Ապրիլ 16, 2024
exclusive
1083 դիտում

Շնորհակալ ենք տղաներ. Այս վատ եւ անհույս օրերում ձեր հաղթանակներն անչափ կարեւոր են


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի արծաթե մեդալակիրն է:

Երկու շաբաթ շարունակ բոլորս մեծագույն ուշադրությամբ հետեւում էինք, թե ինչ է տեղի ունենում Չեննայում: Խոստովանում եմ, որ այսքան տարիներ սպորտի մասին գրելով՝ միշտ մեծագույն լարվածությամբ եմ հետեւել ու սպասել մեր մարզիկների ելույթներին:

Բայց այն հաղթանակները, որոնք տեղի են ունենում 2020-ից հետո, անբացատրելի են: Միգուցե իսկապե՞ս սպորտային այս հաջողությունները մեր մեջ ի վերջո արթնացնեն քնած հայրենասիրությունն ու օգնեն պայքար մղել հանուն Հայաստանի, օգնեն ուղղել մեջքներս ու ստիպեն թշնամիններին հարգել մեզ:

Լուսանկարը` FIDE


Հարգել այնպես, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ, երբ մեր հավաքականը գերլարված պայքարում հաղթեց անհատական վարկանշով բարձր Ադրբեջանի թիմին:

Ընդհանրապես, Լեւոն Արոնյանի հեռանալուց հետո բոլորս էլ մտավախություն ունեինք, թե ինչպիսին կլինի մեր թիմի վիճակը հետագայում: Այս առիթով Mediamax Sport-ը բազմաթիվ զրույցներ ունեցավ շախմատիստների հետ, քննարկեց ու հասկացավ ապագան:

Ու մենք համոզվեցինք, որ պետք չէ կախել գլուխներս, մենք ունենք երիտասարդներ ովքեր, ճիշտ է, կարգով ցածր են, բայց ունակ են շարունակելու հայկական շախմատի լավ ավանդույթները:

Եւ ահա, մեր թիմը մեկնեց Չեննայ: Երկար տարիների գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին փոխարինում էր երիտասարդ Արման Փաշիկյանը: Պետրոսյանի օրոք մեր թիմը դարձել է եւ Օլիմպիադայի, եւ Աշխարհի չեմպիոն: Մեծագույն հարգանք ունենալով նրա նկատմամբ՝ զգացվում էր, որ թիմին նոր մարզիչ է պետք: Մարզիչ, որը կապրի Հայաստանում, միշտ տեղեկացված կլինի շախմատիստներից ու թարմություն կբերի իր հետ:

Լուսանկարը` FIDE


Շախմատի ֆեդերացիայի լավագույն որոշումներից մեկը հենց Փաշիկյանի նշանակումն էր: Նա երիտասարդ է ու արդեն իսկ համարվում է ուժեղ ու հեռանկարային մարզիչ: Պատահական չէ, որ նրա մոտ մարզվում են մեր լավագույն պատանիները, աշխատում է նաեւ արտասահմանցիների հետ:

Արմանը տղաներին շատ լավ է ճանաչում, նրանցից մի քանիսի հետ խաղացել է նույն թիմում, մյուսների հետ լավ ընկերներ են: Իսկապես, ինչպես ասել է Վիշի Անանդը. «հայերն իսկական թիմ են»:

11 տուրում մեր տղաները տարան 9 հաղթանակ, 1 անգամ խաղացին ոչ-ոքի ու 1 անգամ էլ պարտվեցին՝ ապագա չեմպիոններին: Հանդիպումների ժամանակ համոզվում էինք, թե ինչպես են նրանք պայքարում, երբ մեկի դիրքը վատ էր լինում, մյուսն անում էր ամեն ինչ, որպեսզի իր պարտիայով հետ բերի ընկերոջ կորցրածը:

Լուսանկարը` FIDE


Հայտնի շախմատիստ Յուդիտ Պոլգարը մեկնաբանելու ժամանակ ասաց, որ «Հայաստանի հավաքականի տղաներն իսկական մարտիկներ են, չգիտեն ինչ բան է հանձնվելը: Տեսեք, Ռոբերտ Հովհաննիսյանը կարող է ոչ-ոքի խաղալ, բայց սպասում է Գաբրիել Սարգսյանի պարտիայի ավարտին: Ես խաղացել եմ հավաքականում, գիտեմ, թե ինչքան կարեւոր է, երբ զգում ես, որ թիմակիցդ չի հեռացել, քեզ մենակ չի թողել: Շատ  կարեւոր է, երբ զգում ես թիմիդ ներկայությունը: Հայաստանն այդպիսին է, նրանք իսկական ընկերներ են ու իրար մենակ չեն թողնում»:

Միգուցե այսօրվա մեր թիմում չկա թոփ մակարդակի շախմատիստ, բայց կա պայքարելու ոգի, այն էլ ինչպիսի: Առաջին խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանն իր մրցակիցներից շատերից անհատական ցուցանիշով հետ էր մնում, բայց տեսեք, թե ինչպիսի հաղթանակներ տարավ նրանց նկատմամբ, գործեց իսկական առաջատարի պես ու չվախեցավ ոչ մի անունից:

Լուսանկարը` FIDE


Չորրորդ տախտակում վստահ գործեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա հավաքականում խաղալու փորձ ուներ, սակայն այս անգամ բավական հասուն ու լավ տեսք ուներ: Նրա պարտիաները քննարկվում էին շախմատասերների կողմից, իսկ կարեւոր հաղթանակները հերթական հույսը տալիս մեզ:

Երիտասարդ Մանուել Պետրոսյանի համար այսպիսի խոշոր մրցաշարն առաջինն էր, իսկ նա իրեն բավական հաջող դրսեւորեց: Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը եւս հաջող պարտիաներ անցկացրին:

Ընդհանրապես, ի տարբերություն նախորդ տարիների, երբ քառյակը գրեթե անփոփոխ էր մնում (բացառությամբ առաջին տուրի սովորաբար թույլ մրցակցի դեմ խաղից), Փաշիկյանը խաղալու հնարավորություն տվեց բոլորին էլ: Մեր տղաները մեկը մյուսին փոխարինելով ու փոխօգնելով՝ հասան այսպիսի հաջողության:

Լուսանկարը` FIDE


Շնորհակալ ենք տղաներ: Այսքան վատ, անհույս օրերի մեջ ձեր հաղթանակներն անչափ կարեւոր են: Դուք ապացույցն եք այն բանի, որ մեր ազգը դեռ կարող եւ ունակ է հաղթանակներ տանելու եւ աշխարհին ցույց տալու, որ կանք:

Ասվում է, որ հայ ժողովրդի ազգային զարթոնքը եւ շարժումը սկսվեց 1960-ականներից, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա մեր հավաքականի այս հիանալի ելույթից էլ կծնվի նոր զարթոնք ու նոր հաղթանակ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին