աղոթում:

Լուսանկարը` CNN


Ռուսաստանը դիմել էր ՈւԵՖԱ-ին ու պահանջել որակազրկել Պետրակովին պատերազմի մասին իր հնչեցրած խոսքերի համար: Նա պատրաստակամություն էր հայտնել պատերազմել հանուն իր երկրի: Ռուսները մարզչին մեղադրել էին «իրենց նկատմամբ խտրականություն քարոզելու ու քաղաքական չեզոքություն պահպանելու անկարողության մեջ»:

«Մտածել եմ, որ եթե հասնեն Կիեւ, ինքս էլ զենք կվերցնեմ ու կպաշտպանեմ իմ քաղաքը: 64 տարեկան եմ ու նորմալ եմ համարում այդպես վարվելը: Մտածում եմ, որ կարող էի 2-3 թշնամի սպանել»,- ասել էր Պետրակովը:

ՈւԵՖԱ-ն բողոքը չէր ընդունել ու համարել էր, որ ուկրաինացի մասնագետը պարզապես հայրենասիրություն է դրսեւորել:
 
Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին