Ապրիլ 25, 2024
exclusive
2196 դիտում

«Փառքի օղակներ». Ինչպես Յուրի Երզնկյանը նորովի բացահայտեց Ալբերտ Ազարյանին


Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


1962 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան ներկայացրեց «Փառքի օղակներ» ֆիլմը, որի ռեժիսորը Յուրի Երզնկյանն էր, իսկ գլխավոր դերակատարը՝ Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Ֆիլմը գեղարվեստական է, սակայն կրում է նաեւ կենսագրական տարրեր: Ազարյանի հերոսը՝ Արմեն Նազարյանը, գյուղում դարբնություն է սովորում: Մի անգամ Երեւանից ժամանում են մարմնամարզիկներ, իսկ Արմենը գյուղի մյուս տղաների հետ ցույց է տալիս ըմբշամարտի իր հմտությունները:


Մի օր էլ կայացնելով վերջնական որոշում՝ նա մեկնում է Երեւան, սովորում մարմնամարզություն, հաղթահարում բազմաթիվ դժվարություններ ու դառնում չեմպիոն:

Հայկական կինեմատոգրաֆիայում իր նմանը չունեցող ֆիլմի ստեղծման մասին Mediamax Sport-ը զրուցել է Յուրի Երզնկյանի աղջկա՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոքննադատ Անետա Երզնկյանի եւ Ալբերտ Ազարյանի սան ու երկարամյա ընկեր՝ մարզիչ Գառնիկ Սարոյանի հետ:

Ռեժիսորը պնդել է, որ գլխավոր հերոսը լինի Ազարյանը

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


Անետա Երզնկյանը հիշում է, որ առաջարկված սցենարը միանգամից դուր է եկել Յուրի Երզնկյանին ու նա որոշել է, որ գլխավոր հերոսին, որի նախատիպն արդեն մեծ ճանաչում ունեցող Ալբերտ Ազարյանն էր, կկերտի հենց ինքը՝ Ազարյանը:

«Հաղպատում Երզնկյանի 100-ամյակը նշելու ժամանակ ցուցադրվեց նաեւ «Փառքի օղակներ»-ը եւ մեկ անգամ եւս համոզվեցի, որ Ազարյանը ճիշտ ընտրություն է, որովհետեւ նա բավական հաջող մարմնավորել է կերպարը: Երբ հայրիկս կարդացել է սցենարը, չնայած եղել են տարբեր թեկնածուներ, նա պնդել է, որ պետք է խաղա Ազարյանը»,-նշում է Երզնկյանը:

Գառնիկ Սարոյանն այս ֆիլմի մասին շատ անգամներ է զրուցել Օլիմպիական չեմպիոնի հետ ու լավ գիտի, թե ինչպես է վերջինս հանդես եկել նաեւ որպես դերասան:


«Երբ նման առաջարկություն է ստացել, սիրով համաձայնել է: Բայց ասել է, որ դերասանական փորձ չունենալու պատճառով, վստահ չէ, որ ամեն ինչ լավ կստացվի: Չնայած դրան, նա նաեւ ավելացրել է, որ կփորձի ճիշտ կատարել ռեժիսորի ասածները: 1962-ին Ազարյանը դեռ գործող մարզիկ էր եւ որոշվել է, որ նկարահանումները կիրականացնեն այն ժամանակահատվածում, երբ նա ծանրաբեռնված չի լինի ուսումնամարզական հավաքներով: Նա պատմում էր, որ աշխատանքները շատ լավ ու պրոֆեսիոնալ են կազմակերպվել ու նկարահանման հրապարակում իրեն լավ է զգացել»,-ասում է Սարոյանը:

Հայտնի դերասանական կազմն ու կենսագրական մոտիվներով ֆիլմը

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


Ազարյանից բացի Երզնկյանը հրավիրում է հայտնի դերասաններ Ցոլակ Ամերիկյանին (վարպետ Օհան՝ Արմենի դարբին ուսուցիչը), Խորեն Աբրահամյանին (Գուրգեն՝ Արմենի մարմնամարզության մարզիչը), Ինգա Աղամյանին (Անուշ՝ գյուղում Արմենի հարեւանուհին): Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Լատվիայում:

«Բոլոր այն կադրերը, որտեղ Արմենը մասնակցում է միջազգային մրցումների, տեղի են ունեցել Ռիգայում: Նկարիչ Պյոտոր Բեյտները տաղավարների միջոցով մի իսկական քաղաք է կառուցել ու շատ ճիշտ կարողացել է փոխանցել արտասահմանի մթնոլորտը՝ մրցումային դահլիճը, սրճարանը, փողոցները: Նրա այս աշխատանքի շնորհիվ է նաեւ ֆիլմը հաջողված:

Իրականում նկարահանումները բավական բարդ են եղել, բայց օպերատոր Արտաշես Ջալալյանը հրաշալի է աշխատել: Պատահական չէ, որ այս ֆիլմի համար Ջալալյանը Կուբայի փառատոնում լավագույն օպերատորի մրցանակն է շահել»,-շարունակում է Երզնկյանը:

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


Ցանկացած ֆիլմ իրական կյանքն է՝ վերարտադրված կերպարների միջոցով, բայց առանց հորինված երանգների այն լիարժեք չի լինում:  «Փառքի օղակներ»-ի հիմքում կենսագրականն է, սակայն հերոսների մեծ մասը, կոնֆլիկտները, կանայք, հորինված են:

Ազարյանը եւս, ինչպես իր հերոսը, դարբին է եղել, կրկին մեծ տարիքում է տարվել մարմնամարզությամբ ու ինչպես Արմենը՝ ինքն էլ դարձել Եվրոպայի, Աշխարհի ու, վերջապես, Օլիմպիական չեմպիոն:

«Ազարյանը Վանաձորում դարբնոցում է աշխատել, որպեսզի գումար ստանա եւ օգնի ծնողներին: Ֆիլմը կառուցված է իր կենսագրականի հետ համահունչ, բայց այդ կնոջ հետ սիրային դրվագները, գյուղացի աղջիկը կամ ռեստորանում տեղի ունեցած դեպքը սցենարիստներն են ավելացրել, որպեսզի ֆիլմն ավելի հետաքրքիր դառնա»,-նշում է Սարոյանը:

Հրանտ Շահինյանը՝ որպես խորհրդատու

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


Ֆիլմի սպորտային մասերում կան վավերագրական դրվագներ: Առաջնության ժամանակ համալիրում հատուկ նկարահանումներ են արել, որոնք եւ կազմակերպելն է շատ դժվար եղել, եւ նկարահանելը:

Կազմակերպվել է նաեւ հատուկ «առաջնություն», ապահովվել են մասսայական տեսարանները եւ այդտեղ էլ ելույթ է ունեցել Ազարյանը:

«Հրանտ Շահինյանն այս ֆիլմում աշխատել է որպես խորհրդատու: Բնականաբար, Խորեն Աբրահամյանը մարզչի հմտություններին լավ չէր տիրապետում: Մարզիչ-մարզիկ հարաբերություններում նրան Շահինյանն է խորհուրդներ տվել: Օրինակ՝ չի իմացել, որ պետք է մարզիկի գոտկատեղից բռնել ու թռցնել, կամ մարզիչը որտեղ իրավունք ունի գտնվել ելույթի ժամանակ: Այս աշխատանքները շատ լավ են կատարել ու սպորտային առումով եւս թերացումներ չկան»,-նկատում է Սարոյանը:


Որպես կինոքննադատ Անետա Երզնկյանն էլ նկատում է, որ դերասաններն այնքան հավաստի են, հուզական, որ միմյանց փոխլրացնելով կարողանում են հանդիսատեսին լավ զգացողություններ տալ:

«Շատ գեղեցիկ են տարված սիրային գծերը, որոնք երկուսն են։ Առաջինը նկարչուհու հետ, որն ի սկզբանե չէր կարող իրականանալ, իսկ երկրորդը` համագյուղացի աղջնակի, որին Արմենը տարիներ անց հանդիպեց արտասահմանում, վերադարձավ իր ակունքներին եւ հասկացավ, որ նա է իրական իր սերը։ Ինձ համար շատ հուզիչ էր հայ երգչի կերպարը, որին հանդիպում են արտասահմանում:  Մեր տաղանդավոր Ժակ Դուվալյանը հիանալի է այդտեղ հանդես գալիս»,-ավելացնում է Երզնկյանը:

Օրբելյանի հիասքանչ երաժշտությունը

Յուրի Երզնկյանը կարողացել է շատ լավ թիմ հավաքել, որի շնորհիվ էլ ստացվել է նման հաջողված կինոնկար:

«Փառքի օղակներ»-ում հնչում են Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունները, որոնք լրացնում են սցենարն ու կարողանում արտահայտել պատկերի ամբողջ էությունը:

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


«Ես հիշում եմ՝ Ազարյանը, Աբրահամյանը, օպերատորը, կոմպոզիտորը գալիս էին մեր տուն, փորձում էին դրվագները, լսում գրված երաժշտությունը: Այս մտերմությունն էլ տանում էին նկարահանման հարթակ ու ամեն ինչ շատ ընկերական մթնոլորտում անցկացնում: Կարծում եմ, որ ողջ թիմի սերը զգացվում է ֆիլմի մեջ, իսկ էկրանից փոխանցվում է հանդիսատեսին»,-ասում է Երզնկյանը:

Տիկին Անետային հայրը պատմել է, թե որքան կարգապահ է եղել Ազարյանը, մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել դերին եւ ուշադիր ընկալել բոլոր առաջադրանքները.


«Ալբերտ Ազարյան անձը մեր կյանքում մեծ նշանակություն ունի: Նա մեր պարծանքն է ու այսպիսի խաղարկային գեղարվեստական ֆիլմ նրան նվիրելը շատ կարեւոր է: Ինքը եւս այն միշտ բարձր է գնահատել»:

Մարզիչ Աբրահամյանի ու դերասան Ազարյանի կապը


Երզնկյանը փաստում է, որ Խորեն Աբրահամյանին, բնականաբար, ավելի հեշտ է եղել մտնել մարզչի դերի մեջ, քան մարզիկ Ազարյանին՝ դերասանի: Սակայն նրանք երկուսն էլ կարողացել են համահունչ լինել. աչքերի արտահայտությունը, միմիկան, շարժուձեւը, այդ ամենը ու նրանց մտերմությունը զգացվում է ամեն դրվագում:

«Աբրահամյանն ատլետիկ կառուցվածքով տղամարդ էր ու նման էր մարզիկի: Ֆիլմի սկզբում, երբ նա գալիս է գյուղ, Ազարյանը մյուս տղաների հետ նայում է նրա ու Երեւանից ժամանած մյուս մարմնամարզիկների ելույթներին: Աբրահամյանը հայտնի խաչն է կատարում, բայց նկարահանման ժամանակ նրա ոտքերի տակ աթոռ են դրած եղել ու օպերատորն էլ նկարել է միջին պլանով»,-պատմում է Երզնկյանը:

«Սցենարով որոշվել է, որ Աբրահամյանը կատարելու է հենց ազարյանական խաչը: Երբ նա աթոռի վրա կանգնած ձեռքերը տարածում է, Ազարյանը ձայն է տալիս. «Խորիկ, գոնե վզիդ մկանները ձգիր, որ երեւա, թե դու ես անում վարժությունը»:


Դրվագներից մեկում էլ Ազարյանի կերպարը չի կարողանում ճիշտ կատարել վարժությունն ու վայր է ընկնում: Նա սցենարիստներին ասում է, որ երբեք չի ընկել, հիմա ո՞նց այնպես ընկնի, որ բնական երեւա: Բայց ամեն դեպքում այնպես է անում, որ ֆիլմում դա համոզիչ է ստացվում: Փաստորեն տեսնում ենք, որ նա դերասանական տաղանդ էլ ունի»,-նկատում է Գառնիկ Սարոյանը:

«Փառքի օղակներ»-ը պետք է վերադառնա հեռուստատեսություն

Մեր զրուցակիցները համակարծիք են, որ «Փառքի օղակներ» ֆիլմը պետք է իր հատուկ տեղն ունենա հայկական ֆիլմարտադրության մեջ: Այն պատմում է հայ լավագույն մարզիկներից մեկի մասին, որի շնորհիվ մարմնամարզությունը մի նոր հարթություն է բարձրացել:


«Ֆիլմը մեծ լսարան հավաքեց ողջ ԽՍՀՄ-ում: Այն ոչ թե պարգեւներ էր հետապնդում, այլ մեր լեգենդին էր ներկայացնում: Առաջ, երբ նայում էինք Ազարյանի հետ, ասում էր. «Ինչ տղա էի է»: Իսկապես, շատ համակրելի տղամարդ էր ու բավականին երկրպագուհիներ ուներ, միշտ ուշադրության կենտրոնում էր լինում: Օղակների արքա անունը ստացած Ազարյանը պատմության մեջ նաեւ այս ֆիլմով է մնալու»,-եզրափակում է Գառնիկ Սարոյանը:

Ըստ Անետա Երզնկյանի՝ շատ ֆիլմեր տարիների ընթացքում ժամկետանց են լինում, բայց քիչ չեն դեպքերը, երբ դրանք բոլոր ժամանակների համար են: Այդպիսին է նաեւ «Փառքի օղակներ»-ը:

Լուսանկարը` Երզնկյանների ընտանեկան արխիվից


«Ֆիլմը հաստատում է այն միտքը, որ մարդիկ իրենց ուզածին կարող են հասնել աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ: Պարզապես պետք է լինի միջավայր ու մարդիկ, ովքեր կհավատան իրենց: Կարծում եմ, որ այս տարի 60-ամյակը նշող «Փառքի օղակներ» ֆիլմը պետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ, իսկ մեր հայրենակիցները դրանից շատ բաներ կսովորեն»,-ավելացնում է Երզնկյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեր խնդրանքով յութուբյան իր ալիքում տեղադրել է Յուրի Երզնկյանի «Փառքի օղակներ» ֆիլմը: Այս գեղեցիկ պատմությունը կարդալուց հետո առաջարկում ենք անպայման դիտել ու վայելել այն:




Գոհար Նալբանդյան  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին