Ապրիլ 24, 2024
exclusive
4116 դիտում

Հովսեփյան. ԵԱ-ում մեր թիմից պահանջելու ենք մինչ այս չգրանցած աննախադեպ արդյունք


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդամենը մի քանի օրից Երեւանն առաջին անգամ ընդունելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանալու են հետաքրքիր մենամարտեր:


Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ ու պարզել, թե ինչպես է իրենց հաջողվել ընդունել Եվրոպայի առաջնությունն ու ինչ դժվարությունների են հանդիպել այդ ճանապարհին:

«Առաջնության կազմակերպչական աշխատանքներն ընթանում են ծրագրվածի պես, խնդիրներ չեն առաջացել: Ճիշտ է, պատասխանատվությունը մեծ է, բայց ես շատ լավ եմ տրամադրված: Իմ նպատակն է բարձր որակի առաջնություն անցկացնել, որ մեր երկիրը լավ գնահատական ստանա եւ բոլոր հյուրերն ուրախ տպավորություններով հեռանան Երեւանից:  


Գերմանիայի, Ուկրաինայի, Շվեդիայի եւ Բուլղարիայի թիմերն արդեն Հայաստանում են ու վերջին մարզումներն այստեղ են անցկացնում: Մյուս հավաքականները եւս կամաց-կամաց ժամանում են, արդեն սկսել ենք դիմավորել պաշտոնատար անձանց:

Մեր հավաքականը պատրաստվում է, հույս ունեմ, որ լավ մարզավիճակով հանդես կգա: Մեկ պայման է դրված թիմի առջեւ՝ գրանցել մինչ այս չունեցած աննախադեպ արդյունք: Մնացածն արդեն կերեւա մենամարտերի ժամանակ: Հուսամ, դահլիճում շատ երկրպագուներ կլինեն, որոնց աջակցությունը կոգեւորի ու կօգնի մեր տղաներին:


Մեր երկիրը երբեք մեծահասակների առաջնություն չի անցկացրել: Նման բարձր կարգի մրցաշար ձեռք բերելն ու անցկացնելը Հայաստանի պես երկրների համար բավական դժվար է:

Որպես բռնցքամարտիկ ես Ուկրաինայում եմ պարապել ու հետագայում անձնական կապեր եմ հաստատել շատերի հետ: Հնարավորություններս ներում են ու ցանկացա օգնել իմ երկրին, իսկ դա կարող էի անել մի ոլորտում, որից լավ եմ հասկանում. դա բռնցքամարտն է:

Երբ դարձա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մտադիր էի նախ Եվրոպայի պատանեկան կամ երիտասարդական առաջնություն անցկացնել, դրանից հետո նոր դիմել մեծահասակների ԵԱ-ի համար: Բայց ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանն առաջարկեց միանգամից մեծահասակների առաջնության մասին մտածել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ոգեւորվեցի, քննարկումներ ունեցանք ու հասկացանք, որ կարող ենք հավակնել այդ մրցաշարին: Եվրոպայի ֆեդերացիային հայտ ներկայացրի, ինչից հետո կառույցում մի շարք գործընկերներ ասացին, թե ռիսկային քայլ եմ անում, քանի որ նախկինում նման մրցաշար մեր երկիրը չի կազմակերպել: Նրանց հայտնեցի մեր տեսլականն ու ասացի, որ սովոր ենք բարդությունների ու կարող ենք դրանք հաղթահարել: Քվեարկության արդյունքում 9-ը ձայնից ստացանք 7-ը եւ շահեցինք 2022-ի Եվրոպայի առաջնության անցկացման հայտը:

Ես բռնցքամարտիկի կարիերան թողել եմ մրցավարների անարդարության պատճառով: Չնայած մեր մարզաձեւը սուբյեկտիվ է, բայց ինքս անում եմ ամեն ինչ, որպեսզի մրցավարների պատճառով սխալ արդյունքները բացառվեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակներիցս մեկն էլ բռնցքամարտիկներին լավ մարզումային պայմաններ ապահովելն ու շատ մրցաշարերի մասնակցելն է: Բոլոր տարիքային խմբերի թիմերն այս ընթացքում բազմաթիվ միջազգային ռինգերում են հանդես եկել:

Կարեւոր է նաեւ գույքային աջակցությունը, որը պարբերաբար կատարում ենք: Պարզ է, Եվրոպայի առաջնության պատճառով հիմա մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն ունենք, մի փոքր դադար ենք վերցրել, բայց շուտով կրկին շարունակելու ենք:

2021-ի դեկտեմբերին Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի հավաքականների մասնակցությամբ Երեւանում միջազգային մրցաշար անցկացրինք: Այս տարի եւս ծրագրում ենք կազմակերպել ու նվիրել Վլադիմիր Ենգիբարյանին ու նրա մարզիչ Էդուարդ Արիստակեսյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ մինչ այդ զբաղվում ենք Եվրոպայի առաջնությունով: Այն նպաստելու է Հայաստանում բռնցքամարտի մասսայականացմանը: Կարծում եմ, որ առանց մեծ կարգի մրցաշարեր ընդունելու մարզաձեւի զարգացումն անհնար է:

Եվրոպայում եւ աշխարհում մեզ ճանաչում են որպես հյուր գնացող երկիր: Բռնցքամարտի ընտանիքները լավ հարաբերություններ ունեն, ու մեր ընտանիքը միշտ հյուր է գնում: Ժամանակն է, որ մյուս ընտանիքներին ինքներս հյուրընկալենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին