Ապրիլ 16, 2024
exclusive
4814 դիտում

Ուղղեք բացթողումները, դարձեք կարգապահ ու խաղացեք արժանապատիվ ֆուտբոլ


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Photolure


Անչափ մեծ է բոլորիս ցանկությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերից հեռանալ հպարտությամբ եւ բարձր գլխով:

Յուրաքանչյուր նոր մրցափուլից առաջ հույս ենք ունենում, որ այս անգամ մերոնց մոտ մի բան կստացվի: Բայց տարիներն անցնում են, գլխավոր մարզիչները փոխվում, նոր ֆուտբոլիստներ ի հայտ գալիս, իսկ էական առաջխաղացում այդպես էլ տեղի չի ունենում:

Լուսանկարը` Photolure


Իհարկե, Ազգերի լիգայի C լիգայում գրանցած հաջողությունն անսահման ուրախացրել էր բոլորիս: Դա տեղի ունեցավ այնպիսի ծանր ժամանակահատվածում, որում գտնվում էր Հայաստանը 2020-ի աշնանը: Ֆուտբոլային հաղթանակը մի պահ մեղմում էր այն ցավը, որի մեջ հայտնվել էինք բոլորս:

Մեր մարզչական շտաբը նշում է, որ B լիգայում մրցակիցներն ավելի ուժեղ են, հետեւաբար պայքարելն էլ դժվար է դառնում: Բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք այս ամենը, սակայն մի՞թե մեր նպատակը թույլ մնալն ու ցածր մակարդակի ֆուտբոլով «յոլա գնալն» է: Մի՞թե իսպանական հայտնի մարզիչների խումբը Հայաստան չի ժամանել մեր ֆուտբոլային բացերը լրացնելու, սխալները շտկելու եւ ժամանակակից ֆուտբոլին համապատասխան խաղ ցուցադրելու համար:

Լուսանկարը` Reuters


Եթե այո, ապա, ցավոք, մենք դրան դեռ ականատես չենք լինում: Եթե ոչ, ապա ո՞րն է նրանց գործառույթը:

Գիտեմ, շատերը կհակադարձեն, թե միանգամից ոչինչ չի կարող փոխվել, պետք է համբերել ու կամաց-կամաց հասնել արդյունքի: Սակայն խոսքը միայն հաղթական արդյունքի մասին չէ:

Խոսենք մեր թիմի անցկացրած վերջին չորս խաղից: Իռլանդիային հաղթեցինք, ուրախացանք, նկատեցինք սխալները, բայց մտածեցինք, որ առաջին խաղն էր, մարզիչները դրանք կշտկեն:

Շոտլանդիայում երեւաց, թե որքան ենք մենք հետ մնում, զիջում ու գնդակի հետ վարվում առանց մտածելու (կարեւորը այն հեռու լինի դարպասից): Ուկրաինայի դեմ գրեթե նույն պատկերն էր, բացառությամբ մի քանի կազմակերպած գրոհի: Մի քանի օրվա տարբերությամբ խաղեր անցկացնելը մեր ֆուտբոլիստների համար չէ, նրանք ֆիզիկապես շատ են զիջում:

Լուսանկարը` Reuters


Իսկ երեկվա խաղն արդեն գագաթնակետն էր: Լավ սկսեցինք, գոլ խփեցինք ու թվաց՝ կարող ենք ֆուտբոլ խաղալ: Բայց Արման Հովհաննիսյանը որոշեց կարմիր քարտ ստանալ: Արման, դու գիտակցո՞ւմ ես, թե ինչպիսի իրավիճակի համար քեզ պատժեց մրցավարը, առաջին անգա՞մն ես միջազգային ասպարեզում ու չգիտե՞ս, որ սա բակում ընկերների հետ խաղ չէ ու չես կարող քեզ այդքան ակնհայտ անթույլատրելի գործողություններ թույլ տալ:

Լուսանկարը` Photolure


Կարմիր քարտից հետո մեր թիմը դարձավ ավելի թափթփված, անկազմակերպ, դրան զուգահեռ ֆուտբոլիստները որոշեցին խախտումներ անել, քաշքշել մրցակիցներին ու ոչ պրոֆեսիոնալ պահել իրենց: 90+1 րոպեին թե ինչ էր մտածում Կամո Հովհաննիսյանը, դժվար է ասել, բայց սկսված վիճաբանության ավարտին նա եւս կարմիր քարտ ստացավ:

Լուսանկարը` Photolure


Հարգելի ֆուտբոլիստներ, մի կողմ եմ դնում ձեր մասնագիտական հմտությունները, ֆիզիկական տվյալները, ֆուտբոլային մտածողությունը: Հարց եմ տալիս որպես հայ մարզիկի՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ներկայացնում եք ազգային հավաքականը, Հայաստանը, թե՞ ձեզ համար երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնը ձեր հայաթն էր, մրցակիցը՝ կողքի բակի տղաները, որոնց հետ կարելի էր նաեւ փողոցային կռիվների մեջ մտնել: Դուք ամեն ասուլիսի հպարտությամբ ասում եք, թե հանուն հայրենիքի պայքարելու եք մինչեւ վերջ: Իսկապե՞ս, հանուն հայրենիքի այդպե՞ս են իրենց պահում:

Լուսանկարը` Photolure


Խաղից հետո Վահան Բիչախչյանն ասաց, թե այս ամենը մոռանալ է պետք: Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ֆուտբոլիստներն ամեն պարտություն հենց այդպես էլ անում են, արագ մոռանում են ու վերջ, առանց երեւէ դաս քաղելու: Դուք պարտությունները չպետք է մոռանաք, դրանք պետք է լինեն ձեզ սթափեցնող, մարզումներին ավելի շատ ժամանակ հատկացնող ու հաղթանակի ձգտելու մեծ ցանկություն հաղորդող ցավ:

Մինչեւ չունենաք ավելիին ձգտելու ցանկությունը (ոչ թե պարզապես հերթական անգամ հավաքական հրավիրվելու մասին մտածեք), ոչնչի էլ չեք հասնի: Մինչեւ չցանկանաք ավելի ուժեղանալ, անընդհատ աշխատեք ու սովորեք, զսպեք ձեզ խաղադաշտում ու կարգապահ լինեք, կշարունակեք ասել, թե գրաֆիկը խիտ է, մրցակիցն անհամեմատ ուժեղ, մրցավարը վատը եւ այդպես շարունակ:

Լուսանկարը` Photolure


Ցանկանում եմ առանձնացնել նաեւ Խոակին Կապառոսին: Հիշում եմ, երբ նա եկավ Երեւան, բոլորս սկսեցինք խոսել, թե բարձրակարգ մասնագետ է, ինչպիսի ակումբներում ու հայտնի ֆուտբոլիստների հետ է աշխատել: Անշուշտ, նա եւ իր թիմը լավ մեկնարկեցին, բավական թվով երիտասարդների ներգրավեցին, տարբեր սխեմաներ ու մոտեցումներ փորձարկեցին:

Կապառոսին հատուկ է էմոցիոնալ մեկնաբանությունները, հայրենիքից ու հանուն ազգի խաղալուց խոսելը: Բայց վերջին խաղերում նրա բազմաթիվ որոշումներ անհասկանալի մնացին, հիմնական կազմի ընտրությունը կամ փոփոխություններ կատարելը եւս: Ցավոք, բայց մարզիչը սկսեց ասուլիսներում նաեւ չպատասխանել կոնկրետ հարցերի՝ գեղեցիկ ձեւերով շրջանցելով դրանք:

Լուսանկարը` Photolure


Երեկ էլ ասաց, որ գոհ է մնացել առաջին 43 րոպեից: Համոզված եմ, որ պարոն Կապառոսը շատ լավ գիտի, թե իր հարազատ ֆուտբոլային գերհզոր երկիր Իսպանիայում բոլորի համար ֆուտբոլը 90 րոպե է եւ ինչ էլ եղած լինի 43 րոպեում, այն ոչ ոք չի հիշելու ու դրա համար միավորներ նվիրելու:

Հարկավոր չէ նեղսրտել լրագրողների հնչեցրած արդարացի հարցերից: Անկեղծ եմ ասում, մեզ համար աննկարագրելի ցավոտ է ամեն անգամ գլխիկոր քայլել մրցակից երկրների լրագրողների մոտով ու հերթական անգամ բարկացած լքել մարզադաշտը:

Արդարանալու կամ հարցերից խուսափելու փոխարեն ողջ թիմով (ֆուտբոլիստներ, մարզիչներ, ֆեդերացիա) գտեք բացթողումները, որոնք հաստատ բոլորիցս լավ գիտեք, կարգապահությունը հասցրեք բարձր մակարդակի ու վերջապես սկսեք արժանապատիվ ֆուտբոլ խաղալ:

Լուսանկարը` Reuters


Սրանից տարիներ առաջ լրագրողները չէին սահմանափակվում ասուլիսներով ու նախախաղային մարզման 15 րոպեն դիտելով: Ասուլիսի սահմանափակ ժամանակն ու ֆորմատը թույլ չեն տալիս ավելի խորքային զրույց ծավալել:

Նախկինում մենք Ֆուտբոլի ակադեմիայում ներկա էինք լինում բաց մարզման, առանձին հարցարզույցներ անում ֆուտբոլիստների հետ, որի ժամանակ էլ հաճախ էինք խոսում պարտություններից, խնդիրներից, տալիս նաեւ սուր հարցեր: Դրանք եւս ֆուտբոլիստներին ցույց են տալիս, որ իրենց մոտ ամեն ինչ չէ, որ իդեալական է: Այսօր նրանք միայն ՀՖՖ TV-ի վիդեոնյութերում են ու պատասխանում են իրենց համար հաճելի հարցերի:

Լուսանկարը` Reuters


Ճիշտ կլիներ, որ ՀՖՖ-ն այս «փակ» սահմանը բացեր եւ կրկին թույլ տար լրագրողներին հավաքների ժամանակ առանձին հանդիպումներ ունենալ: Կարծում եմ, որ մենք չենք խանգարի ծանրաբեռնված մարզմանը, ինչը չենք արել նաեւ նախկինում:

Ի վերջո, 30-ամյակը նշող ՀՖՖ-ն պարտավոր է նշանակալի ձեռքբերման հասնել ու այնպես անել, որ մինչ այսօր «Արարատ-73»-ի հաղթանակներով ուրախացող հայ ազգը ֆուտբոլում այլ նվաճումներ եւս ունենա:


Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին