Ապրիլ 20, 2024
1043 դիտում

Կորտի թագուհին. Սերենա Ուիլյամսի հատուկ զգեստն ու հրաժեշտի մրցաշարը


Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` NBC

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` US Open

Լուսանկարը` gettyimages

Լուսանկարը` NYTI


Սերենա Ուիլյամսը US Open-ի առաջին շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթեց Դանկա Կովինչիչին ու ռեկորդ սահմանեց:

40-ամյա թենիսիստուհին մրցաշարին մասնակցում է արդեն 21-րդ անգամ ու երբեք մեկնարկում պարտություն չի կրել: Ուիլյամսը նաեւ 4-րդ թենիսիստուհին է, որը ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակներ է տարել պատանեկան տարիքում, 20, 30 ու 40-տարեկաններում: Նախկինում դա հաջողվել էր միայն Վենուս Ուիլյամսին, Մարտինա Նավրատիլովային եւ Կիմիկո Դեյթին:

Արթուր Էշի անվան ստադիոնում հանդիպմանը ներկա են եղել 29.402 երկրպագուներ, դա երբեւէ երեկոյան մրցահերթում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Ներկաների թվում մեծ թիվ են կազմել նաեւ հայտնի մարդիկ, Ուիլյամսով հիանալու են գնացել Բիլ Քլինթոնը, Աննա Վինտուրը, Հյու Ջեքմանը՝ կնոջ հետ, Սփայք Լին, Մայք Թայսոնը, Լինդսի Վոնը, Քուին Լատիֆան, Ռեբել Ուիլսոնը, Վերա Վոնգը, Բելլա Հադիդը եւ այլոք:



Այդ կարեւոր օրը նրա կողքին են եղել ու եկել են աջակցելու նաեւ ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, եւ դուստրը՝ Օլիմպիան: Փոքրիկը հատուկ այդ հանդիպման համար կրկնել է մայրիկի՝ US Open-ում 1999 թվականին առաջին անգամ տարած հաղթական սանրվածքը: Ուիլյամսն այդ տիտղոսին արժանացել էր 19 տարեկանում:
Ու միանգամից մի քանի առաջատար ամերիկյան ԶԼՄ-ներ հրապարակումներ են արել Օլիմպիայի մասին՝ նրան անվանելով մայրիկի թիվ 1 երկրպագուն:



Նա էլ նմանատիպ փայլուն զգեստ է կրել, որով հանդես է եկել նաեւ Սերենան: Աղջկա հագուկապը նախապես մանրամասն պլանավորված է եղել:

«Կամ նա պետք է մազերին այդպիսի ուլունքներ կրեր, կամ ես: Բայց ես այդքան ժամանակ չունեի, որ կարողանայի նման սանրվածքով հանդես գալ: Օլիմպիան հաճախակի էր ինձ խնդրում, որ նորից կրկնեմ այդ հայտնի սանրվածքը: Այնքան երջանիկ էի, որ նա նման կերպ եկավ խաղին, կատարյալ սազում էր նրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թենիսիստուհին:

4-ամյա Օլիմպիա Օհանյան Կրտսերը իսկապես լավ ժամանակ է անցկացրել, նա մեկ հետեւել է մայրիկի խաղին ու հիացած ծափահարել, ապա խաղացել մայրիկի քույրերից Իշա Փրայսի մազերի հետ, կամ էլ նստել հայրիկի ծնկներին:

«Անհամբերությամբ եմ սպասում պարզապես մայրիկի լինելուն: Օլիմպիան այնքան լավ փոքրիկ է, ցանկանում եմ ողջ ժամանակս նրա հետ անցկացնել»:

Լուսանկարը` US Open


Ուիլյամսը հիացած է եղել, թե ինչպես են իրեն երկրպագուները դիմավորել կորտում: «Շատ աղմկոտ էր, ձայների արձագանքը զգում էի կրծքավանդակումս: Իսկապես հաճելի էր նման բանի ականատես լինել, երբեք չեմ մոռանա այդ օրը: Ինձ համար այն շատ բան էր նշանակում: Պարզապես մտածեցի, ամեն ինչ իրականո՞ւմ է տեղի ունենում: Բայց միեւնույն ժամանակ էլ ասացի՝ դեռ հանդիպում ունեմ անցկացնելու ու ցանկանում եմ հաղթել: Թեեւ հիացած էի ու զարմացած, բայց պետք է մնայի կենտրոնացած ու անեի իմ գործը, ինչն էլ ինձ հաջողվեց»,- խոստովանել է Ուիլյամսը:

Իսկ կորտ նա մտել էր իսկապես թագուհու պես՝ կրելով Nike-ի հատուկ իր համար կարված զգեստն ու յուրահատուկ մարզակոշիկները: Ստադիոնում ամենուր նրան աջակցող պաստառներ էին, իսկ կարեւոր գրությունն այսպիսին էր:

Լուսանկարը` US Open


Հանդիպումից մեկ օր անց ամերիկյան Vogue-ը ներկայացրել է Ուիլյամսի հագուստի ստեղծման պատմությունը, որով Մեծ Սաղավարտների մրցումների 23-ակի հաղթողը հանդես է եկել: Նա ամբողջությամբ փայլել է հազարավոր բյուրեղների շնորհիվ, որով պատված է եղել զգեստը:

Nike-ն այն Ուիլյամսի պատվերով է կարել, մարզուհին ինքն է դետալները մշակել: Նա ոգեշնչվել է գեղասահորդների կոստյումներով, դրա համար էլ փայլերը գերակշռել են ու հիշեցրել աստղազարդ երկինք: Կիսաշրջազգեստը կազմված է եղել 6 շերտ շղարշից, որոնք խորհրդանշել են ԱՄՆ-ի բաց առաջնությունում նրա տարած հաղթանակների քանակը: Ու քանի որ ողջ կարիերայի ընթացքում Ուիլյամսը փայլել է, այդ երեկո բյուրեղներով են պատված եղել անգամ նրա մազերը:

Լուսանկարը` NBC


Բայց վերադառնանք նորից հանդիպմանը. Կովինչիչի համար չափազանց բարդ էր դիմակայել ոչ միայն Սերենային, այլ նաեւ նրան աջակցող երկրպագուներին եւ արդյունքում նա զիջեց ընդամենը 2 սեթում: Բայց փոխարենը մեծ փորձ ձեռք բերեց, որովհետեւ նման մրցակցի հետ խաղերում անհնար է չկոփվել ու ավելի դիմացկուն չդառնալ: Մինչ այդ Ուիլյամսը հաղթել էր մրցակիցների 48 երկրներից, բայց Մոնտենեգրոյի ներկայացուցչի նկատմամբ առավելության հասավ առաջին անգամ:
«Այնքան հարմարավետ ու հանգիստ էի զգում ձեր ներկայությամբ: Անհավանական մթնոլորտ էիք ստեղծել ու ինձ շատ օգնեցիք: Միշտ փորձում եմ անել առավելագույնը: Այսօր էլ ուզում էի լինել իմ ամենալավ տարբերակը»,- հաղթանակից հետո ասել է նա:

Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Ուիլյամսն անխնա իրեն տվել է թենիսին, անհավանական շատ էներգիա ու ջանք գործադրել, արդյունքն էլ իրեն սպասեցնել չի տվել, նա կարողացել է ամենատիտղոսակիր ու հայտնի մարզուհիներից մեկը դառնալ:

Լուսանկարը` US Open


Ու US Open-ի մեկնարկում իրենից 13 տարով փոքր մրցակցին հաղթելը չէր կարող հերթական անհավանական հույզերը չպարգեւել նրան, մանավանդ, որ այս մրցաշարը կարող է վերջինը դառնալ նրա համար:

«Թենիսը շատ եմ սիրում, այն ինձ շատ բան է տվել: Ինձ այս մարզաձեւից դուրս չեմ պատկերացնում, թեեւ դեռ չգիտեմ, թե ինչպես եմ նրա մի մասը լինելու: Շատ ենք կապված միասին, որ հետագայում հեշտությամբ բաժանվենք»,- անկեղծացել է նա:

Ավելի վաղ Ուիլյամսը հայտնել էր, որ մոտ է կարիերան ավարտելուն: Նաեւ այդ հանգամանքով էր պայմանավորված, որ այդքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել Սերենայի մասնակցությամբ տնային հանդիպումը:

Ուիլամսը բավական երկար նամակ էր գրել ու հայտնել սպորտը թողնելու իր դրդապատճառների մասին: Առանձնացրել ենք մի քանի առանցքային մեջբերումներ:

Լուսանկարը` NBC


«Չեմ ցանկացել ընտրություն կատարել ընտանիքի եւ սպորտի միջեւ, դա արդար չէ: Եթե տղամարդ լինեի, այս մասին չէի էլ գրի ու կշարունակեի թենիս խաղալ ու հաղթել: Սխալ չհասկանաք, ինձ դուր է գալիս կին լինել, ես վայելել եմ հղիության ամբողջ ընթացքը: Այն կանանցից էի, որոնք աշխատում են ընդհուպ մինչեւ ծննդաբերությունը: Երբեմն անգամ անհավանականն եմ արել՝ 2017-ի Australian Open-ն եմ հաղթել հղիության 2-րդ ամսում: Բայց այս ամիս 41 տարեկան կդառնամ:

Երբեք չեմ սիրել թոշակի անցնել արտահայտությունը: Ավելի լավ բառ է փոփոխությունը կամ էլ էվոլյուցիան: Թենիսից անցում եմ կատարում այլ բաների, որոնք եւս կարեւոր են ինձ համար: Մի քանի տարի առաջ ստեղծել եմ Serena Ventures վենչուրային ընկերությունը, ապա ընտանիք կազմել, հիմա նպատակ ունեմ այն մեծացնել:

Բայց չէի ցանկանում խոստովանել ինձ, կամ էլ որեւէ մեկին, որ պետք է թողնեմ թենիսը: Ամուսինս ու ես այդ մասին համարյա չենք խոսել՝ արգելված թեմա է մեզ համար: Անգամ ծնողներիս հետ այդ հարցը չեմ կարող քննարկել: Ամեն ինչ իրական չի թվում, մինչեւ բարձրաձայն չես խոսում: Երբ պետք է խոսեմ այդ մասին, միանգամից կոկորդս լցվում է ու սկսում եմ արտասվել: Այնպես որ, այդ թեման միայն թերապեւտի հետ եմ քննարկել:

Լուսանկարը` gettyimages


Ես տանջվում եմ, չեմ ցանկանում, որ այս ամենն ավարտվի, բայց մյուս կողմից էլ ուզում եմ շարունակել ապրել: Չեմ կարողանում պատկերացնել, որ սա փոքրիկ աղջկա պատմության ավարտն է, նա պարզապես շատ էր ցանկանում թենիս խաղալ:

Այս մարզաձեւն ինձ այնքան բան է տվել, ես սիրում եմ հաղթել, սիրում եմ պայքարը: Սիրում էի զբաղեցնել հանդիսականներին, սիրում էի Մելբուռնում սպասել միջանցքում կորտ դուրս գալուց առաջ, երբ ականջակալներով հայտնվում ես՝ փորձելով կենտրոնացած երեւալ, բայց միաժամանակ զգալ հանդիսականների բուռն էներգիան: Սիրում էի Արթուր Էշի ստադիոնում երեկոյան հանդիպումներ անցկացնել:

Իմ ամբողջ կյանքն է թենիսի հետ կապված եղել, հայրիկս ասում է, որ ռակետ առաջին անգամ բռնել եմ 3 տարեկանում, բայց Վենուսի հետ լուսանկար ունեմ, որտեղ 18 ամսական եմ ու թենիս եմ խաղում: Ի տարբերություն Վենուսի, որը միշտ ամուր ու կենտրոնացած էր, ես երբեք չեմ կարողացել հույզերս կառավարել: Միշտ էի ցանկանում իդեալական լինել ու մեծագույնը:

Իմ էությունն էր այդպիսին՝ ինձանից լավագույնը սպասել ու ապացուցել, որ մարդիկ սխալվում են: Ողջ կարիերայի ընթացքում զայրույթն ու բացասական էմոցիաները վերածել եմ հաջողության:

Լուսանկարը` US Open


Տխրում էի, որ Վենուսի պոտենցիալը չունեմ, բայց հենց դա ինձ ստիպեց ավելի տքնաջան աշխատել ու իսկական մարտիկ դառնալ: Ես մրցումներին ուղեկցում էի նրան, որպես սպարինգ մրցակից, ու խաղում էի հենց ազատ կորտ էի գտնում: Նրան ամբողջ աշխարհով մեկ եմ ուղեկցել: Երբ նա զիջում էր, գիտեի, թե պատճառն ինչն է ու այնպես էի անում, որ ես էլ նույն կերպ չպարտվեմ: Այդպես էլ սկսել եմ շատ արագ առաջընթաց գրանցել՝ դասեր քաղելով Վենուսի փորձից: Եթե քրոջս ստվերում չլինեի, երբեք էլ այսպիսին չէի դառնա:

Կորտ եմ վերադարձել կեսարյան ծննդաբերությունից ու թոքային էմբոլիայից հետո, խաղացել կրծքով կերակրելու ընթացքում, հետծննդաբերական դեպրեսիա ունեցել: Բայց եթե այսօր պետք է ընտրություն կատարեմ մասնագիտության ու ընտանիքիս միջեւ, կընտրեմ վերջինը: Նախորդ տարի ամուսնուս հետ փորձել ենք նորից երեխա ունենալ: Չեմ ուզում կրկին մարզուհու կարգավիճակում լինել հղիության ընթացքում:

Ցավոք, պատրաստ չէի այս տարի հաղթել Ուիմբլդոնում, չգիտեմ էլ կկարողանամ 1-ինը լինել Նյու Յորքում, ամեն դեպքում կփորձեմ: Կորտում չեմ փնտրում որեւէ տոնական կամ էլ եզրափակիչ պահ, որ հեռանամ, աշխարհում բոլորից վատ եմ հրաժեշտ տալիս: Բայց, իմացեք, որ ձեզ ավելի շատ եմ շնորհակալ, քան կարող եմ բառերով ասել: Ինձ այնքան հաղթանակների ու նվաճումների եք հասցրել: Կկարոտեմ այն աղջկան, որը թենիս էր խաղում»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին