Ապրիլ 25, 2024
1594 դիտում

Համաշխարհային սպորտի ամենավառ դաջվածքները՝ Ֆելփսից մինչեւ Տալախաձե


Լուսանկարը` Goal

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Just Jared

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` Globo

Լուսանկարը` Si.com

Լուսանկարը` The Sun

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Live Journal

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` si.com

Լուսանկարը` Toronto Star

Լուսանկարը` Goal

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` Olympic

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` PSG


2016 թվականից միջազգային Օլիմպիական կոմիտեն թույլատրում է մարզիկներին ելույթ ունենալ դաջվածքներով:

2012 թվականին Պարալիմպիկ կոմիտեն նման արգելք էր դրել լողորդների վրա ու անգամ եղան այնպիսիք, որոնք պատժամիջոցների ենթարկվեցին: Պարալիմպիկ խաղերի չեմպիոն, բրիտանացի Ջոզեֆ Քրեյգն որակազրկվեց Եվրոպայի առաջնության 100 մ լողից՝ առյուծի պատկերով դաջվածքի համար: Նա ստիպված էր մնացած մրցումների ժամանակ փակել այն: 

 

Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկները հաճախ են հանդես գալիս դաջվածքներով, սակայն նրանց արգելվում է ցուցադրել որեւէ գովազդային արտադրանք կամ ապրանքանիշ: Իսկ Օլիմպիական օղակներով դաջվածքներին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը միշտ ուրախ է, քանի որ դրանք ցույց են տալիս մարզիկների հարգանքն ու նվիրվածությունը կարեւոր սպորտային իրադարձությանը:

 

Լուսանկարը` AP

 

Առաջին անգամ Օլիմպիական խաղերում դաջվածքով հանդես է եկել կանադացի լողորդ Վիկտոր Դեւիսը: Նա 1984 թվականին մասնակցել է Լոս Անջելեսի խաղերին ու համաշխարհային ռեկորդ սահմանել՝ սրտի վրա պատկերված թխկու տերեւի դաջվածքով:

 

4 տարի անց նրանից ոգեշնչվել է մեկ այլ կանադացի լողորդ՝ Քրիս Ջեյքոբսը, որը Սեուլում 3 մեդալ է նվաճել: Հենց նա էլ առաջինն է եղել, ով ցուցադրել է Օլիմպիական օղակներով դաջվածքը:

 

Այսօր ներկայացնելու ենք շատ հայտնի ու տիտղոսակիր մարզիկների տարբերվող եւ գեղեցիկ դաջվածքները:

 

Մայքլ Ֆելփս

 

Եվ սկսելու ենք Օլիմպիական ամենատիտղոսակիր մարզիկից՝ Մայքլ Ֆելփսից, որը մի քանի դաջվածք ունի:

 

Լողորդի մարմնին պատկերված է M տառը, միանգամից կարող եք մտածել, որ իր անվան սկզբնատառն է: Ոմանք նշում են, որ դա հարգանքի տուրք է Միչիգանի համալսարանին, որտեղ մարզվել է իր հայտնի մարզչի՝ Բոբ Բոումենի գլխավորությամբ, մյուսներն էլ գտնում են, որ իր հարազատ նահանգի՝ Մերիլենդի պատվին է:  

 

Լուսանկարը` Just Jared

 

Լողորդի աջ ազդրին Օլիմպիական 5 օղակներն են, որոնց մասին անհնար է չիմանա սպորտի ցանկացած սիրահար: Ֆելփսն այն ամեն անգամ յուրովի ընդգծում էր իր մարզական կարիերայի ընթացքում:

 

Լաշա Տալախաձե

 

Անվանի ծանրորդն էլ 2 դաջվածք ունի՝ աջ ոտքին ու ձախ ձեռքին: Օլիմպիական օղակներն ու ծանրաձողը դաջել է Ռիոյի Օլիմպիական խաղերում տարած հաղթանակից հետո, դրանից հետո նաեւ եւս մեկ անգամ էլ Տոկիոյում է չեմպիոն հռչակվել: Իսկ աջ ձեռքին Վրաստանի քարտեզն է: 

 

Տալախաձեն մեկ անգամ չի, որ սեր է խոստովանել Վրաստանին, այդ կերպ ամեն անգամ ծանրաձողը բարձրացնելիս ողջ հայրենիքն է իրեն օգնում, փոխարենը նա ցույց է տալիս իր սերն ու նվիրվածությունը:

 

«Շատ հնարավորություններ են եղել, որ այլ երկիր ներկայացնեմ, բայց երբեք Վրաստանի դրոշն ուրիշով չեմ փոխարինի»: 

 

Լուսանկարը` EWFED

 

Մարադոնա

 

1997 թվականին՝ կարիերայի ավարտին Մարադոնան տարվեց դաջվածքներով: Նա առաջիններից էր, որ դրանք նորաձեւ դարձրեց:

 

Աջ ուսին նա դաջեց լատինամերիկացի հեղափոխական եւ կուբայական հեղափոխության կոմանդանտե Չե Գեվարային: Նրա կենսագրությամբ Մարադոնան դեռ տարվել էր «Նապոլիում» հանդես գալու տարիներին:

 

«Նրա նկարով դաջվածքն արվեստի գլուխգործոց է: Կարելի է ասել, որ Չե Գեւարային սրտումս եմ կրում: Արգենտինայում Չեն ինձ համար նույնն էր, ինչ հայրենակիցներիցս մեծ մասի՝ մարդասպան, ահաբեկիչ, հեղափոխական, որը դպրոցներում ռումբեր էր տեղադրում: Այդ պատմությունն են ինձ սովորեցրել: Իտալիայում ցույցերի ժամանակ եմ տեսել նրա պատկերով դրոշներ ու սկսել կարդալ նրա մասին: Սովորեցի սիրել Չե Գեւարային, իմացա նրա լեգենդը: Ուզում եմ, որ դպրոցներում ճշմարտությունը պատմեն»,- իր ինքնակենսագրության մեջ գրել է Մարադոնան: 

 

Լուսանկարը` Globo

 

Ֆուտբոլիստի ոտքին էլ Ֆիդել Կաստրոն էր, որի հետ ընկերացել էր: Հենց Կուբայում էր նա հոգեբուժարանում բուժվում թմրանյութերից: Արգենտիանյում հրաժարվել էին, քանի որ վախենում էին նրա մահվան պատճառը դառնալ: Այդպիսով Մարադոնան շնորհակալություն էր հայտնել Կաստրոյին օգնության համար, որին 2-րդ հոր պես էր սիրում:

 

Մարադոնայի ուսին դաջված էր նաեւ վիշապ եւ դուստրերի անունները՝ Դալմա եւ Ջանինա:

 

Մայք Թայսոն

 

Մյուս հայտնի դաջվածքը պատկանում է բռնցքամարտիկ Մայք Թայսոնին: Նա այն քչերից է, ով համարձակվել է հենց դեմքին դաջվածք անել: Բռնցքամարտիկի ձախ աչքի կողքի մոտ նախշ է, որն առաջին հայացքից իր մեջ որեւէ խորհուրդ չի կրում: Նա բազմիցս է խոստովանել, որ հենց այդ դաջվածքով է սկսել իրեն ավելի շատ հավանել: 

 

Մասնագետները նշում են, որ սեւ թանաքով արված այդ դաջվածքը պատկանում է պոլինեզիական դաջվածքների թվին: 

Լուսանկարը` Si.com

 

Այդ դաջվածքը կրկնօրինակել են հայտնի «Տղաները Վեգասում 2» ֆիլմում, Թայսոնն ինքն էլ մասնակցել է նկարահանումներին, բավական կոլորիտային ու հետաքրքիր է ստացվել:

 

Դաջվածքի հեղինակն այնքան էլ լավ չի ընդունել այդ փաստն ու պահանջել է, որ իրեն էլ վճարեն հեղինակային իրավունքի համար: Ֆիլմն ամեն դեպքում ցուցադրվել է ու համաշխարհային մեծ ճանաչում ձեռք բերել:

Թայսոնն այլ դաջվածքներ էլ ունի, որոնք, միգուցե, քիչ ավելի հայտնի են: Նրա աջ ուսին Մաո Ցզեդունն է, դրանով ծածկել է Մայք գրությունը, որն արել է բանտում: Կողերի հատվածում էլ նա պատկերել է Չե Գեւարային:

 

Իսկ ահա Ցզեդունից մի քիչ ներքեւ՝ ագրեսիվ վագր է՝ Թայսոնի ամենաառաջին դաջվածքը, որն արել է դեռ 1979-ին: Ձախ ձեռքին էլ ազգային արժեքների առաջամարտիկ, թենիսի չեմպիոն ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Հիմնադրամի ստեղծող Արթուր Էշն է: Դաջվածքի վերնամասում գրված է «Days of Grace»:

 

Լուսանկարը` The Sun

 

Լեո Մեսսի

 

Ամենաշատ դաջվածքներ ունեցող ֆուտբոլիստներին կանդրադառնանք առանձին, սակայն այս ցանկում Լեո Մեսսիին չընդգրկել չէինք կարող:

 

Նրա մարմնի մեծ մասը պատված է դաջվածքներով, որոնք ամենատարբեր խորհուրդներ ու իմաստներն ունեն:

 

Երկար ժամանակ՝ մինչեւ 2010 թվականն արգենտինացին ոչ մի դաջվածք չուներ, անելուց առաջ խորհրդակցել է թիմակից Դանի Ալվեշի հետ ու որոշ մանրամասներ իմացել: Մեսսիի բոլոր դաջվածքների հեղինակը Ռոբերտո Լոպեսն է: Մեսսիի առաջին դաջվածքը մոր՝ Սելիայի պատկերով է եղել: 

 

Լուսանկարը` Twitter

 

Նրա ձախ ոտքին մեծ որդու՝ Տիագոյի ձեռքերն են, որոնց տակ սրտի մեջ գրված է տղայի անունը: Այն ցույց է տալիս ֆուտբոլիստի մեծ սերը: Տիագոյի ձեռքերից վերեւ նշված է 4 կարեւոր տարեթիվ՝ ֆուտբոլիստի ու կնոջ, ինչպես նաեւ տղաների ծննդյան օրերը: 

 

Աջ ոտքին էլ նրանց անուններն են, ինչպես նաեւ 3-րդ որդու՝ Չիրոյի ծննդյան ամսաթիվը: 

 

Ֆուտբոլիստի ձախ ոտքի վրա եղել են նաեւ թեւեր, վարդ ու դաշույն, այդ 3 սիմվոլները առավել հաճախ են օգտագործվում տատուների արվեստում:

 

2016-ին նա որոշեց ձախ ոտքը կտրուկ փոխել ու բոլոր կերպարները սեւ գույնով ծածկեց, հիմա ոտքի այդ մասին ասեք գուլպա լինի: Մեսսին դա բացատրել է նրանով, որ չի ցանկացել որդիներին ցույց տալ բռնություն պարունակող նկարներ: Վերջնական արդյունքում այդ ամենը վերածվել է 10 համարով գնդակի:

 

Լուսանկարը` Goal

 

Նրա աջ ձեռքին պատկերված է Հիսուսը, դա նրա մարմնի ամենամեծ պատկերն է: Ձախ ձեռքին էլ Անտոնիո Գաուդիի կառուցած Սագրադա Ֆամիլիա տաճարից մի հատված է: Կառույցը Բարսելոնայի խորհրդանիշներից է համարվում: 

 

Դրա կողքին էլ ջրաշուշան է, այդ ծաղիկն աճում է անգամ ամենամութ ճահճոտ ջրում: Հոգեւոր աշխարհում այն խորհրդանշում է մաքրության վերածնում: Որպես շարունակություն Մեսսիի հարազատ քաղաքի՝ Ռոսարիոյի քարտեզն է, կողքին՝ համրիչ: Կաթոլիկներն այն անվանում են Ռազարի, ինչից էլ առաջացել է քաղաքի անվանումը: 

 

Աջ ձեռքի արմունկի մոտ հին ժամացույց ու մեխանիզմ է պատկերված, դրանք խորհրդանշում են ներկա պահով ապրելու անհրաժեշտությունը: 

 

Իսկ Մեսսիի ձեռքի թագը նվիրված է կնոջը, Անտոնելան էլ նմանատիպ պատկեր ունի իր ձեռքին: Բացի այդ էլ Մեսսին նաեւ կնոջ մեծ աչքն է դաջել ձեռքին, որի հետ ծանոթացել են դեռ 5 տարեկանում: 

 

Լուսանկարը` FC Barcelona

 

2017-ին էլ երեւացել է նրա նոր դաջվածքը, «Էսպանյոլի» դարպասն ուղարկած 3 գնդակից հետո այնպես է հանել շապիկը, որ ցուցադրի Անտոնելայի կարմիր շութերը:

 

Անաստասիա Դավիդովա

 

Օլիմպիական 5-ակի չեմպիոն Դավիդովան համաշխարհային սպորտում ամենագեղեցիկ ու աչքի ընկնող դաջվածքներից մեկն ունի: Նրա ամբողջ մեջքին ճախրում են տարբեր գույների, չափերի ու ձեւերի 17 թիթեռնիկներ:

Լուսանկարը` Live Journal

 

Դաջվածքը նա արել է 2004 թվականին: Դրանք հատկապես տպավորիչ ու գեղեցիկ են նայվում ամսագրերի համար արված կադրերում, մինչդեռ մրցումների ժամանակ երկրպագուները դրանք համարյա չեն էլ տեսել: Ելույթների ժամանակ Դավիդովան դրանք քողարկում էր հատուկ քսուքով:

 

 

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին