Ապրիլ 20, 2024
1103 դիտում

«Մեծ սրտով անհավանական մարտիկները». Ճապոնիան՝ երազանքի ճանապարհին


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Երբ Աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո Ճապոնիայի ընտրանին ընդգրկվեց Իսպանիայի ու Գերմանիայի հետ նույն խմբում, եզակիները ասիական այս ընտրանուն կհամարեին ֆավորիտ:

Սակայն Կատարում Խաձիմե Մորիյասուի թիմը բոլորին զարմացրեց իր անկեղծությամբ ու նվիրվածությամբ: Նախ այն վստահ հանդիպում անցկացրեց ու հաղթեց 2014-ի Աշխարհի չեմպիոն Գերմանիային, ապա գերազանցեց 2010-ի ոսկե մեդալակիր Իսպանիային:

Լուիս Էնրիկեի թիմը համարվում էր այս Մունդիալի ֆավորիտներից մեկը, իր երիտասարդ ու հեռանկարային կազմի առումով այն տարբերվում էր մյուս հավաքականներից, սակայն Ճապոնիան ցույց տվեց այդ ընտրանու շատ թերություններ:

Առհասարակ E խումբն ամենադրամատիկն էր առաջնությունում, զուգահեռ անցկացվող վերջին հանդիպումների հաշիվների փոփոխության ընթացքում թիմերի դասավորությունը փոխվեց 8 անգամ: Մի բան պարզ էր՝ Ճապոնիայի, Իսպանիայի, Գերմանիայի ու Կոստա Ռիկայի հետ ոչ մի դեպքում չենք ձանձրանա:

Լուսանկարը` FIFA


Այս առաջնությունում Ճապոնիան հատկապես փայլում է 2-րդ խաղակեսերում, այդպես եղավ Գերմանիայի դեմ, ապա նաեւ՝ Իսպանիայի: Ընդմիջումից հետո փոփոխությունների շնորհիվ ճապոնացիները կերպարանափոխվում են, իրենց մեջ պայքարի անհավանական ուժ գտնում ու մեծ կամք դրսեւորում:

Ճապոնացիներին ամենաճիշտը բնորոշել է թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը. «Շնորհավորում եմ Ճապոնիային: Դուք՝ տղաներ, մեծ սրտով անհավանական մարտիկներ եք: Շարունակեք աշխատել ու ավելի մեծ բանի մասին երազել»:

Առաջնությունում դեռ ոչ մի ընտրանու չի հաջողվել 2 անգամ նման կերպ փրկել խաղն ու հաղթողի դերում ավարտել այն, ինչպես Ճապոնիան: Դժվար է պատկերացնել, թե ինչ է հանդերձարանում իր տղաներին ասում Մորիյասուն, բայց նրա խոսքերը տեղ են հասնում: Թեեւ Իսպանիայի հետ խաղում նրանք ԱԱ-ի հակառեկորդ են սահմանել ու ընդամենը ժամանակի 18 %-ը գնդակով եղել, բայց ամեն դեպքում իրենց նպատակին հասել են: Բացի այդ էլ Ճապոնիան հաղթանակ գրանցած միակ ընտրանին է, որի մրցակիցը 700-ից ավել փոխանցում է կատարել:

Լուսանկարը` FIFA


54-ամյա Խաձիմե Մորիյասուն մինչ 2018 թ. ազգային ընտրանին մարզելը, գլխավորել է երկրի Օլիմպիական թիմը, մինչ այդ էլ մարզել է երիտասարդական հավաքականն ու աշխատել ճապոնական ակումբային ֆուտբոլում:

«Անկախ նրանից, թե ցանկացած խաղում ինչպես ենք ելույթ ունենում, մյուսի ժամանակ պետք է ձգտենք ավելի լավը դառնալ: Մենք Ճապոնիայի ֆուտբոլային երկար պատմության մի մասն ենք, այն կերտել են մեծագույն խաղացողները, դրա համար երբեք չենք կարող հուսախաբվել, որ ժամանակին որեւէ բան չի ստացվել: Մարդիկ տարբեր կերպ են մտածելու մեր աշխատանքի մասին՝ կարող են քննադատել, գովել, բայց շարունակելու ենք ցույց տալ ճապոնական ոգին ու հպարտությունը, չենք դադարելու պայքարել:

Ուզում եմ, որ տղաները շարունակեն լավ հանդես գալ, որպեսզի բարձրացնեն իրենց արժեքը ճապոնացիների մոտ ու նրանց միայն ուրախություն փոխանցեն: Որեւէ ճնշում չեմ զգացել Գերմանիայի կամ էլ Իսպանիայի դեմ խաղից առաջ, ամբողջ աշխարհն ուշադիր հետեւում է եվրոպական ֆուտբոլին, բայց մեր միջեւ եղած տարբերությունն աստիճանաբար քչանում է: Ճապոնիայի նպատակն է հաղթել 2050 թվականի առաջնությունում, ուզում էինք, որ Իսպանիայի դեմ խաղը ոչ միայն ցույց տա, թե ինչի ենք ընդունակ հիմա, այլ նաեւ ապագայում ինչերի կարող ենք հասնել»:

Լուսանկարը` FIFA


Ճապոնիայում ֆուտբոլն առավել հայտնի է դարձել 1960-ականներին, 1964-ին Տոկիոյում պետք է կայանային Օլիմպիական խաղերն, ու մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ: Երկրի ազգային ընտրանին մասնակցեց խաղերին, հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ ու զիջեց Արգենտինային: Երկրում առավել սիրված էր բեյսբոլն ու մարդիկ ֆուտբոլին մեծ ուշադրություն չէին դարձնում:

Խաղերի հաջորդ տարին ձեւավորվեց Ճապոնիայի ֆուտբոլային Լիգան, որում հանդես եկան 8 թիմեր: Բայց մարդիկ միեւնույն է նախընտրում էին դիտել բեյսբոլի խաղեր, ստադիոններ նրանց բերելն այնքան էլ հեշտ չէր: Բոլոր թիմերը հիմնականում սիրողական էին, իսկ ֆուտբոլիստները զուգահեռ աշխատում էին ակումբների տերերին պատկանող այլ ընկերություններում՝ «Տոյոտա», «Հիտաչի», «Միցուբիշի»:

Ամենանշանակալի տարին դարձավ 1968-ը, երբ Մեխիկոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիայի ընտրանուն հաջողվեց դառնալ բրոնզե մեդալակիր, բայց մեկ է, երկրում թիվ մեկ թիմային մարզաձեւը շարունակում էր մնալ բեյսբոլը:

Լուսանկարը` FIFA


Ճապոնիան շատ երկար ու դժվար ճանապարհ անցավ, մինչեւ որ կարողացավ ունենալ պրոֆեսիոնալ առաջնություն: Դրան մեծապես նպաստեց 1986 թ. Յասուխիկո Օկուդերայի տեղափոխությունը գերմանական ակումբից հայրենիք: Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան ստիպված էր նրան պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակ տալ, մինչ այդ երկրում ընդամենը 2 նման ֆուտբոլիստ կար: Հաջորդ տարի պրոֆեսիոնալների թիվը հասավ 57-ի ու գնալով միայն ավելացավ:

Ապա աստիճանաբար ճապոնական ակումբները սկսեցին վստահ հանդես գալ Ասիայի առաջնությունում ու ֆուտբոլը երկրում վերելք ապրեց:

Երկար պատմություն ու ավանդույթներ ասելով, Խաձիմե Մորիյասուն նաեւ այս ամենը նկատի ուներ: Հիմա հավաքականի խաղացողները ելույթ են ունենում եվրոպական տարբեր ակումբներում, հատկապես մեծ թիվ են կազմում Բունդելսիգայում հանդես եկողները:

Ինքը Մորիյասուն սկսել է ֆուտբոլ խաղալ 1987 թվականին ու չի կարողացել 22 տարեկանում իր վրա սեւեռել ՄՅՈւ-ի ուշադրությունը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավանել նրան ու հրաժարվել է ձեռք բերել: Մորիյասուն վերադարձել է հայրենիք ու 14 տարի անցկացրել նույն ակումբում:

Լուսանկարը` FIFA


Նա առավել հայտնի է որպես ամենախելացի ֆուտբոլային մարզիչներից մեկն ու միշտ հանդիպումներին կոստյում է կրում: Նրա 2 որդիները եւս ֆուտբոլ են խաղում:

Մարզիչը շատ երկար ճանապարհ է անցել ԱԱ-ում հայտնվելու համար: 1994 թվականին Ճապոնիայի հավաքականում է եղել ու մասնակցել Իրաքի դեմ հանդիպմանը, որն առավել հայտնի է «Դոհայի հոգեվարքը» անունով: Այդ խաղում ճապոնացիներին միայն հաղթանակ էր պետք, մինչդեռ գրանցվեց 2:2 հաշիվն ու չկարողացան ուղեգիր նվաճել: Եվ ով կարող էր պատկերացնել, որ 28 տարի անց նույն Դոհայում ԱԱ-ի 1/8 եզրափակիչ կանցնի նրա գլխավորած ընտրանին:

«Անչափ շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին, Ճապոնիայի մարդկանց աջակցության համար: Բոլորիդ շնորհիվ է, որ կարողացանք հաղթել: Ուրախ եմ, որ ձեզ նվիրեցինք նման պահեր, հիմա մեր նպատակը քառորդ եզրափակիչ հասնելն է: Մեր ֆուտբոլիստները միջազգային ասպարեզում պայքարի նոր մակարդակ են ցույց տալիս ու նպատակ ունենք սեփական ռեկորդը գերազանցել՝ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը»,-ասել է Մորիյասուն:

Իսկ դա անելու համար ճապոնացիները դեկտեմբերի 5-ին պետք է հաղթեն Խորվաթիային:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին