1087 դիտում

ՕԽ-ում տարիքային շեմի սահմանումն ու պատանի մարզիկներին պաշտպանելը


Լուսանկարը` IOC

Լուսանկարը` Sky Sports

Լուսանկարը` wsj.com

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` IOC

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` olympicchannel.com

Լուսանկարը` Անձնական-արխիվից



Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում անկրկնելի արդյունքներ ու աննախադեպ նվաճումներ գրանցվեցին, սակայն մրցումներն առաջին հերթին կհիշվեն Կամիլա Վալիեւայի անվան հետ կապված դոպինգային սկանդալով:

Հենց դա էլ առիթ դարձավ, որ ՄՕԿ-ը մտածի խաղերի մասնակիցների տարիքային շեմը վերանայելու մասին: Կառույցի նախագահ Թոմաս Բախը հայտնեց, որ մեծահասակների ելույթներում անչափահասների մասնակցության հետ կապված որոշում պետք է կայացնեն:

Իսկապես, կան մարզաձեւեր (գեղասահք, մարմնամարզություն, լող, սքեյթբորդ, ֆրիսթայլ), որոնցում վերջին խաղերում ոչ միայն մասնակցում են դեռ բավական երիտասարդ մասնակիցները, այլ նաեւ կարողանում մեդալներ նվաճել:

Որքանով է ճիշտ տարիքային շեմ սահմանելն ու ինչ կտա դա սպորտին, փորձել է պարզել Mediamax Sport-ը:

Տարիքային շեմը

Միջազգային Օլիմպիական կոմիտեի կանոնների համաձայն, չկա որեւէ հստակ տարիքային սահմանափակում, որը կկանոնակարգի խաղերում մասնակցությունը: Ամեն մարզաձեւի առանձին ֆեդերացիաներն են հետեւում մասնակից մարզիկների տարիքին: Որոշ միջազգային ֆեդերացիաներ, օրինակ, չեն արգելքում մարզիկներին բավական երիտասարդ տարիքում մասնակցել խաղերին: Տոկիոյում բրիտանուհի Սքայ Բրաունը չեմպիոն հռչակվեց 11 տարեկանում:

Լուսանկարը` Sky Sports


Օլիմպիական ջրացատկում չի թույլատրվում մասնակցել մինչեւ 14 տարեկանը, մարմնամարզությունում նվազագույն տարիքը ինչպես խաղերում, այնպես էլ Աշխարհի առաջնություններում 16 տարեկանն է: Միայն բռնցքամարտում է, որ թույլատրվում է Օլիմպիական որակավորման մրցումներում հանդես գալ միայն այն դեպքում, եթե լրացել է 18 տարին, իսկ վերին շեմը 39 տարին է:

Միրա Պոտկոնենը Տոկիոյում հանդես եկավ հատուկ թույլտվությամբ, նրա 40 տարին արդեն լրացել էր, եւ կարողացավ հանդես գալ միայն այն պատճառով, որ խաղերը մեկ տարով հետաձգվել էին: Դա թույլ տվեց ֆին մարզուհուն մեդալ նվաճել 2-րդ խաղերում անընդմեջ, նա կրկնակի բրոնզե մեդալակիր դարձավ:

Օլիմպիական խաղերում ֆուտբոլի հավաքականներում կարող է ընդգրկված լինել 23 տարեկանից բարձր միայն 3 խաղացող:

Խաղերի պատմության ամենաերիտասարդ մասնակիցը հույն մարմնամարզիկ Դիմիտրոս Լունդրասն է: Նա 1896 թ. Աթենքում կայացած ժամանակակից առաջին խաղերին մասնակցել է 10 տարեկանում ու բրոնզե մեդալ նվաճել:

Լուսանկարը` wsj.com


Իսկ ամենատարեցը շվեդ Օսկար Սուոնն է, նա 1920-ին հրաձգության մրցումներին մասնակցել է 72 տարեկանում:

Վալիեւան

Փետրվարի սկզբին Կամիլա Վալիեւայի դոպինգ-նմուշում, որը վերցվել էր դեկտեմբերի 25-ին, հայտնաբերվեց արգելված տրիմետազիդին, որն օգտագործվում է սրտի բուժման նպատակով: Արդյունքում CAS-ը գեղասահորդուհուն թույլատրեց մասնակցել խաղերին, թեեւ ՄՕԿ-ն ու WADA-ն դեմ էին: Սպորտային արբիտրաժային դատարանում գեղասահորդուհին հայտնեց, որ դեղամիջոցն օգտագործում էր իր պապիկն ու այն օրգանիզմում հայտնվել է սննդի միջոցով:

Կարճ ծրագրից հետո Վալիեւան խաղերի կանանց մրցաշարի առաջատարն էր 82,16 միավորով: Սակայն նրա անվան շուրջ ընթացող բուռն քննարկումների ու համաշխարհային ԶԼՄ-ում բազմաթիվ հրապարակումների արդյունքում մարզուհին լարվածությանը դիմանալ չկարողացավ ու ազատ ծրագրում մի քանի սխալ թույլ տվեց: Արդյունքում 15-ամյա Վալիեւան 4-րդ տեղը գրավեց:

Լուսանկարը` CNN


Նրա պատճառով չկայացավ նաեւ գեղասահքի թիմային պայքարի պարգեւատրման արարողությունը: Հաղթող էր դարձել Ռուսաստանի թիմը, որն այդպես էլ իր մեդալները չստացավ:

Նման սթրեսի ու լարվածության անգամ ավելի փորձառու մարզիկները դիմանալ չեն կարող, ուր մնաց այսքան երիտասարդ մասնակիցները: Հենց այդ ամենը նաեւ հաշվի առնելով ՄՕԿ-ը հանդես եկավ տարիքային շեմ սահմանելու հայտարարությամբ:

«Իմ առաջին Օլիմպիական խաղերը վերջապես ավարտված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներիս, որոնք կողքիս էին: Նրանք իսկապես իրենց գործի վարպետներն են ու օգնում են ինձ ուժեղ լինել»,- դոպինգային սկանդալից հետո սրանք մարզուհու 1-ին խոսքերն են:

Բախի խոսքը

Վալիեւայի հետ կապված միջադեպից հետո Բախը խոսեց նաեւ երեխայի հետ դաժան վարվելու մասին, դա առաջին հերթին նրա մարզչական շտաբին էր վերաբերվում:

«Իմ կարիերայի ընթացքում շատ կեղծիք եմ լսել, անարդար բացատրություններ, թե դոպինգն ինչպես է հայտնվել մարզիկի օրգանիզմում: Մի բան հաստատ է, հազվադեպ է  լինում, որ միայն մարզիկն է այդ ամենում մեղավոր լինում:

Անգամ փշաքաղվեցի ու սառա, թե որքան անտարբեր մարզիչները Վալիեւային դիմավորեցին ազատ ծրագրից հետո: Փոխանակ նրան քաջալերեն ու աջակցեն, զգացի, թե նրա շուրջ որքան սառը մթնոլորտ է ձեւավորվել»,-պնդեց նա:

Լուսանկարը` IOC


Չուշացավ ռուսական կողմի պարզաբանումը: Մարզիչ Էտերի Տուտբերիձեն ահա թե ինչ ասաց. «Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու ՄՕԿ-ի նախագահը մեր աշխատանքին նման գնահատական տվեց»:

Ամեն դեպքում հենց Վալիեւայի միջադեպը ՄՕԿ-ին դրդեց որոշիչ քայլերի, որոնք դեռ քննարկումների փուլում են:

Ի դեպ, վերջերս գեղասահքի միջազգային ֆեդերացիան որոշեց, որ մեծահասակների մրցումներին կարող են մասնակցել միայն 17 տարին լրացած մարզիկները, նախկինում այդ շեմը 15 տարեկանն էր:

Պատանեկան խաղերը

2010 թվականից սկսած ՄՕԿ-ն անցկացնում է նաեւ պատանեկան Օլիմպիական խաղեր: Առաջինը կայացել են Նանջինգում ու իսկական տոնի վերածվել երիտասարդ մարզիկների համար: 2012-ին էլ Ինսբրուկում ձմեռային մարզաձեւերում են մրցել պատանիները: Դրանց նախատիպն են եղել 1998 թվականին Մոսկվայում ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերը:

Պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունեն 15-18 տարեկան մարզիկները: Դրանք անցկացնելու գաղափարը ՄՕԿ-ի նախկին նախագահ Ժակ Ռոգեինն են: Դրանք ոչնչով չեն զիջում բուն Օլիմպիական խաղերին, նույն ոգին է, բացման շքերթն ու մրցակցությունը, պարզապես ցածր է մասնակիցների տարիքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խաղերի հիմնական նպատակն է երիտասարդներին ներգրավել օլիմպիական շարժման մեջ, նախապատրաստել նրանց միջազգային մեկնարկների բարդ հոգեբանական պայմաններին եւ Օլիմպիական խաղերի համար լավ կադրեր ընտրել»,- նշված է պատանեկան խաղերի բնութագրման մեջ:

Հետեւաբար հարց է առաջանում, եթե երիտասարդներն ունեն ու կարող են մասնակցել սեփական Օլիմպիական խաղերին, ինչո՞ւ հենց այդպես էլ չանել:

Իհարկե, կան մարզիկներ, որոնց իրենց արդյունքներով ու ցուցանիշներով շատ են գերազանցում իրենց հասակակիցներին ու պատրաստ են մասնակցել մեծահասակների պայքարին, սակայն նման տաղանդները շատ չեն լինում:

Օլիմպիական մեդալների քանակով ռեկորդակիր Մայքլ Ֆելփսն Աթենք իր առաջին խաղերին մեկնեց 18 տարեկանում, բացի այդ էլ այդ ժամանակ պատանեկան խաղեր դեռ չկային:

Լուսանկարը` olympicchannel.com


Հոգեբանական կողմը

Հայաստանի Օլիմպիական հավաքականի կազմում երբեւէ խաղերի մասնակցած ամենաերիտասարդ մարզուհին Սիրվարդ Էմիրզյանն է եղել: Նա Մոսկվայում հանդես է եկել ու արծաթե մեդալակիր դարձել ջրացատկում 14 տարեկանում:

Նա Mediamax Sport-ին պատմել է, թե ինչպիսի զրկանքներ է կրել ու դժվարություններ ունեցել այդ պատճառով:

«Ջրացատկն իմ մանկությունից է զրկել ու ընկերներից, շատ արագ մեծացա ու չհասցրի ոչինչ վայելել: Անգամ վերջին զանգի ու ավարտական երեկոյի չեմ կարողացել գնալ: Մինչեւ ժամը 19:30 մարզում ունեի, թույլատրեցին 2 ժամով գնալ ու շուտ վերադառնալ, որ հաջորդ օրվա պարապմունքին պատրաստ լինեմ: Ավելի լավ էր չգնայի, այդպես էլ արեցի:

Օլիմպիական մեդալն իմ կարիերայի գագաթնակետն էր, բացառիկ արդյունք, բայց շատ կցանկանայի 18 կամ 22 տարեկանում էլ խաղերի մասնակցել ու ամեն ինչ մեծի պես ընկալել»:

Լուսանկարը` Անձնական-արխիվից


Միանշանակ ոչ ոք չի կարող պնդել, որ ճիշտ է արգելել անչափահասներին պայքարել մեծահասակների հետ: Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության ու հոգեբանական պատրաստվածության առումով նրանք միանշանակ տարբեր մակարդակների վրա են գտնվում: Ամեն մարզիկ ինքն է որոշում ինչպես կառուցել կարիերան ու ինչպիսի զոհողությունների գնալ:

Սակայն վերջնական որոշում կայացնողը լինելու է ՄՕԿ-ը, որն այդ հարցը քննարկելու է WADA-ի, միջազգային սպորտային ֆեդերացիաների ու շահագրգիռ կողմերի հետ:

Օլիմպիական խաղերը նաեւ սպորտային տոն են ու դրանց արդյունքում մարզիկները չպետք է նման սթրեսի ենթարկվեն եւ վնասեն իրենց հոգեբանական առողջությանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին