Ապրիլ 16, 2024
1485 դիտում

«Կատարը պատրաստ է». 200 մլրդ դոլար արժողությամբ ԱԱ-ի կազմակերպումն ու բացթողումները


Լուսանկարը` alansarilaw.com

Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` thenationalnews.com

Լուսանկարը` idsb.tmgrup.com

Լուսանկարը` archpaper.com

Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` Dhows.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` archpaper.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` dailytimes.com

Լուսանկարը` Bleacher Report Football


«Կատարը պատրաստ է»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինիոն, նկատի ունենալով, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացմանը ոչինչ չի կարող խանգարել:

Առաջին անգամ պատմության ընթացքում աշնանն ու ձմռանն անցկացվող ԱԱ-ի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը կայանալիք 22-րդ Մունդիալն անցկացնելու համար ծախսվել է մոտ 200 մլրդ դոլար: Սա առաջին ԱԱ-ն է, որը կանցկացվի արաբական երկրում, որի բնակչության մեծ մասը մուսուլման են, ինչպես նաեւ երկրորդը, որը կհյուրընկալի Ասիան: Առաջինը 2002 թվականին կայացել է Կորեայում եւ Ճապոնիայում:

Բնակվելու վայրերը

Կատարն Աշխարհի առաջնություն ընդունած ամենափոքր երկիրն է: Երկար տարիներ շարունակ այն վստահեցրել է, որ Աշխարհը զարմանալու է, թե ինչպես են կազմակերպելու մրցաշարն ու վերջապես դա ցույց տալու ժամանակն է:

Առաջնության հիմնական կառույցներն 8 ստադիոններն են, որտեղ հասնելու համար հարմարեցվել ու ընդլայնվել է մետրոյի ցանցը: Մետրոն արժե ընդամենը 6 ռիալ (1,65 դոլար), իսկ խաղերի օրերին հանդիպումների տոմս ունեցողների համար լրիվ անվճար կլինի: Կառուցվել են նոր ճանապարհներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բավական արագ հասնել բոլոր սպորտային կառույցներ:

Լուսանկարը` Bleacher Report Football


Կատարի մի քանի ենթակառուցվածքներում աշխատանքները դեռ ավարտին չեն հասցվել: Կառուցվում են ֆան գոտիներն ու կարգի բերվում բազմահարկ շենքերը, որտեղ ապրելու են առաջնությանը հետեւելու նպատակով երկիր ժամանակ երկրպագուները:

Շարունակում է քննարկման կենտրոնում լինել բնակվելու վայրերի հարցը, մտավախություն կա, որ դրանք կարող են չբավականացնել: Կատարցիներն առաջարկել են մի քանի անսովոր վայրեր, այդ թվում պողպատե խցիկներ, որոնք խանութների ցուցափեղկերի տեսքն ունեն, ու ավանդական փայտե նավակները, որոնք առավել հայտնի են dhows անվամբ:

Վերջերս կազմակերպիչները հայտարարել են եւս 30 հազ. սենյակներ ավելացնելու մասին: Գները մեկ գիշերվա համար սկսվում են 80 դոլարից ու հասնում 2600-ի: Դոհայի հյուրանոցային ցանցի սենյակների 80 % ամրագրել է ՖԻՖԱ-ն՝ թիմերի ու պաշտոնատար անձանց համար: 20 հազար սենյակներ ազատվել են առաջնության մեկնարկից 1 ամիս առաջ:

Լուսանկարը` Bleacher Report Football


Լինելու է նաեւ քեմփինգ, որը հատուկ է Coachella կամ Glastonbury երաժշտական փառատոններին: Մեկ վրանը կարժենա 380 դոլար:

Մտահոգությունները

ՖԻՖԱ-ի տվյալներով՝ վաճառվել է ավելի քան 3 մլն տոմս, հիմնական գնորդները Կատարից, Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Մեքսիկայից եւ Բրազիլիայից են:

Մարդու իրավունքների պաշտպանները շարունակում են անհանգստացած լինել արտասահմանցի աշխատողների առողջությամբ, որոնք վերջին 12 տարիների ընթացքում Կատարում մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք արձանագրել են մահվան ու չարաշահման բազամաթիվ դեպքեր:

Ոմանք դժգոհում են մրցաշարի անցկացման ժամկետներից, իսկ մասնագետները վկայում, որ ֆուտբոլիստները քիչ ժամանակ են եղել իրենց ազգային հավաքականների տրամադրության տակ, ինչի արդյունքով կարող է տարբերվել նաեւ ֆուտբոլի որակը:  

Լուսանկարը` FIFA


Խաղաշրջանի այս հատվածում ակումբները բազմաթիվ խաղեր են անցկացրել ազգային առաջնություններում ու Չեմպիոնների լիգայում, քիչ չեն այն ֆուտբոլիստներն, ովքեր վնասվածքներ են ստացել ու շարքից դուրս եկել: Բացի այդ էլ պարզ չէ, թե այս ծանրաբեռնվածությունն ինչպես կանդրադառնա նրանց վրա:

Կատարի առավելությունների թվում նշվում է փոքր լինելը, ինչը նշանակում է, որ երկրպագուներն ու հավաքականները բավական արագ կկարողանան տեղաշարժվել ու հասնել ստադիոններ: Նման խնդիրներ հաճախակի էին առաջանում հսկայական Ռուսատանում կամ էլ Բրազիլիայում, որտեղ կայացել են 2018 եւ 2014 թվակաների ԱԱ-ը:

Փոփոխությունները

Մյուս կողմից 3 մլն բնակչության համար նախատեսված ենթակառուցվածքները կարող են չդիմանալ լրացուցիչ 1,3 մլն մարդկանց, բոլոր բացերն ու թերությունները կերեւան արդեն առաջնության օրերին: Տեղացիներն էլ անհանգստացած են, որ այդ օրերին իրենց անդորրը եւ սովորական դարձած կարգ ու կանոնը կարող է խախտվել:

Լուսանկարը` FIFA


Խցանումներից ու մարդկանց կուտակումներից խուսափելու համար կազմակերպիչները հայտնել են, որ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը երկրում փակ կլինեն դպրոցներն ու պետական համակարգի շատ ներկայացուցիչներ կաշխատեն տներից: Որոշ մեքենաների կարգելվի մուտք գործել քաղաքի առանձին հատվածներ, իսկ հանրային տրանսպորտի ցանցը կընդլայնվի ու կավելանան մետրոյի մի քանի վագոններ:

Կառավարությունը կոմերցիոն փոխադրումների համար բացել է հին օդանավակայանը: Կատարը նաեւ համաձայնվել է օրական 160 ուղեւորափոխադրումներ իրականացնել ԱՄԷ-ից, որպեսզի երկրպագուներն ընդամենը 40 րոպեում ժամանեն Դուբայից եւ Աբու Դաբիից: Սովորաբար օրական թռիչքների թիվը կազմում էր 6-ը:

Ալկոհոլը

Կատարում ԱԱ-ի ընթացքում ալկոհոլ վաճառքում լինելու է, սակայն խստորեն վերահսկվելու է դրա օգտագործումը: Իրենց հետ երկրպագուները երկիր ալկոհոլ տանել չեն կարողանա: Բավական թանկ գնով խմիչք հնարավոր կլինի ձեռք բերել Դոհայի հյուրանոցներում ու սպորտային փաբերում:  

Լուսանկարը` FIFA


Ալկոհոլ կլինի նաեւ ստադիոններում հանդիպումներից առաջ ու հետո, բայց խաղի ընթացքում երկրպագուները չեն կարողանա այն գնել ու ձեռքներին նստել տրիբունաներում: Խմիչք հնարավոր կլինի գնել միայն հանդիպման օրերին՝ ժամը 18:30-ից հետո մինչեւ գիշերը 1:00-ն: Խմիչք հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ Qatar Distribution Company-ում:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ իշխանությունները թույլատրված վայրերից դուրս ալկոհոլ օգտագործողների նկատմամբ նախնադարյան պատիժներ չեն կիրառի, սակայն հանրային վայրերում բռնելու դեպքում կարող են 6 ամսվա ձերբակալության ենթարկել կամ էլ 800 դոլարով տուգանել:

Շոգը

Բոլոր ստադիոններում, բացառությամբ մեկի՝ «974»-ի, տեղադրվել են հատուկ հովացման համակարգեր հանդիսականների ու խաղացողների համար, թեւ նախատեսվում է, որ առաջնության անցկացման օրերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30 աստիճանը:

Լուսանկարը` thenationalnews.com


Խաղադաշտի խոտի մակարդակով ստադիոններում տեղադրված են օդափոխիչներ, որոնք կառավարում են խոտի տակ թաքնված 350 տարբեր սենսորներ: Դրանք չափելու են ջերմաստիճանն ու խոնավությունը, ինչն էլ ապահովելու է խաղացողների համար անհրաժեշտ ջերմաստիճանը:

Օդն անընդհատ թարմացվելու է, որպեսզի ապահովվի մաքրությունն ու այդպիսով պայքարի նաեւ տարատեսակ վիրուսների, այդ թվում՝ քովիդի տարածման դեմ:  

Անվտանգությունը

Ցանկացած խոշոր մրցաշարի՝ Օլիմպիական խաղերի կամ էլ Աշխարհի առաջնությունների, անցկացման ժամանակ առաջնային է դառնում անվտանգությունը: Միայն Կատարի իշխանությունների սեփական ուժերը բավական չեն լինի ու առաջնության օրերին լրացուցիչ հսկելու ուժեր կմիանան այլ երկրներից՝ Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերը կվերահսկեն երկինքը, իսկ Ալ Ուդեյդեում գտնվող ԱՄՆ-ի ավիաբազան կապահովի անվտանգությունն ու կիրականացնի հետախուզական ծառայություն:

Լուսանկարը` idsb.tmgrup.com


Կատարը Aspire Zone գոտում կառուցել է NASA-ի ոճի կառավարման կենտրոն, որպեսզի հսկի, թե ինչ է կատարվում ամեն ստադիոնում: Բոլոր ստադիոններում տեղադրել են մոտ 2000 տեսախցիկներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել մարդկանց տեղաշարժը, իսկ օպերատորները կկարողանան խոշորացնել ցանկացած պատկեր ու ուսումնասիրել կասկածելի վարքագիծ ցուցաբերած մարդկանց արտաքինը: Արհեստական բանականության ծրագրերը զգուշացնող ազդանշան գործի կդնեն, եթե մարդկանց հոսքը շատ մեծ լինի: Ուշադրություն կհատկացվի նաեւ կիբեր անվտանգությանը:

Հանրային արվեստը

Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն իր մեջ ներառում է նաեւ հսկայական մշակութային նախագիծ: Կատարի թանգարանները միավորվել են, որպեսզի առաջնության օրերին երկիրը վերածեն բաց թանգարանի:

Կատարի թանգարանների վարչության հոգաբարձուների խորհրդի նախագահ Շեյխա Ալ Մայասա բինթ Համադ բին Խալիֆա Ալ-Թանին ընդգծել է, որ ներկայացնելու են բոլոր ազգությունների արվեստագետների աշխատանքները: Մրցաշարից առաջ տեղադրվելու են 100-ից ավելի արվեստի գործեր:

Լուսանկարը` archpaper.com


Աշխատանքները հնարավոր կլինի տեսնել Կատարի ազգային թանգարանում, Իսլամական արվեստի թանգարանում, ժամանակակից արվեստի Արաբական, Կատարի Օլիմպիական եւ սպորտային եւ Մանկական թանգարաններում: «Հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում տարատեսակ աշխատանքներ կտեղադրվեն նաեւ մշակութային օջախների ու գրադարանների սրահներում եւ տարբեր հատվածներում, օդանավակայանում, հյուրանոցներում ու սպորտային այլ կառույցներում, ինչպես նաեւ՝ մետրոյում:

Մի քանի միջազգային հեղինակների աշխատանքներ կլինեն նաեւ Դոհայի Ռաս Աբու Աբուդ ծովափի հարեւանությամբ, «974» ստադիոնում, Վեստ Բեյի ափով մեկ ու Ազգային թատրոնում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին