Ապրիլ 23, 2024
exclusive
6515 դիտում

Բարսելոնա-92. Հայաստանի 1-ին Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը


Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից


Հայաստանի անկախ պետությունն առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1992 թվականին:

Ճիշտ է, նախկին ԽՍՀՄ երկրների (բացառությամբ Մերձբալթյան պետությունների) որոշմամբ թիմերը հանդես են եկել որպես ընդհանուր թիմ, սակայն յուրաքանչյուր պետություն ներկայացված է եղել իր դրոշով, իսկ հաղթող մարզիկի պատվին հնչել է իր երկրի պետական օրհներգն ու բարձրացել դրոշը:

Բարսելոնայի Օլիմպիական խաղերից անցել է ուղիղ 30 տարի: Այս կապակցությամբ Mediamax Sport-ն առանձին հոդվածներով կանդրադառնա խաղերի բոլոր հայ մեդալակիրներին: Նրանք թվով 5-ն են՝ չեմպիոններ Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան, Հրաչյա Պետիկյան եւ արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյան: Հայաստանի ընտրանու առաջին մեդալը նվաճել է ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը:

1992-ի ծանր ժամանակներն ու Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնը

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից


1990-ականները Հայաստանի համար ամենածանր տարիներն էին: Նոր անկախացած երկրում սպորտի նկատմամբ ուշադրությունը գրեթե զրոյական էր: Սակայն ՀԱՕԿ-ը որպես առանձին կառույց 1992-ին դարձել էր ՄՕԿ-ի անդամ եւ իրավունք վաստակել հանդես գալ տարբեր խոշոր մրցաշարերում: Դրանցից ամենակարեւորը եղավ Բարսելոնայի ՕԽ-ն:


«Խոշոր հաշվով պաշտոնյաները նույնիսկ չգիտեին, որ մենք գնում ենք Օլիմպիական խաղեր: Մեկնարկից երկու ամիս առաջ տեղի էր ունեցել Շուշիի ազատագրումը եւ ամեն ինչ ուղղված էր դեպի ճակատ: Սա մեզ ավելի էր ուժ տալիս, որպեսզի գնանք ու պայքարենք մինչեւ վերջ»,-հիշում է Իսրայել Միլիտոսյանը:

Խաղերից առաջ ԱՊՀ երկրների մարզիկների միջեւ կազմակերպվում են ընտրական մրցումներ, հաղթողն իրավունք էր ստանում հանդես գալ Օլիմպիական խաղերում: 67,5 կգ քաշային ծանրորդների պայքարում հաղթանակը տանում է Սեուլի ՕԽ-ի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Միլիտոսյանը:

«Հայկական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ի նախագահ Ռուբեն Հակոբյանն էր: Ճիշտ է, մենք ներկայացված էինք որպես ԱՊՀ-ի թիմ, բայց յուրաքանչյուր երկիր իր դրոշով էր հանդես գալիս: Դա եղավ նաեւ Հայաստանի պարագայում, մենք չորս մեդալակիր ունեցանք ու երեք անգամ հնչեց «Մեր Հայրենիք»-ը, չորս անգամ էլ բարձրացավ եռագույնը»:

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից


Հուլիսի 29-ին հայ մարզիկներից առաջինն Օլիմպիական չեմպիոնի տիտղոսին արժանանում է Միլիտոսյանը:

«Մեզ մարզահագուստ տվեցին հենց Բարսելոնայում, որի վրա ոչինչ չկար գրված: Բայց ես ունեի շապիկ, որի հետնամասում Հայոց այբուբենն էր, իսկ դիմացը գրված էր Armenia: Կազմակերպիչները սկզբում թույլ չէին տալիս, ուզում էին, որ ծածկեմ, բայց համառեցի ու դրանով դուրս եկա հարթակ:

Պոկում վարժությունում Օլիմպիական ռեկորդ սահմանեցի՝ բարձրացնելով 155 կգ ծանրաձող, չնայած պատրաստ էի ավելիին: Մարզիչ Վասիլի Ալեքսեեւը վախեցավ ռիսկի դիմել ու ասաց, որ 162-ին չմոտենամ: Հրումում գրանցեցի 182,5 կգ, ոտքի վնասվածք ունեի ու դժվար էր այս վարժության ժամանակ: Չնայած դրան՝ 337,5 կգ-ով դարձա Օլիմպիական չեմպիոն՝ երկրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի ծանրորդին գերազանցելով 10 կիլոգրամ»:

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից


Օլիմպիական չեմպիոնի պատվին հնչում է Հայաստանի օրհներգը, իսկ Իսկանդարյանն այդ պահին անսահման ուրախություն ու հպարտություն է զգում: Ըստ նրա՝ Հայաստանը հաղթած երկիր էր ու նաեւ սպորտում էր ցույց տալիս իր ուժը:

«Ելույթից հետո ծանրամարտի մեր թիմով նշեցինք հաղթանակս: Ալեքսեեւը, որն այդ օրը թոռնիկ էր ունեցել, բաժակի մեջ խմիչք լցրեց ու մեդալս մեջը գցեց, բոլորը մի կում արեցին, վերջում էլ՝ ես: Շատ հուզված էի: Մենք մի ընտանիքի պես էինք ու այդ Օլիմպիական խաղերը որպես մեկ թիմ վերջինն էին մեզ համար, դրանք նաեւ մի տեսակ բաժանման պես էին»:

Սպորտային արդարության վերականգնման սպասումով

«1992 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ է առաջին անգամ բարձրացել Հայոց Եռագույնը: Ինձ համար շատ ցավալի է, որ, չգիտես ինչու, բոլորն ասում են, թե առաջին Օլիմպիական չեմպիոնը եղել է 1996-ին: Այդպես չի, դրանից չորս տարի առաջ՝ 1992-ին, Հայաստանն արդեն անկախ պետություն էր, Բարսելոնայում ունեցել ենք երեք չեմպիոն ու մեկ փոխչեմպիոն: Այնպես չէ, որ ես եմ առաջինը չեմպիոն դարձել դրա համար եմ ասում: Ոչ, Մնացականն ու Հրաչյան էլ ինձ պես ոսկե մեդալակիր են: Պարզապես սա հանելուկի պես մի բան է ինձ համար, թե ինչու են մինչեւ այսօր այդպես սխալ բաներ ասում: Պետք է պատմությունը չկեղծվի, սպորտում ճշմարտությունը հարկավոր է վերականգնել: Շատերը նույնիսկ չգիտեն էլ այս ամենը, սա մեծ ցավով եմ ասում»,-շարունակում է Միլիտոսյանը:  

Լուսանկարը` Միլիտոսյանի անձնական արխիվից


Մրցավայրից հայրենիք նա վերադառնում է Մնացական Իսկանդարյանի հետ, իսկ նրանց Երեւանում դիմավորում են ընդամենը երկու հոգի՝ Ռազմիկ Ստեփանյանն ու Սիրեկան Ջանոյանը: Այլ է լինում ամեն ինչ Գյումրիում, որտեղ չեմպիոններին մեծ ոգեւորությամբ սպասում էին բոլորը, ուրախանում են միասին ու նշում հաղթանակը յուրովի:

«2016 թվականին մեր դպրոցից Գոռ Մինասյանը Ռիոյում դարձավ Օլիմպիական արծաթե մեդալակիր: Սա շատ ուրախալի ձեռքբերում է մեզ համար, չնայած շատ ենք ցանկանում, որ ոսկի լիներ: Հիմա շարունակում եմ աշխատել Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում, նպատակս Օլիմպիական չեմպիոն պատրաստելն է: Իմ ոսկե մեդալից 30 տարի է անցել, ցավոք, բայց այդ ընթացքում ծանրամարտից Օլիմպիական ոսկի չենք ունեցել: Մեր ողջ ուժերը ներդնում ենք, որպեսզի Հայաստանը ծանրամարտում ՕԽ չեմպիոն ունենա: Մենք լավ տղաներ ունենք ու երբ հասնեմ այս նպատակիս կատարմանը, շատ երջանիկ կլինեմ»,-եզրափակում է անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնը:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին