Ապրիլ 25, 2024
3404 դիտում

Լեո Մեսսի. Ինչ-որ պահի ամեն մեկն էլ պետք է իրեն ասի, որ չի կարող միշտ հաղթել


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` Goal.com

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Sky News

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` UEFA


ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին այսօր տոնում է ծննդյան 35-ամյակը:

«Բարսելոնայի» աստղն ու Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը շատ դժվարությունների միջով է անցել հաջողության հասնելու համար: Նրա տարեդարձին հավաքել ենք արգենտինացու կարեւոր խորհուրդներն ու մոտիվացնող խոսքերը:

Մանկուց շատ ջանքեր եմ գործադրել ու շատ զոհողությունների գնացել հանուն ֆուտբոլի: Բայց այդ ամենն արել եմ հանուն մեկ նպատակի՝ ուզում էի ֆուտբոլիստ դառնալ ու հաջողության հասնել այն գործում, որն ամենից շատ եմ սիրում:

Փոքր ժամանակ շատ հանգիստ կյանքով եմ ապրում ու ողջ ժամանակս տրամադրել ֆուտբոլին: Երբ դեռ փոքր էի ու ընկերներս ինձ կանչում էին զբոսնելու, չէի միանում նրանց, քանի որ գիտեի՝ վաղը մարզում ունեմ: Այդ օրվանից ոչինչ էլ չի փոխվել: Հիմա էլ, երբ ընկերներս տեղ են հրավիրում, մնում եմ տանը: Պետք է իմանաք, որ տաղանդն ու զոհաբերությունը կողք կողքի են քայլում:

Լուսանկարը` Twitter


Եթե ուզում ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, պատրաստ եղիր, որ այս կյանքում շատ բաներից ստիպված ես լինելու զրկվել: Ես հեռացել եմ սիրելի Արգենտինայից, որտեղ մնացել են ընկերներս, հարազատներս ու անգամ ընտանիքիս անդամները: Բայց ես գնացել եմ հանուն նպատակի ու ամեն ինչ իզուր չի եղել:

Երբ 22 տարեկանում առաջն անգամ Ոսկե գնդակ ստացա, ինձ համար անհավանական էր, անգամ երազել այդ մասին չէի կարող: Այդ պահից հետո շատ բան է փոխվել, բայց մեկ բան մնում է նույնը՝շարունակում եմ աճել ու երազել: Փորձում եմ ինձ լավը դարձնել ամեն օր: Ու ամեն օր փորձում եմ անսահման հաճույք ստանալ ֆուտբոլից:

Վերջին անգամ արտասվել եմ, երբ երեխաներս են ծնվել: Այն պահից սկսած, երբ ավագ որդիս լույս աշխարհ է  եկել, ինձ համար առաջին տեղում միայն ընտանիքն է: Հայր դառնալն օգնեց ամեն ինչին նորովի նայել: Երեկ միլիոն կարեւոր գործ ունեիր, իսկ այսօր քեզ համար ամենակարեւորը երեխադ է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իհարկե, ես շարունակում եմ սիրել ֆուտբոլը, որը պաշտում եմ, բայց առաջինը միշտ ընտանիքն է մնում: Ավագ տղաս՝ Տիագոն, նույնպես ֆուտբոլ շատ է սիրում ու երբեմն ծանր պարտություններից հետո ինձ համար դժվար է հույզերս զսպել նրա մոտ: Նա ամեն ինչ հասկանում է, այդ մասին չի խոսում հետս, քանի որ գիտի, թե ինչ է կատարվում իմ ներսում:

Իսկ ահա Մատեոյի հեչ պետքն էլ չէ, նա անգամ մրցակից թիմերին է  երկրպագում: Բայց որքան էլ բարդ ժամանակներ ապրեմ, տղաներս ու նրանց մայրն ինձ համար ամենամեծ երջանկությունն են:

Ամեն պարտություն ցավ է, բայց ժամանակի ընթացքում սովորեցի դրանք այլ կերպ ընդունել: Տիագոյի ծնունդից հետո փոխեցի առաջնահերթություններս ու հասկացա, որ ինձ համար կարեւոր է ոչ միայն խաղի ելքը: Ոչինչ որ քո թիմը զիջել է, կգնաս տուն, կնայես կնոջդ ու երեխաներիդ եւ կհասկանաս, որ կյանքը շարունակվում է: Տխրությունը քեզ այդ պահին միանգամից բաց է թողնում:

Լուսանկարը` PSG


Իսկ նախկինում կարող էի փակվել տանը, մեկուսանալ ամբողջ աշխարհից, չսնվել, անգամ հեռուստացույց չնայել  ու ոչ մեկի հետ չշփվել: Հիմա պարտավոր եմ ճաշի սեղանին լինել ընտանիքիս հետ: Այո, պարտությունները ինձ էլի ցավ են պատճառում, բայց դրանց այլ կերպ եմ վերաբերվում՝ ավելի հանգիստ:

Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ սիրած գործով եմ զբաղվում: Եթե Աստված ինձ դրա համար եւս մի քանի տարի է նախատեսել, կշարունակեմ խաղալ ուրախացնել մարդկանց: Ժամանակն արագ է անցնում, չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կշարունակեմ մնալ ֆուտբոլում, բայց չեմ պլանավորում կանգ առնել:

Ես սովորաբար այնքան էլ շատախոս չեմ, իմ փոխարեն ոտքերս են խոսում:

Կյանքն ավելի հիասքանչ կլինի, եթե ամեն օր նոր բան կարողանաս սովորել:

Լուսանկարը` Goal.com


Ոչ մի կերպ չեմ չափում հաջողությունս: Կարեւոր չէ, թե երեկ ինչ է տեղի ունեցել, միշտ պետք է առաջ նայել: Կյանքը չափազանց արագ է անցնում, որպեսզի կառչես տեղի ունեցածից:

Նվաճումները լավ բան են, սակայն դրանք պետք է անհանգստացնեն լրագրողներին, ոչ թե ինձ:

Չեմ կարող նշել իմ ամենագեղեցիկ գոլը: Ես գոլերի մասին մտածում եմ որպես ամենակարեւորն ու ոչ այդքան կարեւորը: Եզրափակչի գնդակները միշտ էլ կարեւոր են:

Ամեն խաղում հանդես եմ գալիս նույն կերպ, ասես այն եզրափակիչ լինի:

Ինչ-որ պահի ամեն մեկն էլ իրեն պետք է ասի, որ չի կարող միշտ հաղթել:

Լուսանկարը` UEFA


Փողն ինձ ստիպում է ավելի լավ խաղալ, բայց մինչեւ հիմա ինձ զգում եմ այն նույն փոքրիկ տղան, ով մայրիկից գնդակ էր խնդրում ու փողոցում երեխաների հետ խաղում: Այն օրը, երբ էլ այդ ամենը չզգամ, կհեռանամ ֆուտբոլից:

Փողը կյանքն ավելի հարմարավետ է դարձնում, բայց երբեք էլ չի ոգեշնչում: Չէ՞ որ ես ապրում եմ, որ ֆուտբոլ խաղամ, ոչ թե բարելավեմ ֆինանսական կարգավիճակս:

Փողից մոտիվացիա չեմ ստանում ու չեմ հուզվում այն մտքից, որ հարուստ եմ: Դրանից լավ կամ վատ չեմ խաղում: Ես երջանիկ եմ միայն նրանից, որ գնդակը հայտնվում է ոտքերիս տակ: Անգամ եթե գումար էլ չստանայի, կշարունակեի անվճար խաղալ:

Ինձ պետք չի գեղեցիկ մարմին կամ էլ աչքի ընկնող սանրվածք, պարզապես գնդակը նետեք ոտքերիս տակ ու ես ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ:

Ինձ թվում է Ռոնալդուն արտակարգ է ու այս ամենն ասում եմ առանց որեւէ նախանձի: Եթե չլիներ, չէի փորձի նրան գերազանցել ու կմնայի նույն տեղում:

Լուսանկարը` UEFA


Միշտ ձգտում եմ ավելի լավը դառնալ: Երկու գնդակ խփելով՝ զգում ես, որ ավելին կարող ես, ինչո՞ւ 3-րդն էլ չփորձել: Հենց դա է պերֆեկցիոնիզմը, ինչն էլ կյանքի շարժիչ ուժն է:

Այն, ինչ ես անում էի, անհամեմատելի էր այն ծավալի աշխատանքի հետ, որ ամեն խաղում իրենց վրա էին վերցնում Ինիեստան ու Չավին: Կարոտում եմ նրանց ու  կարիքը զգում խաղադաշտում եւ հանդերձարանում: Նրանց հետ վստահություն ունեի, որ յուրաքանչյուր մրցակցի կարող ենք հաղթել:

Պաշտում եմ մրցակցային պրոցեսը, հենց դա է ինձ ստիպում զարգանալ: Տանել չեմ կարողանում զիջել: Պարտությունից հետո որեւէ մեկի հետ խոսելու ցանկությունս կորչում է:

Լուսանկարը` UEFA


Հաճախ եմ լսել, որ մարդիկ ասում են. «Մեսսին երբեք չի խաղացել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, նրա համար չափազանց դժվար կլիներ հանդես գալ նման պայմաններում»: Նրանք անգամ պատկերացում չունեն, թե ինչ պայմաններում եմ ես կայացել: Օրինակ՝ Ռոսարիոյում մենք խաղում էինք խաղադաշտում, որը ծածկված էր ջարդված ապակիներով ու լիքը փոսեր ուներ:

Եթե երազանք ունեք, պետք է պայքարեք առանց հոգնելու: Միայն տքնաջան աշխատանքն ու զոհողությունների գնալու պատրաստակամությունն են օգնում այն կյանքի կոչել:

Լուսանկարը` Sky News


Այս կյանքում ամենակարեւորը երեխաների ժպիտն է: Միշտ փորձում եմ ուրախացնել ինձնից ինքնագրեր խնդրող կամ էլ նկարվել ցանկացող երեխաներին: Դրանք ինձ համար ամենաթանկ բանն են:

Ֆուտբոլից նույնպիսի հաճույք եմ ստանում, ինչպես բակերում խաղացող փոքրիկ տղաները:

Ինձ համար երբեք տարբերություն չկա, խաղում ենք ՉԼ-ի եզրափակչում, թե ընկերական խաղում, որի արդյունքը ոչինչ էլ չի փոխում: Միշտ հանդես եմ գալիս առավելագույն նվիրումով:

Թիմային հաղթանակներն ավելի կարեւոր են, քան անհատական մրցանակները: Կարող ես բազմաթիվ գոլեր խփել, բայց էական է միայն ընդհանուր հաջողությունը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես լավ մարդու ու թիմային խաղացողի:

Լուսանկարը` UEFA


Նախկին նվաճումները ոչ մի կապ չունեն ներկա պահի հետ: Եթե անգամ շատ բաների ես հասել, հաղթանակների ծարավը ոչ մի տեղ էլ չպետք է անհետանա: Չի կարելի կանգնել տեղում: Հիշեք, ամեն ֆուտբոլիստ էլ աճելու ու ավելացնելու տեղ ունի: Ստացած մրցանակները չպետք է ազդեն զարգանալու վրա:

Ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկն են համարում: Բայց եթե չկարողանաս նվաճումների հասնել, բոլոր արժանիքներդ ոչինչ են: Առանց թիմակիցներիդ ու ակումբիդ օգնության դու ոչինչ ես:  

Բախտս բերել է, որ «Բարսելոնայում» եմ խաղացել: Այն ինձ թույլ է տվել այդքան լավը դառնալ, փայլել խաղադաշտում: Թիմակիցներիս ներդրումն իմ հաջողություններում հսկայական է: Կարծում եմ, որ նրանք ինձ ավելի շատ են օգնել, քան ես նրանց: Բայց անդադար հաղթել հնարավոր չէ: Այդ փաստի հետ պետք է համակերպվել:

Անչափ շատ եմ սիրում գոլեր խփել ու կապ չունի, թե ով է մրցակիցը՝ Բրազիլիան, «Ռեալը», թե մեկ ուրիշ թիմ:

Լուսանկարը` UEFA


Երբեմն ինձ թվում է, որ մարդկանց դուր է գալիս ինձ մեղադրել բոլոր մեղքերում: Ի՞նչ կարող եմ անել: Միակ ելքն է համակերպվել ամեն ինչի հետ ու շարունակել խաղալ ավելի մեծ նվիրումով:

Ամեն տարի ՉԼ-ում մենք տեսնում ենք համարյա թե ուժերի հավասար դասավորություն: Բայց երբեմն հաղթելն, իսկապես, բարդ է: Մրցաշարին մասնակցում են ամենալավ թիմերն ու դրա համար էլ այն յուրահատուկ հմայք ունի:

Պեպ Գվարդիոլան բացառիկ մարզիչ է, նրան կարելի է նաեւ ուսուցիչ անվանել: Նա միշտ զգուշացնում էր, թե հանդիպման ժամանակ ինչը կարող էր պլանավորածի պես չընթանալ ու ինչ խնդիրների կարող ես առնչվել:

Կյանքը շատ բազմակողմանի է: Նրա կոորդինատների համակարգում կան շատ ավելի կարեւոր բաներ, քան պարզապես հաղթանակներն ու պարտություններն են:

Ես միշտ եմ եղել արգենտինացի, կամ ու կշարունակեմ լինել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին