Ապրիլ 25, 2024
1179 դիտում

Լավագույն մրցակիցներն ու ընկերները. Ռոջեր Ֆեդերեր եւ Ռաֆայել Նադալ


Լուսանկարը` nytimes

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` nytimes

Լուսանկարը` bleacherreport

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` ATP

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` LUnion

Լուսանկարը` nytimes

Լուսանկարը` nytimes


Մեզ բախտ է վիճակվել ապրել ու հետեւել աշխարհի մի քանի լավագույն թենիսիստների պայքարին ու խաղին:

Սակայն այսօր խոսելու ենք Ռոջեր Ֆեդերերի ու Ռաֆայել Նադալի հետաքրքիր մրցակցության, փոխադարձ հարգանքի ու նաեւ ընկերության մասին:

«Ռաֆայի ու Ռոջերի մրցակցությունը թենիսի պատմության ամենահարգալից դիմակայություններից է: Երբ նրանք կորտում են, շուրջը բոլորը հուզում են: Նրանց դեմ խաղալն ինձ զգալիորեն ուժեղ ու լավն է դարձրել»,- խոստովանել է Նովակ Ջոկովիչը:

Իսկ թե ինչ են իրարից սովորել ու ինչպես աճել միմյանց շնորհիվ Ֆեդերերն ու Նադալը, կպարզենք միասին:

Տպավորիչ ցուցանիշները

Ֆեդերերի ու Նադալի պայքարը թենիսում երբեւէ եղած մեծագույն դիմակայություններից է համարվում: Նրանք միմյանց դեմ խաղացել են 40 անգամ, ընդ որում Նադալն առաջ է 24-16 հաշվով, իսկ եզրափակիչներում՝ 14:10: 40-ից 20 հանդիպում անցկացվել է հարդ ծածկույթի վրա, 16-ը՝ գրունտի եւ 4-ը՝ խոտի:

Լուսանկարը` ATP


Մեծ Սաղավարտում նվաճած մրցանակների քանակով առաջատարը Նադալն է, նա հաղթել է 22 անգամ, երկուսով պակաս է Ֆեդերերը: Միասին նրանք բազմաթիվ ռեկորդներ են սահմանել:

Խաղացել են 11 խոշոր մրցաշարերի եզրափակիչներում շարունակ՝ 2005 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից մինչեւ 2007-ի ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Նրանք միակ զույգն են, որոնք 6 տարի շարունակ հաջորդաբար լավագույնն են եղել ATP-ի դասակարգման աղյուսակում՝ այդ ցուցանիշը պահելով 2005-2010 թվականներին: Այն իր մեջ ներառում է ռեկորդային 211 շաբաթ:

2006-2008 թթ. մասնակցել են Ֆրանսիայի բաց առաջնության ու Ուիմբլդոնի ամեն եզրափակչի, վերջինիս 2008 թ. եզրափակիչը շատ թենիսիստներ ու մասնագետներ համարել են պատմության մեծագույն դիմակայությունը: Այն տեւել է 4 ժամ 48 րոպե ու ամենաերկար եզրափակիչն է եղել՝ մինչեւ թայ-բրեյքերի կիրառումը:

Թենիսիստներն անցկացրել են 52 գեյմ ու նրանց միավորների տարբերությունն ընդամենը 5 է՝ 2009-2004 հօգուտ իսպանացու:

Լուսանկարը` ATP


Ուիմբլդոնի եռակի հաղթող Ջոն Մաքինրոյը հանդիպումը մեկնաբանելիս ասել է, այդ եզրափակիչը լավագույնն է, որ երբեւէ բախտ է վիճակվել հետեւել:

Թեեւ իսկապես դժվար է առանձնացրել նրանց մասնակցությամբ որեւէ կոնկրետ  հանդիպում, քանի որ թենիսիստներն ամեն անգամ նոր հույզեր ու էմոցիաներ են նվիրել հանդիսականներին:

Մրցակցության սկիզբը

Ֆեդերերի ու Նադալի ամենառաջին հանդիպումը կայացել է 2004 թվականի մարտին Մայամիի Մասթերսում: 17-ամյա Նադալն այդ ժամանակ 34-րդ համարն էր ու իսկական սենսացիայի հեղինակ դարձավ՝ հաղթելով առաջին տեղում ընթացքող Ֆեդերերին:

Երկրորդ անգամ նորից խաղացել են Մայամիում, այդ անգամ 5 սեթում Ֆեդերերը մրցակցին ոչ մի շանս չի տվել, դրանից հետո նրանց հանդիպումները շատ սպասված ու դիտարժան են ստացվել:

Լուսանկարը` nytimes


Հետաքրքիր է, որ Նադալը Մեծ Սաղավարտի մրցումներում Ֆեդերերին չի զիջել 2007-2017 թվականներին ու նրանք երբեք չեն հանդիպել US Open-ում:

2013 թվականի փետրվարին Ֆեդերերն իր 1000-րդ հանդիպումն է անցկացրել, հաղթած ու պարտված հանդիպումների հարաբերակցությունը կազմել է 813:187: Նադալի համար 1000-րդ խաղը 2017 թվականի մարտին էր, նա 30 տարեկան, 9 ամսեկան ու 23 օրական էր, արդյունքն էլ 822:178:

Ռեկորդները

Նադալը ծնվել է 1986 թվականի հունիսի 3-ին: Կարիերայի ընթացքում վաստակել է 100 մլն դոլարից ավելի:

Իսպանացին արժանիորեն կրում է գրունտի արքա կոչումը: Հենց նրան է պատկանում միեւնույն ծածկով կորտի վրա տարած ռեկորդային հաղթանակը՝ նա չի զիջել 2005 թվականի ապրիլից մինչեւ 2007 թվականի մայիսը, այդ ընթացքում տարել է 81 հաղթանակ ու գրունտի վրա տիրացել 16 տիտղոսի: Հաղթական շարքը ընդհատել է հենց Ֆեդերերը, որը Համբուրգի Մասթերսում ուժեղ է եղել նրանից 2:6, 6:2, 6:0 հաշվով:

Շվեյցարացի թենիսիստը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 8-ին: Վաստակել է 123 մլն դոլարից ավելի:

Լուսանկարը` bleacherreport


Հեղինակավոր Tennis Channel-ի վարկածով 2012 թվականին ճանաչվել է թենիսի պատմության մեծագույն խաղացող: Նա նաեւ 21-րդ տարի առաջին տասնյամյակի լավագույն թենիսիստն է, հենց Ֆեդերերն է ամենաերկարը եղել առաջին ռակետ,  ռեկորդը տեւել է 237 շաբաթ շարունակ:

Ֆեդերերը

Ես տեսել եմ, թե ինչպես է իմ աչքերի առաջ Նադալը մեծացել: Նա թենիսում այն մարզիկներից է, որին կարող եմ զանգահարել, ընդ որում գիտեմ՝ ինչ էլ նրան ասեմ, մեր մեջ է մնալու: Շատ եմ գնահատում, որ մեզ հաջողվել է նման հարաբերություններ կառուցել:

Երբ ես նոր էի սկսել հանդես գալ մեծահասակների մակարդակում, Անդրե Աղասին միշտ ընկերական էր վերաբերվում հետս: Փիթ Սամփրասը այնքան էլ չէր խոսում, բայց նույնպես բարի էր: Նրանց պես ես էլ համարում եմ, որ երիտասարդ սերնդի հետ պետք է ընկերանալ, ոչ թե ստիպել նրանց անհարմար զգալ: Հարգանը չափազանց կարեւոր է:

Կարծում եմ, երբ մարդիկ տեսնում են իմ ու Նադալի հարաբերությունները, նրանք փոխում են իրենց վերաբերմունքը նաեւ թենիսի նկատմամբ: Մենք շատ երկար ժամանակ կորտում մրցակիցներ ենք, բայց դրանից դուրս հիանալի ենք շփվում: Շատերը կարծում են, որ սպորտը դաժան է, բայց հավատացեք կյանքում ամեն ինչ այլ է:

Լուսանկարը` ATP


Նադալի հետ մեր մտերմությունը էվոլյուցիայի է ենթարկվել, սկզբում նա շատ էր շփոթվում, հարգանքով էր վերաբերվում լավագույն 10-յակի խաղացողների ու հատկապես՝ ինձ հետ: Կորտում շատ դաժան դիմակայություններ ենք ունեցել, տարաձայնություններ, բայց իրար միշտ ենք հարգել:

Այքան կարեւոր պահեր ենք իրար հետ կիսել կորտում, ինչն էլ ձեւավորել է մեր ընկերությունը: Որքան մեծանում ենք, այնքան ավելի լավ եմ հասկանում, որ Ռաֆան իմ կարիերայում շատ կարեւոր մարդ է եղել: Նա միշտ կլինի իմ գլխավոր մրցակիցը: Նա ինձ օգնեց ավելի լավը դառնալ: Ռաֆան ինձ համար լրացուցիչ մոտիվացիա էր: Մեր մրցակցությունն այն է, ինչ շատ եմ հավանում թենիսում:  

2022 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում իր տարած ռեկորդային 21-րդ Մեծ Սաղավարտի առիթով Ֆեդերերը Նադալին այսպես է շնորհավորել.

Հպարտ եմ, որ Նադալի հետ կիսում եմ նույն դարաշրջանը: Իմ ընկերոջն ու մեծագույն մրցակից Ռաֆայել Նադալին: Սրտանց շնորհավորում եմ քեզ, որ Մեծ Սաղավարտի 21-րդ տիտղոսն ես նվաճել: Մի քանի ամիս առաջ կատակում էինք, որ երկուսս էլ հենակներով ենք քայլում: Զարմանալի է, երբեք պետք չէ թերագնահատել մեծագույն չեմպիոնին:

Լուսանկարը` ATP


Քո անհավանական նվիրումը գործին ու մարտական ոգին ոգեշնչում են ինձ եւ էլի շատերին ամբողջ աշխարհում: Հպարտ եմ, որ քեզ հետ նույն դարաշրջանն եմ կիսում ու ես էլ քեզ օգնել եմ շարժվել դեպի տիտղոսներ: Նույնն էլ դու ես ինձ համար արել վերջին 18 տարիների ընթացքում: Համոզված եմ, որ քեզ դեռ շատ նվաճումներ են սպասվում, իսկ հիմա վայելիր այս մեկը:
 
Նադալ

Չէի պատմի մեր ընկերության մասին, բայց մենք իսկապես ֆանտաստիկ հարաբերություններ ունենք: Չնայած դրան, իմ մոտիվացիան կորտում երբեք էլ չի փոխվում անկախ նրանից, թե ում դեմ եմ խաղում:

Երկար տարիներ է ես ու Ֆեդերերը հիանում ենք իրարով: Այնքան լավ պահեր ենք ունեցել, մեր մրցակցության շնորհիվ ընդլայնել ենք թենիսի մասին պատկերացումները: Շատ ենք գնահատում այն ամենը, ինչին միասին ենք հասել:

Իսկ սա փոքրիկ բոնուս ընկերների համատեղ ուրախ զրույցից, որը կվարակի նաեւ ձեզ:



Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին