exclusive
1657 դիտում

Խոակին Կապառոսից կարեւոր մեր հավաքականն է ու նրա ապագան


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները, բարեբախտաբար, վերջապես ավարտվեցին: Իռլանդիայի դեմ խաղը մղձավանջային շարքում վերջինն էր: Հայաստանի հավաքականի ամեն հաջորդ հանդիպումը նախորդից ավելի վատ ու անհասկանալի էր դասավորվում:

Աճում էին հաշիվները, կորչում էր խաղային ձեռագիրը, վատանում ֆուտբոլիստների կարգապահությունն ու վարքը, իսկ մարզչի մամուլի ասուլիսներն՝ ավելի ու ավելի անտրամաբանական դառնում: Արդեն անտանելի էր տեսնել, թե ինչպես են խաղադաշտում տանջվում խաղացողները:

Մենք միշտ էլ քիչ գոլեր բաց թողնող հավաքականներից չենք եղել, բայց հիմա կտրուկ նվազել է ակտիվությունը հարձակման գծում, դրա մասին են փաստում 6 խաղերում խփած ընդամենը 3 գոլերը: Հանդիպումների ընթացքում էլ գրոհները մրցակցի դարպասի մոտ հազվադեպ բնույթ էին կրում:

Լուսանկարը` Reuters


Անհավանական է հայ ֆուտբոլիստների խախտումների քանակությունը (51 անգամ) ու քարտերը, որոնք ստացել են՝ 19 դեղին ու 4 կարմիր:

Որքան էլ ոմանք հակված են կարծել, որ որոշ դրվագներում մրցավարները մեր դեմ են գործել, այդպես էլ է եղել, բայց քարտերի մեծ մասն, իսկապես, արդարացված է եղել: Մեզնից յուրաքանչյուրը նրանց փոխարեն չէր վարանի ձեռքը տանել գրպանն ու պատժել նման խաղի ու վարքի համար: Այն, թե ինչպես էին կոպիտ սխալներից հետո նյարդայնանում, հիստերիկանում կամ անիմաստ վիճաբանությունների մեջ մտնում մրցավարների հետ, բացատրության ենթակա չեն, մանավանդ՝ հավաքականում հայտնված խաղացողների համար:

Ազգային ընտրանին լավագույնների տեղն է ամեն առումով՝ ֆիզիկական տվյալների, հոգեբանական պատրաստվածության, արագ որոշումներ կայացնելու եւ կողմնորոշվելու ունակության: Այնտեղ խաղում են ոչ միայն սեփական հավակնությունների համար: Եւ երբ ասում են պատիվ է ներկայացնել երկիրը՝ դա ցույց են տալիս նաեւ խաղի նկատմամբ իրենց մոտեցմամբ:

Լուսանկարը` Reuters


Երբ հավաքականին 9 հոգով են թողնում Իռլանդիայի դեմ խաղում այն բանից հետո, որ անհավանական ջանքերի գնով հաջողվել էր հաշիվը հավասարեցնել ու հաղթանակն ամեն գնով պետք էր, 11-մետրանոցն էլ դեռ իրացված չէր, առնվազն ոչ պրոֆեսիոնալ է թվում:

Րոպեների ընթացքում ֆուտբոլիստները կարծես թե բեկեցին խաղի ընթացքը «Ավիվա» ստադիոնում, բայց մոտ այդքան էլ ժամանակ պետք եղավ, որ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեն: Ի վերջո, 90 րոպե տեւող խաղի ընթացքում հենց վայրկյաններն ու առանձին դրվագներն են ամեն ինչ որոշում, որքան էլ հետո Կապառոսը փորձի զարմանալ, թե ինչու ամեն անգամ Իռլանդիայում մեր հավաքականի հետ այդպես է լինում:

2011-ի հավաքականը պայքարում էր ԵՎՐՈ-2012-ում խաղալու համար, բոլորն էին հասկանում այդ հաղթանակի գինը: Թիմը Դուբլին էր հասել տպավորիչ հաղթանակներից ու աներեւակայելի ոգի արթնացնելուց հետո: Հիմա այլ էին մեր կարգավիճակն ու նպատակները՝ 4 անընդմեջ պարտություն ու միայն մեկ ցանկություն՝ մնալ B դիվիզիոնում: Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտն էլ երբեք չի համեմատվի Արտակ Դաշյանի ու Հովհաննես Համբարձումյանի հեռացման հետ:



Գոնե հրապարակային Կապառոսն իր սաներին չի քննադատում, բայց վստահեցնում է, որ դա անում է հանդերձարանում: Փոխարենը շնորհակալություն հայտնեց ընտրական փուլի ավարտից հետո, թե ինչի համար, երեւի պատճառները միայն ինքը գիտի:

Այս ընտրական փուլում յուրաքանչյուր պարտությունից հետո մարզիչը գտել է ինչ ասել, որ մրցակիցն օգտագործեց իր ունեցած մի քանի դրվագները, ավելի ուժեղ էր, կենտրոնացած, խաղացանկն է խիտ կամ էլ, որ մեզ առանց կախարդական փայտիկի դժվար է արդյունքի հասնել:

Այո, ՈւԵՖԱ-ի մրցաշարը Ջոան Ռոուլինգի ստեղծած կախարդական աշխարհը չէ, որտեղ ամեն ինչ փայտիկները կորոշեին, փոխարենը կան մարզիչներ: Մեր սեփական մարզիչը ողջ մրցաշարի ընթացքում իր թիմի սխալներն ու բացթողումները քողարկում էր մյուսների ուժեղ լինելու հանգամանքով, իսկ վերջին մամուլի ասուլիսներին՝ անգամ խուսափում հստակ պատասխաններ տալ լրագրողների հարցերին: Ամենավառ օրինակը Սարգիս Ադամյանի դեպքն է, երբ խորհուրդ տվեց անձամբ զանգահարել նրան ու ճշտել բացակայության պատճառը:

Հավաքականից շատ մարզիչներ են հեռացվել նման արդյունքի, կամ անգամ ավելի քիչ պարտությունների համար, նրանց հասցեին էլ շատ ավելի լուրջ ու վատ քննադատություն է հնչել: Գուցե, Կապառոսի մակարդակի մարզչի համար ծանր է ընդունել, որ նա ձախողվել է հավաքականի ղեկին, բայց ամեն ինչ հենց այդպես է, որ կա:

Լուսանկարը` Reuters


Նա եկավ մեծ ոգեւորությամբ ու սկսեց աշխատել երկրի համար շատ ծանր՝ քովիդային ու պատերազմական շրջանում, ունեցավ հաջող հանդիպումների շարք, գրանցեց առաջին թիմային նվաճումը՝ հաղթեց Ազգերի Լիգայի C դիվիզիոնում, երիտասարդ ֆուտբոլիստներին ամենաշատը խաղալու շանս տվեց ու հավատ փոխանցեց, նոր փորձարկումներ եւ անսպասելի փոփոխություններ կատարեց:

Քանի դեռ նա համարձակ էր գործում, նույն կերպ էլ ֆուտբոլիստների մոտ էր ստացվում: Հաղթանակները չերեւացող էին դարձնում բացերը, բայց երբ խաղադաշտում առավելապես առաջին պլան եկան ընդունած գոլերն ու պարտությունները, ոգեւորությունն էլ մարեց:

Այնքան էլ միամիտ չենք, որ մտածենք այդ ամենի ողջ պատասխանատվությունը միայն Կապառոսի ու իր մարզչական թիմի վրա է: Բոլորն այս ամենում իրենց մեղքի չափաբաժինն ունեն՝ ֆեդերացիան, մարզիչները, ֆուտբոլիստները, լրագրողները, անգամ՝ երկրպագուները:

Լուսանկարը` Reuters


Կմնա Կապառոսը, թե նոյեմբերի 30-ին պայմանագիրն ավարտվելուց հետո կհեռանա, դեռ բուռն քննարկվում է: Որքան էլ Կապառոսն առաջնակարգ մարզչի համարվի, բայց կարեւորը բնավ էլ նա չէ, առաջնայինը միայն մեր հավաքականն է ու նրա ապագան:

Պետք է հասկանալ, թե ինչպես է հետագայում առաջ շարժվելու մեր ընտրանին ու որոնք են նրա ուժեղ կողմերը, ինչպիսին կլինի վերադարձը B դիվիզիոն ու ինչպես է իրեն դրսեւորելու ԵՎՐՈ-2024-ի ընտրական խմբում, որտեղ մրցակիցները շատ ավելի ուժեղ են լինելու:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին