Ապրիլ 18, 2024
exclusive
3231 դիտում

Ալեքսանյանն էլ Հայաստանի պես «անելանելի» ու «վիրավոր» է եղել, բայց միշտ գտել է դուրս գալու ելքը


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Երեկոյան Արթուր Ալեքսանյանը դարձավ Աշխարհի քառակի չեմպիոն ու մոլորակի տարբեր կողմերում ապրող հայերին միավորեց եւ համախմբեց իր շուրջ:

Այս հաջողությունն ինձ հիշեցրեց ու տարավ 2015 թվական, երբ նա Լաս Վեգասում 2-րդ տարին անընդմեջ հռչակվել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն: Եվ գիտեք, այդ ժամանակ էլ սեպտեմբեր էր, նորից Ադրբեջանն իրեն շարունակում էր սանձարձակ պահել եւ հարձակվել էր Հայաստանի վրա:

Դրանից 7 տարի է անցել ու ոչինչ չի փոխվել, Ադրբեջանը կրկին նույնն է, մենք էլ, երեւի, շատ չենք փոխվել ու ոչ մի դաս չենք քաղել անցյալի սխալներից:

Սպորն ամենաակնառու օրինակն է, թե ինչպես կարելի է ուժեղանալ ու աշխարհում ամրապնդել դիրքերը: Ու այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, մեզ ու մեր երկրի անելանելի վիճակը փորձենք հաղթահարել Արթուր Ալեքսանյանի հետ:

Լուսանկարը` UWW


Երբ 2014-ին Աշխարհում առաջին ոսկին նվաճեց, նրան մեծ ապագա էին կանխագուշակում ու համարում, որ իր ժամանակի լավագույն ըմբիշներից մեկն է դառնալու: Բայց իրականում ոչ մեկս էլ չէինք պատկերացնում Ալեքսանյանի իրական ուժն ու հնարավորությունները:

Հիմա նրա նվաճումները թվարկելու համար 2 ձեռքի մատներն էլ քիչ են, բայց եկեք նշենք բոլորը, որպեսզի կարողանանք իսկապես ընկալել, թե ինչպես է հնարավոր առաջ գնալ ու հաղթահարել ամեն արգելք հանուն նպատակի, որն ամեն ինչից վեր է ու կարեւոր:

Ալեքսանյանը 30 տարեկանում արդեն Աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի հաղթող է, Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, երկուական անգամ էլ Աշխարհում ու Եվրոպայում է արծաթե մեդալակիր դարձել, մեկ անգամ էլ ԵԱ-ում պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնել՝ չհաշված տարատեսակ միջազգային մրցաշարերում ունեցած նվաճումները:

Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբիշն ամենավառ օրինակն է, թե ինչպիսին պետք է դառնա հայ ժողովուրդը՝ կարողանա միավորվել, համախմբվել, հավատալ սեփական ուժերին, ինչպես դա անում է մրցահարթակ դուրս եկող յուրաքանչյուր մարզիկ: Որովհետեւ, եթե նա վստահ չլինի իր ուժերին ու առաջինը լինելու վճռականություն չունենա, կնշանակի ամեն ինչ իզուր էր՝ նրա ջանքերը, մարզումները, թափած քրտինքը…

Իսկ ինչ ենք մենք անում ազգովի. դադարել ենք առհասարակ իրար վրա հենվել ու հավատալ միմյանց, բոլորս նույն մտահոգություններն ունենք, բայց կասկածներն ու անհավատությունը կուլ են տվել բոլորիս: Չենք պատկերացնում, թե ինչպես է հնարավոր կառուցել ապագա, քանի որ ելքերը չենք տեսնում, բայց դա չենք էլ փորձում անել: Ամեն մեկս փակվել ենք սեփական մտքերում, տանը, ընկերներով, փոքր խմբերով, բայց այդպես էլ չենք մոբիլիզացնում մեր ուժերը:

Լուսանկարը` UWW


Ամեն ինչ շարունակելու է նույնը լինել, քանի դեռ մենք չենք ուզում փոխվել, վճռական չենք դարձել ու չենք սիրում մեր երկիրը ոչ թե մեռնելու, այլ այնտեղ ընդմիշտ ապրելու աստիճան: Շարունակում ենք վտանգի պահին մտածել այն լքելու ու ոչ թե մեկընդմիշտ մերը դարձնելու մասին:

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ճիշտ ժամանակին, թեեւ ուրախ ու մտահոգիչ ապրումները մի քանի ժամվա ընթացքում խառնվեցին իրար, բայց այդ ոսկին պետք է լինի փարոսի պես ու առաջ տանի մեզ:  

Եթե կարծում եք, որ Ալեքսանյանի ճանապարհը միշտ առանց խոչընդոտների է եղել, խորապես սխալվում եք: Հեռուստաէկրաններին դուք տեսնում եք բերկրանքի ու ուրախության վերջին պահերը, բայց իրական նվաճումները կերտվում են ամենասովորական, երբեմն անգամ նորմալ ջեռուցում ու ապակիներ չունեցող դահլիճներում, բազմաթիվ ցավերի ու չստացված փորձերի արդյունքում:

Լուսանկարը` UWW


Բելգրադում էլ Արթուրը վնասված աջ ուսով էր ու ցավող ձախ ոտքով: Հենց այդ ոտքի պատճառով նա Տոկիոյում չկարողացավ ավելի լավ հանդես գալ ու ոսկի շահել, շատ երկար ժամանակ բացակայեց մրցումներից, որպեսզի ապաքինվի: Նա էլ, ինչպես եւ Հայաստանը, «վիրավոր», «խոցված» ու «անելանելի» վիճակներում է եղել, բայց ամեն անգամ գտել է դուրս գալու ելքը: Երբ համարել են, որ արդեն սպորտում իր խոսքն ասել է, պարզապես աշխատել է ու նորից  հաղթել: Քառակի չեմպիոն դառնալու համար նա առնվազն քառասնապատիկ անգամ ավելի շատ տանջվել է ու ամեն անգամ ոտքի կանգնել:


Դեռ հեռավոր 2015-ին գրած «Արթուր Ալեքսանյան. Ըմբիշ ողն ու ծուծով, երբեք չհանձնվող ու միշտ 1-ինը» հոդվածը գրելիս գլխումս անընդհատ Գարեգին Նժդեհի ամենահայտնի մտքերից մեկն էր պտտվում, հիմա էլ այն ինձ հանգիստ չի տալիս. «Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ»:

Հիմա մեր երկիրն առավել քան վիրավոր է ու նրա լինելիության հարցն է վճռվում: Ամեն մեկս պետք է «Արթուր Ալեքսանյան» դառնանք: Եթե ոչ հիմա, կարող է արդեն շատ ուշ լինել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին