Ապրիլ 26, 2024
3420 դիտում

Մադրիդի «Ռեալի» կամ էլ Կիլիան Մբապեի ձախողումը


Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG


Վերջին տարիների ամենաքննարկված տրանսֆերային սագան հանգուցալուծվեց։ Դեռ մի քանի ամիս առաջ բոլորը վստահ էին, որ գալիք մրցաշրջանից ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն պաշտպանելու է Մադրիդի «Ռեալի» «գույները»։ Սակայն ՊՍԺ-ի ղեկավարությունը՝ ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆիի գլխավորությամբ, արեց ամեն ինչ Մբապեին թիմում պահելու համար եւ դա նրանց հաջողվեց։

Ի վերջո, Մբապեն պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ մինչեւ 2025 թվականի ամառ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ բացի այն բանից, որ ֆրանսիացին աստղաբաշխական գումարներ է ստանալու փարիզյան ակումբում, ունենալու է նաեւ ՊՍԺ-ում փոփոխություններ կատարելու լիազորություններ:

Լուսանկարը` PSG


Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիացին վճռորոշ դեր կունենա ակումբի տրանսֆերային քաղաքականությունում, ինչպես նաեւ լիազորված կլինի գլխավոր մարզչին հեռացնել եւ նոր մարզիչ առաջարկել։ Այս ամենը բացառիկ երևույթ է համաշխարհային ֆուտբոլում։ Փարիզյան ղեկավարությունը շարունակում է աչքի ընկնել ֆինանսական ահռելի միջոցների շնորհիվ՝ տաղանդավոր ֆուտբոլիստներին թիմ հրավիրելու ու պահելու հարցում։

Սա դուր չի եկել Լա Լիգայի ղեկավարությանը։ Խավիեր Տեբասը, որ Լա Լիգայի նախագահն է, պատրաստվում է դատի տալ ՊՍԺ-ին եւ ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆիին՝ ֆինանսական քաղաքականությունում ֆուտբոլի արդար խաղի կանոնները խախտելու համար։ Այս մասին դեռ շատ մանրամասներ չեն նշվում, սակայն Տեբասը հայտարարել է, որ ՊՍԺ-ի սեփականատերը ավելի վտանգավոր եւ կործանարար է դառնում ֆուտբոլի համար, քան Սուպերլիգան։

Լուսանկարը` PSG


Սուպերլիգա ստեղծելու մասին նախորդ տարի հայտարարել էին մի քանի անվանի ակումբներ, սակայն որոշ ժամանակ անց՝ այդ նախագիծը մերժվեց։ Այս դատական հայցը հաջողության դեպքում կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ֆրանսիական թիմի համար, քանի որ Լա Լիգայի նախագահը կոչ է արել ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել Ալ-Խելայիֆիի եւ ՊՍԺ-ի նկատմամբ։

Արդյո՞ք Մբապեն կարիերան շարունակելու ճիշտ որոշում է կայացրել։ ՊՍԺ-ում մոտ ժամանակներում սպասվում են փոփոխություններ։ Արդեն քանի ամիս է՝ շրջանառվում են շշուկներ, որ ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Փարիզյան ակումբի երկրպագուները արդարացիորեն դժգոհում են, որ արգենտինացի մասնագետը, ունենալով աստղային կազմ, չկարողացավ «Ռեալին» հաղթել ու շարունակել պայքարը Չեմպիոնների Լիգայում։ Գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանն է։

Լուսանկարը` PSG


Զիդանի նշանակման պարագայում դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխություններ կլինեն թիմում եւ Մբապեն, կստանա՞ խոստացված սուպերֆուտբոլիստի դերը թիմում։ Արդեն հայտնի է դարձել, որ ամռանը թիմը կլքի Անխել Դի Մարիան։ Շշուկներ են պտտվում, որ Լեո Մեսսին իրեն լավ չի զգում փարիզյան թիմում եւ դիտարկում է ՄԼՍ-ում կարիերան շարունակելու տարբերակը։ Անկասկած, տեղի են ունենալու զգալի փոփոխություններ, իսկ դա կնպաստի՞ Մբապեյի եւ ՊՍԺ-ի վերելքին, թե՞ ոչ, կարող ենք միայն ենթադրել։

Ֆրանսիացի հարձակվողն իր որոշման մասին անձամբ տեղեկացրել է «Ռեալի» նախագահին։ Ֆլորենտինո Պերեսը ափսոսանք է հայտնել՝ ասելով․

«Ցավում եմ, որ այսպես ստացվեց։ Նրանք կոտրեցին քո մանկության երազանքը։ Լավագույնն եմ մաղթում քեզ»։

Մբապեի տրանսֆերի ձախողումից հետո մադրիդյան ակումբը դիտարկում է այլ ֆուտբոլիստի թիմ հրավիրելու տարբերակներ։ Սերուցքայինների երկրպագուները ցանկանում են տեսնել Քրիշտիանո Ռոնալդուի վերադարձը։ Պորտուգալացին՝ չնայած տարիքին, արդյունավետ մրցաշրջան է անցկացրել ՄՅՈՒ-ի կազմում։ Սակայն մանկունյանցիներին չհաջողվեց հայտնվել Չեմպիոնների Լիգայի գոտում։ Ռոնալդուն հավանական է, որ կլքի ակումբը, իսկ տարբերակներից ամենահավանականը Մադրիդ վերադարձն է։ Մայրաքաղաքայինները դիտարկում են նաեւ «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի տրանսֆերի տարբերակը։ Սակայն ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելը դժվար կլինի, քանի որ նրանով է հետաքրքրված նաեւ «Լիվերպուլը»։  

Լուսանկարը` PSG


Այսպիսով, Մբապեն նոր մրցաշրջանում կշարունակի պաշտպանել փարիզյան ակումբի գույները։ ՊՍԺ-ի նպատակները մնում են նույնը՝ հաղթել Ֆրանսիայի առաջնությունում ու տիրանալ Գավաթին։ Ինչպես նաեւ փարիզյան ակումբի համար դեռեջս անկատար է մնում Չեմպիոնների Լիգայի տիտղոսը։ Մբապեն խաղընկերների հետ կփորձի հաջորդ մրցաշրջանում հասնել այդ նպատակին։ Իսկ, թե նրան տրված լիազորությունները կօգնեն թիմին, թե հակառակը՝ դեռ պարզ չէ։

Լեւոն Կիրակոսյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին