exclusive
10976 դիտում

Հաղթանակից 10 տարի անց. Ստամբուլում Հայաստանը 3-րդ անգամ դարձավ Օլիմպիադայի չեմպիոն


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FIDE


Ուղիղ 10 տարի առաջ սեպտեմբերի 9-ին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 40-րդ Օլիմպիադայում 3-րդ անգամ հռչակվեց չեմպիոն:

2012-ին Օլիմպիադան ընդունել էր Ստամբուլը, ինչի պատճառով հայերի մոտ հաղթելու ցանկությունն էլ ավելի մեծ էր:

11 տուրում հայերը տարան 9 հաղթանակ, այդ թվում առավելության հասնելով այնպիսի թիմերի նկատմամբ, ինչպիսիք են Ուկրաինան, Իսպանիան, Գերմանիան, Նիդերլանդները: Ոչ-ոքի խաղացին մրցաշարի ֆավորիտ Ռուսաստանի հետ ու պարտություն կրեցին միայն Չինաստանից:

Լուսանկարը` susanpolgar.blogspot.com


Չնայած այդ պարտությանը, Արշակ Պետրոսյանի սաներն անընդհատ առաջատարի դիրքերում էին ու միայն վերջին տուրում իմացանք հաղթողի անունը:

Անչափ լարված վերջին տուրում Հայաստանը խաղում էր Հունգարիայի, իսկ հայերի հետ հավասար միավոր ունեցող Ռուսաստանը՝ Գերմանիայի հետ: Առաջինը դիմակայությունն ավարտեցին հայերն ու 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարան: Քիչ անց 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին նաեւ ռուսները: Իսկ սա նշանակում էր, որ երկու թիմն էլ ունեին հավասար՝ 19-ական միավոր:

Լարված ու նյարդային րոպեներին բոլորն էին հաշվարկներ անում ու ի վերջո լրացուցիչ ցուցանշներով Հայաստանի հավաքականը հռչակվեց Օլիմպիադայի չեմպիոն:

Լուսանկարը` FIDE


Թիմում ընդգրկված էին՝ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքը ցույց տվեց  ՖԻԴԵ-ի 2-րդ համար Արոնյանը եւ գրավեց առաջին տեղը:

Մեր թիմը մեծագույն ոգեւորությամբ մասնակցեց պարգեւատրման արարողությանը՝ Հայաստանի օրհներգով հպարտացնելով բոլորիս:



Եկեք հիշենք, թե ինչեր էին ասել մեր շախմատիստները այս հաղթանակից հետո:

Լեւոն Արոնյան

Այնքան շատ հայեր էին եկել մեզ երկրպագելու: Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ուրախություն է բոլորիս մոտ: Սա մեծ հաղթանակ է, բառերով չեմ կարող ասել՝ ինչ եմ զգում: Այսպիսի էմոցիաներ մինչ այս ես չէի ունեցել, մեր երկրի համար սա հրաշալի հաղթանակ է:

Սերգեյ Մովսիսյան

Թիմում հիանալի մթնոլորտ է, դա էլ հիմնական պատճառներից է, որ մենք նման արդյունքի հասանք: Օլիմպիադան Թուրքիայում էր անցկացվում, երեւի այդ պատճառով էլ մեզ համար հատուկ նշանակություն ուներ: Մեր թիմը լավագույն մարզավիճակում չէր, բայց մեզ հաջողվեց հասնել հաղթանակի:

Լուսանկարը` FIDE


Վլադիմիր Հակոբյան

Շատ ուրախ ու հպարտ եմ, որ չեմպիոնությամբ ավարտեցինք մրցաշարը: Կարող եմ ասել, որ Օլիմպիադայում նվաճած տիտղոսներն իմ ամենամեծ նվաճումներն են: Հայաստանի հավաքականն ամենաուժեղ թիմն է:

Գաբրիել Սարգսյան

Հաղթանակը չափազանց կարեւոր է: Երբ որեւէ գաղափարի շուրջ հավաքվում են մարդիկ եւ պայքարում դրա համար, դա էլ լինում է թիմային ոգու դրսեւորումը: Մենք այդ մեկ գաղափարի համար պայքարեցինք ու հաղթեցինք արդեն 3-րդ անգամ:

Տիգրան Պետրոսյան

Չափազանց ուրախ, հաճելի զգացողություններ եւ պատասխանատվություն ենք զգում, երբ խաղում ենք Հայաստանի հավաքականի կազմում: Օլիմպիադայում հաղթելն ապացուցում է, որ մենք աշխարհի ուժեղագույններից մեկն ենք:

Լուսանկարը` Photolure


Այդ օրերին համաշխարհային մամուլը մեծ ակնածանքով էր խոսում Հայաստանի հավաքականի մասին: Իսկ այն ուրախությունն ու ոգեւորությունը, որոնք տիրում էին Հայաստանում, աննկարագրելի էին:

Այս հաղթանակից 10 տարի անց մեր հավաքականում բավական փոփոխություններ են եղել, սակայն ընդամենը մեկ ամիս առաջ, Օլիմպիադայում 2-րդ տեղը գրավելով, հայ շախմատիստներն ապացուցեցին, որ թիմային պայքարում հիանալի են գործում ու պատրաստ են զարգացնել նախկինում եղած հաջողությունները:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին