Ապրիլ 20, 2024
1334 դիտում

Երջանիկ եւ հիացած. Ինչու են երեխաները ֆուտբոլիստներին ուղեկցում խաղադաշտ


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Ajax

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA


Եթե դուք ֆուտբոլի սիրահար եք ու փոքր տարիքից հետեւել եք այս հրաշալի խաղին, հաստատ երազել եք դաշտ դուրս գալ ձեր սիրած ֆուտբոլիստի ձեռքից բռնած: Կարելի է պատկերացնել երեխաների ուրախությունը եւ հուզմունքը, ովքեր ունեցել են այդպիսի փորձ ու մոտիկից են տեսել այս կամ այն աստղին:

Mediamax Sport-ը պատմում է այն երեխաների մասին, ովքեր այդքան ոգեւորված ուղեկցում են ֆուտբոլիստներին դեպի խաղադաշտ:

Լուսանկարը` FIFA


Արարողակարգն այդքան էլ հին պատմություն չունի եւ սկիզբ է առել 1990-ականներին: Այդ ժամանակ յուրաքանչյուր թիմի ուղեկցում էր միայն մեկ երեխա:

2000-ականների սկզբին այն արդեն ստացավ մասսայական բնույթ եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուներ ուղեկցող:

ԵՎՐՈ-2000-ը դառնում է առաջին խոշոր մրցաշարը, որն ընդունում էր երկու երկիր՝ Բելգիան եւ Նիդերլանդները: Սակայն այս առաջնությունն աչքի է ընկնում եւս մեկ նորարարությամբ՝ առաջին անգամ ազգային հավաքականների ֆուտբոլիստները դաշտ են դուրս գալիս երեխաների ուղեկցությամբ:

Լուսանկարը` FIFA


Երեւույթը շատ ջերմ է ընդունվում մարդկանց կողմից, իսկ ՖԻՖԱ-ն սկսում է աշխատանքներ տանել այն զարգացնելու ուղղությամբ: Պայմանագիր է կնքում ՄԱԿ-ի մանկական ֆոնդի հետ ու գործարկում «Երեխաներին ասա այո» խորագիրը կրող ակցիան:

2002-ի Աշխարհի առաջնության ժամանակ այս գրությամբ շապիկներով էին երեխաները հայտնվում խաղադաշտում: Գաղափարը՝ երեխաների կյանքի բարելավումն ու նրանց պաշտպանությունն է ամբողջ աշխարհում:

Այս ժամանակից սկսած մանուկները ֆուտբոլի անբաժանելի մասն են դառնում: Որոշ ժամանակ անց գլխավոր մրցավարը եւս սկսում է ունենալ իր «օգնական» երեխային, որին էլ տրվում է գնդակը դաշտ դուրս բերելու պատիվը:

Լուսանկարը` FIFA


Հաճախ երեխաների միջոցով նաեւ սոցիալական գովազդներ են տեղի ունենում: Նրանք հիշեցնում են մարդկանց ապագա սերունդների նկատմամբ պահանջվող հոգատարության մասին:

Ակումբներում երեխաները հիմնականում լինում են պատանեկան թիմերի սաներ, երբեմն ընտրվում են լավագույնները կամ էլ այդ հանդիպումից առաջ ինչ-որ մրցաշարում հաղթած խաղացողները:

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլը մեծ բիզնես է ու այս գեղեցիկ ավանդույթը եւս դարձել է գումար աշխատելու միջոց: ՖԻՖԱ-ն, օրինակ, 2014-ի ԱԱ-ից առաջ խոշոր պայմանագիր է կնքել McDonalds-ի հետ ու երեխաները կրել են վերջինիս տարբերանշանով շապիկներ:

Լուսանկարը` FIFA


Մի շարք թոփ առաջնություններում հնարավոր է գումարի դիմաց դառնալ այն երջանիկներից մեկը, ով կբռնի ինչ-որ ֆուտբոլիստի ձեռք:

Սոցիալական միջոցառումների շրջանակներում թիմերը հաճախ պայմանավորվածություն են ձեռք բերում մանկատների, հիվանդանոցների կամ  հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնների հետ ու սաներին հնարավորություն տալիս մի քանի րոպեով լինել իրենց սիրելի ֆուտբոլիստների կողքին:

Լուսանկարը` FIFA


Կատարի Աշխարհի առաջնության ժամանակ ՖԻՖԱ-ն, ՅՈւՆԻՍԵՖ-ը եւ ԱՀԿ-ը կոչ են անում երեխաներին ակտիվ ֆիզիկական կյանքով ապրել, հետեւել սննդին, առողջությանն ու օրինակ վերցնել ֆուտբոլիստներից: Օգտագործվում են տարբեր սոցիալական հարթակներ, #BringTheMoves հաշթագով կապում աշխարհի բոլոր երկրներում գտնվող անչափահասներին: Ակցիային միացել են տարբեր հայտնի ֆուտբոլիստներ, ովքեր նաեւ մարզումներ են անցկացրել երեխաների հետ:

Որպես վերջաբան

Լուսանկարը` Ajax


2015-ին «Այաքս»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել իրենց մայրիկների հետ՝ այդկերպ շնորհավորելով բոլոր մայրերի միջազգային օրը:

Լուսանկարը` Getty Images


«Սան Պաուլու»-ի ֆուտբոլիստներին էլ այդ նույն տարի քայլել են շների հետ ու մատնանշել անտուն կենդանիների խնդիրները՝ կոչ անելով երկրպագուներին որդեգրել նրանց:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին