exclusive
2541 դիտում

ԱԱ-ից առաջ. Հայաստանի հավաքականների պոտենցիալն ու տիտղոսակիր ըմբիշները


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Սեպտեմբերի 10-ին մեկնարկում է Աշխարհի առաջնությունը: Մի քանի օր շարունակ ըմբշամարտ սիրողների ուշադրությունը սեւեռվելու է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի վրա, որտեղ իրենց երկրների լավագույն ըմբիշները դուրս են գալու պայքարի:

Սա անցումային, բայց եւ շատ կարեւոր Աշխարհի առաջնություն է Օլիմպիական խաղերից առաջ: Ուղեգրեր դեռ, իհարկե, չեն խաղարկվում, բայց ըմբիշներն իրենց քաշերում հաստատվելու, ուժերը փորձարկելու ու հետագա սխալների վրա աշխատելու հիանալի հնարավորություն են ստանալու:

Ըմբշամարտի աշխարհում անընդհատ վերադասավորումներ են լինում, հայտնվում են նոր ու ուժեղ ըմբիշներ, երիտասարդ անուններ են ասպարեզ գալիս, ինչն էլ ավելի է բարդացնում մրցաշարն ու ավելի թեժացնում մեդալների համար մղվող պայքարը: Բայց սպորտի ամենագրավիչ ու հետաքրքրիր կողմերից մեկն էլ այդ անվերջանալի մարտահրավերն է, որ ամեն անգամ է պետք ապացուցել ուժեղ կողմերը:

Լուսանկարը` UWW


Ի՞նչ ունենք մենք այս ԱԱ-ից առաջ: Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի հավաքականների կազմերում կան բավական տիտղոսակիր ու հեղինակավոր մարզիկներ, որոնց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առանձնացրել ու անդրադարձել է:


Փորձառու Արմեն Բաբալարյանը, որը երկար տարիներ պատասխանատու էր երիտասարդ ըմբիշներ պատրաստելու ու նրանց ազգային թիմին մատակարարելու գործում, հիմա ինքն է մեծահասակների թիմը գլխավորում ու առաջին անգամն է հանդես գալու նոր կարգավիճակում:  

Նա թիմը ստանձնել է ԱԱ-ից կարճ ժամանակ առաջ ու մի քանի հավաք է ունեցել ընդամենը, որ ըմբիշներին պատրաստի մրցաշարին:

Բոլոր քաշային կարգում չէ, որ հունահռոմեականները մասնակցելու են՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ): Կազմում կան բավական հայտնի ու տիտղոսակիր մարզիկներ, թեեւ բոլորին չէ, որ հաջողվել է ԱԱ-ում աչքի ընկնել՝ չնայած մի քանի անգամ մասնակցությանը:

Լուսանկարը` UWW


Թիմի առաջատարը, բնականաբար, Աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: Նախորդ տարվա ԱԱ-ն նա բաց է թողել վնասվածքի պատճառով, դեռ Տոկիոյի Օլիմպիական խաղերում վնասեց ոտքն ու երկար ժամանակ պետք եղավ, որ վերադառնա շարք: Եվ հիմա միանգամից Աշխարհի առաջնությունում է ուժերը չափելու:

Ալեքսանյանը առաջատարների թվում է մասնակցելու մինչեւ 97 կգ քաշային կարգին, բայց մրցակիցներն էլ բավական զորեղ են: Այս պահին նա իր քաշում UWW-ի վարկանշային աղյուսակում 7-րդն է, առաջին տեղով ընթանում է 2021-ի Աշխարհի չեմպիոն, իրանցի Մոհամադ Հադի Սարավին:

Վերջին մրցաշարը, որում հանդես է եկել ու հաղթել Ալեքսանյանը, Շտուտգարտում էր ու նվիրված էր գերմանացի տիտղոսակիր ըմբիշ Ֆրանկ Շտեբլերի կարիերայի ավարտին:

«Նպատակս, բնականաբար, Փարիզում իմ 4-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելն ու կրկնակի հաղթող դառնալն է: Իհարկե, դեռ 2 տարի ժամանակ կա, կաշխատեմ լավ վիճակում լինել: Զգում եմ, որ կարող եմ ու ամեն ինչ ունեմ բարձր մակարդակով հանդես գալու համար: Երբ էլ ինձ հաճույք չպատճառի սպորտը, կզգամ, որ եկել է հեռանալու ժամանակը»:

Լուսանկարը` UWW


Հիմա նրա առաջնային խնդիրն ԱԱ-ի 4-րդ ոսկին նվաճելն է, իսկ նրա ելույթի վերջնական արդյունքի մասին կիմանանք սեպտեմբերի 12-ին, հենց այդ օրն է կայանալու եզրափակիչը:

Նախորդ Աշխարհի առաջնությունում հայերից հաջողվեց չեմպիոն դառնալ միայն Մալխաս Ամոյանին, բայց 72 կգ քաշային կարգում, հիմա նա 5 կգ-ով ծանրացել է ու, ինչպես եւ Բուդապեշտում կայացած ԵԱ-ում, հանդես է գալու Օլիմպիական քաշում: Ամոյանն աստիճանաբար հաստատվում է մինչեւ 77 կգ-ում ու ծանոթանում նոր մրցակիցներին, որպեսզի կարողանա սկսել պայքարը Փարիզի խաղերի ուղեգրի համար:

Ամոյանը իր վերջին մասնակցած խոշոր մրցաշարերում էլ՝ ԱԱ ու ԵԱ չեմպիոն է հռչակվել:

«Եվրոպայի առաջնության ոսկուն տիրանալու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելն իմ նպատակներից մեկն էր: Շատ սպասված հաղթանակ էր, որին երկար էի ձգտել: Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:

Լուսանկարը` UWW


Ամոյանն ամենահեռանկարային ու արագ աճ արձանագրող հայ ըմբիշներից է, որն աչքի է ընկնում նաեւ աշխատասիրությամբ ու համառությամբ, տեսնենք, թե այդ որակները ինչպես կօգնեն նրան Բելգրադում: Նրա քաշային կարգի եզրափակիչը սեպտեմբերի 11-ին է:

4 տարի շարունակ Սլավիկ Գալստյանին հաջողվել է բրոնզե մեդալներ նվաճել: Նա 3-րդն է եղել 2019-ի ԱԱ-ում, 2020-ին՝ Աշխարհի գավաթում, իսկ 2021-ին եւ 2022-ին՝ ԵԱ-ում: Ժամանակն է, որ ըմբիշը կարողանա ավելի վստահ հանդես գալ ու փոխել մեդալի գույնը, ինչը միանշանակ հեշտ առաջադրանք չէ, բայց եւ ոչ անհնարին: Նա իր քաշայի կարգում 17-րդ համարն է ու բավական ուժեղ եւ տիտղոսակիր մարզիկների է դիմակայելու:

Հունահռոմեականների թիմի մյուս մարզիկներից մի քանիսին հաջողվել է լավ ելույթ ունենալ ու մեդալներ ապահովել այս ու նախորդ տարիների Եվրոպայի առաջնություններում, սակայն Աշխարհի մակարդակով նրանք լուրջ հաջողություններ դեռ չեն գրանցել: Ժամանակն է, որ բոլորն էլ հանդես գան իրենց հնարավորությունների առավելագույն չափով ու Աշխարհից էլ վերադառնան մեդալներով, թեեւ մրցակիցներն էլ անդադար մարզվում են ու լավացնում իրենց որակները:

Լուսանկարը` UWW


Ազատ ոճի ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն Աշխարհի առաջնություններ մասնակցելու առումով ավելի փորձառու է: Այս տարվա պայքարի համար նա բավական փոքր կազմ է ընտրել, մասնակցելու են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Նրա սաները բավական տպավորիչ արդյունքներ են գրանցել այս տարվա Եվրոպայի առաջնությունում ու բոլորն էլ ուժերն են չափելու նաեւ Սերբիայում:

Մանվել Խնձրցյանին ապրիլին հաջողվել է առաջին անգամ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում ու 3-րդ տեղը ապահովել, ԱԱ-ում նորամուտը նշելու է սեպտեմբերի 16-ին:

«Ինձ համար ԵԱ-ն առաջինն էր, շատ հետաքրքիր քննություն էր: Պայքարը շատ հետաքրքիր անցավ ու բրոնզն ինձ համար շատ կարեւոր էր»:

Լուսանկարը` UWW


Արսեն Հարությունյանը 2021-ին Օսլոյում կայացած ԱԱ-ում բրոնզ ապահովեց, իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում կրկնակի չեմպիոն հռչակվեց: Այս առաջնությունում նա հիանալի շանս ունի Աշխարհի ոսկու համար պայքարելու, պետք է ավելի համառ գտնվել ու պատրաստ՝ դիմակայելու ուժեղ մրցակիցներին:

«Երբեք էլ հեշտ չի լինում, մանավանդ, երբ մեդալակիր ես դառնում: Առաջին չեմպիոնությունից հետո շատ էի ուրախացել, երջանկությանս սահման չկար, անգամ չէի էլ հասկանում, թե ինչ է կատարվում: Կան մեդալներ, որ նվաճում ես, անգամ չեմպիոն դառնում, բայց չես կարողանում լիաթոք ուրախանալ: Այս տարվա ԵԱ-ում առաջնությունում իմ գոտեմարտերից ընդհանրապես գոհ չեմ, ինձ նման չէի: Երկար ժամանակ մրցումների չէի մասնակցել, երեւի դա էր պատճառը»:

Լուսանկարը` UWW


Նրա քաշային կարգի ելույթները սեպտեմբերի 17-ին են: Նույն օրը պայքարի մեջ կտեսնենք նաեւ Վազգեն Թեւանյանին, որը վնասվածքի բուժման պատճառով մի քանի մրցաշարեր բաց է թողել, հունիսին մասնակցել է Թախտիի գավաթին ու հաղթող դարձել: Մեծահասակների պայքարում նրան դեռ հաջողվել է հաղթել 2020-ի Աշխարհի գավաթում եւ 2 տարի անց ըմբիշը հնարավորություն ունի նորից կրկնելու ձեռքբերումը:

Արման Անդրեասյանն ԱԱ է մեկնելու Եվրոպայի փոխչեմպիոնի կարգավիճակում, նա բավական աշխատել է արդյունքները լավացնելու համար, ու մեդալը երկար սպասեցնել չտվեց: Հիմա նրա առաջ ավելի լուրջ մարտահրավեր է, որը կփորձի հաղթահարել սեպտեմբերի 15-ին:

«Ինձ համար Եվրոպայի առաջնությունը լավ անցավ, թեեւ վերջնամասն էր տխուր՝ արծաթե մեդալով բավարարվեցի: 2-րդ տեղը միշտ էլ տխրելու առիթ է տալիս, բայց հետագայում պետք է փորձեմ այնպես անել, որ հաղթող դառնամ»:

Լուսանկարը` UWW


Աշխարհի առաջնությունները միշտ էլ կարեւոր եւ ուժեղ ստուգատես են, հավաքվում են ըմբշամարտում լավ ավանդույթներ ունեցող բոլոր երկրների ներկայացուցիչները, դրա համար էլ բոլորին չի հաջողվում մեդալով վերադառնալ: Բայց իր երկրի հավաքականում տեղ գտած ցանկացած մարզիկ էլ պոտենցիալ մեդալակիր կարող է լինել, յուրաքանչյուրն էլ մի օր առաջին անգամ է չեմպիոն հռչակվել ու իր մասին հայտնել աշխարհին:

Այնպես որ, հայ մարզիկներից մեր սպասելիքները միշտ էլ շատ բարձր են՝ մանավանդ, որ պարբերաբար տեսնում ենք, թե որքան քրտնաջան են մարզվում ու էներգիա վատնում ամեն հավաքի ժամանակ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին