Ապրիլ 16, 2024
1739 դիտում

Հավերժ վիլյերո Դիեգո Մարադոնան. Նորովի բացահայտված արգենտինացին


Լուսանկարը` Wikipedia

Լուսանկարը` laptrinhx.com

Լուսանկարը` marieclaire.perfil.com

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` BBC

Լուսանկարը` La Garganta Poderosa

Լուսանկարը` laptrinhx.com

Լուսանկարը` highsnobiety.com

Լուսանկարը` highsnobiety.com

Լուսանկարը` highsnobiety.com

Լուսանկարը` highsnobiety.com

Լուսանկարը` AMBA24

Լուսանկարը` AMBA24

Լուսանկարը` marieclaire.perfil.com


Անհնար է գտնել որեւէ մեկին, ով երբեւէ չի լսել Դիեգո Արմանդո Մարադոնայի մասին: Սակայն իրականում քչերս գիտենք, որ հիանալի ֆուտբոլիստ լինելուց բացի որքան խենթ, տարբերվող ու հետաքրքիր մարդ էր նա: Այսօր ներկայացնելու ենք նրա կյանքի յուրահատուկ պատմություններն ու արկածաշատ դրվագները:

Արգենտինայի 10 համարը միշտ ողջ է մնալու, քանի որ նրա մասին հիշողությունները երբեք չեն խամրելու:

Մարադոնան շատ վառ անհատականություն էր, սիրում էր երեկույթներ, ականջօղեր էր կրում, սիգար ծխում, կրքոտ պարում, դաջվածքներ անում ու աներեւակայելի հմայք ուներ: Փայլում էր ոչ միայն ֆուտբոլ խաղալիս, կրում էր ոճային հագուստ, լուսանկարվում Queen խմբի հետ ու ընկերություն անում Ֆիդել Կաստրոյի հետ:



Եթե նայեցիք ու կարոտեցիք նրա խելահեղ էներգիան, սկսենք:

Աստծո զարդարված ձեռքը

Մարադոնան սիմվոլ էր դարձել դեռ 1980-90-ականներին, երբ ֆուտբոլ չափազանց կարճ կիսատաբատներով էին խաղում, իսկ խաղադաշտ թույլ էին տալիս դուրս գալ զարդերով: 1986-ի Աշխարհի առաջնության ժամանակ Մարադոնան Անգլիայի դարպասը հայտնի ձեռքով գոլը գրանցել է հենց նման մարզահագուստով, ականջօղով, մատանիով ու ձախ ձեռքին ամրացված ապարանջանով: Դե ֆուտբոլային Աստծո ձեռքն էլ այդպիսին է լինում:

Լուսանկարը` laptrinhx.com


Մարադոնայի մեծությունը ոչ միայն խաղադաշտում էր, նրանով ոգեշնչվում էին նաեւ հայտնի դիզայներները: 2016 թվականին իտալական Dolce&Gabbana-ն իր հավաքածուում ընդգրկեց «Նապոլիի» հայտնի բաց երկնագույն շապիկ 10 համարով՝ Մարադոնայի ստորագրությամբ:

Լուսանկարը` marieclaire.perfil.com


Ճիշտ է, նման բան արել էր առանց ֆուտբոլիստի համաձայնության, ինչի համար արգենտինացին նրանից 70 հազար դոլար ստացավ դատարանի որոշմամբ:

Խայտաբղետ ոճն ու Versace-ն

Դժվար է որեւէ ճշգրիտ բառ գտնել Մարադոնայի ոճը նկարագրելու համար: Մի բան կարելի է ասել հաստատ՝ վառ էր հագնվում: Հայտնվում էր ատլասե վերնաշապիկներով, նախշերով կոստյումներով, աչքի ընկնող շապիկներով, ջինսերով ու կաշվե բաճկոններով:

Բրենդներից հատկապես հավանում էր Versace-ն, որը նույնպես նախապատվությունը տալիս էր վառ պրինտերին ու գույների անհավանական համադրություններին: Իտալական բրենդի հագուստ նա կրում էր նաեւ կարիերայի ավարտից հետո: Մոռացանք նշել, որ Մարադոնան նաեւ մուշտակների մեծ սիրահար էր:

Լուսանկարը` marieclaire.perfil.com


Queen-ը

80-ականների սկզբին Դիեգոն դեռ կուռք չէր դարձել, բայց բավական հայտնի էր ու շատ արագ էր աճում, երիտասարդական թիմի հետ արդեն Աշխարհի չեմպիոն էր հռչակվել:

Իսկ ահա բրիտանական Queen խումբն այդ ժամանակ աշխարհահռչակ էր ու ձայնագրել էր մի քանի հայտնի հիթեր՝ «We Will Rock You» ու «We Are The Champions»:

1981-ին խումբը շրջագայության էր մեկնել Արգենտինա, առաջին անգամն էր, որ նրանք այնտեղ էին Ֆրեդի Մերկուրիի հետ:

Մարտի 8-ին՝ արգենտինական եզրափակիչ համերգի ժամանակ Ֆրեդին ասաց. «Կցանկանայի ներկայացնել ձեր ու մեր Մարադոնային»:

Դահլիճը պայթեց ծափահարություններից, երբ ֆուտբոլիստը հայտնվեց բեմում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրեդիին ու Queen-ին, որ ինձ այսքան երջանիկ դարձրին»,- ասաց նա, ինչից հետո էլ հայտարարեց հաջորդ երգը՝ «Another One Bites the Dust»-ը:

Բեմ դուրս գալուց առաջ Մարադոնան ու խմբի անդամները մի քանի լուսանկար էին արել՝ Ֆրեդին Արգենտինայի հավաքականի շապիկով, իսկ Մարադոնան՝ Մեծ Բրիտանիայի:

Լուսանկարը` BBC


2-րդ հայր Կաստրոն

Ֆուտբոլիստի ուսը զարդարում էր Չե Գեվարան, իսկ ոտքը՝ Ֆիդել Կաստրոն, որը նրան օգնել էր բուժվել թմրանյութերի կախվածությունից:

Առաջին անգամ Մարադոնան մեկնել է Կուբա 1987-ին, որտեղ էլ ծանոթացել է երկրի ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ: Նրանց ընկերությունն ամրացել է, երբ 2000-ին Մարադոնան վերադարձել է Ազատության կղզի: Նա Հավանայից 700 կմ հեռավորության վրա գտնվող կլինիկայում է բուժվել:

Մարադոնան շնորհակալություն է հայտնել Կաստրոնին օգնության համար: Բանն այն է, որ արգենտինական կլինիկաները հրաժարվել են ընդունել ֆուտբոլիստին, վախենալով, որ մահվան դեպքում նրանց մեղավոր կճանաչեն:

Մարադոնան պատմել է, որ Կաստրոն առավոտյան հաճախակի է զանգահարել իրեն, որպեսզի զրուցեն քաղաքականությունից եւ սպորտից:

Լուսանկարը` BBC


«Ֆիդելն ինձ համար երկրորդ հոր պես էր»,- ասել է Մարադոնան ու որպես հարգանքի նշան ոտքին նրա պատկերով դաջվածք արել:  

2005 թվականին անգամ Կաստրոյից հարցազրույց է վերցրել «Տասի գիշերը» հաղորդման համար, որը եթեր էր հեռարձակվում 13-րդ ալիքով:

Կաստրոն մահացավ 2016-ին, Մարադոնան այդ ժամանակ Խորվաթիայում թենիսի մրցաշար էր հետեւում: Պատմեց, որ լուրը լսելուց հետո անսահման արտասվել է: Ֆիդելը մահացավ նոյեմբերի 25-ին, ուղիղ 4 տարի անց նույն օրը մահկանացուն կնքեց նաեւ Մարադոնան:

Հանուն հետնախորշերի

Արգենտինայում լույս է տեսնում կարեւոր ամսագիր՝ La Garganta Poderosa, որը գրում է վիլյերոների՝ հետնախորշերում ապրողների մասին:

Դրանք շատ խիտ են բնակեցված ու չկան ապրելու տարրական սանիտարական կանոններ, էլեկտրաէներգիան անօրինական է, իսկ մարդիկ հազիվ են ապրուստի գումար վաստակում: Դիեգոն էլ ապրել է նման պայմաններում, ընտանիքը բնակվել է կիսաքանդված տան մեջ: Տանիքն անձրեւների ժամանակ կաթում էր, իսկ տանը սովորական խմելու ջուր անգամ չունեին:

Լուսանկարը` La Garganta Poderosa


La Garganta Poderosa-ն փորձում է ցույց տալ հետնախորշերի խնդիրները, ներկայացնել նրա բնակիչներին առաջին դեմքով, որպեսզի կիսվեն սեփական պատմություններով ու նկարներով: Բոլոր համարներում կան աստղեր, 2011 թվականին հրավիրված էր Մարադոնան:

Ամսագրի յուրահատկությունն այն է, որ շապիկին հայտնված մարդը բացում է բերանն այնպես, ասեք գոռում է: Նպատակն ընթերցողների ուշադրությունը գրավելն է: Մարադոնայից հետո հրավիրվել են նաեւ Մեսսին, Ագուերոն, Օսվալդոն, Դի Մարիան:

«Ես լինելու եմ վիլյերո ողջ կյանքի ընթացքում, որովհետեւ ոչ մեկ այդ քաղաքը չի վերցնի իմ գլխից ու սրտից: Ես էլ բոլորիդ պես երազում եմ հավասարության մասին»,- կիսվել էր Մարադոնան:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին