exclusive
3740 դիտում

Ինտրիգային վերջաբան Եվրոպայում ու Հայաստանում


Լուսանկարը` thisisanfield.com

Լուսանկարը` planetfootball.com

Լուսանկարը` AC Milan

Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` archyde.com

Լուսանկարը` FC Pyunik


Ֆուտբոլային աշխարհում ավարտին են մոտենում ազգային առաջնությունները եւ թիմերը պայքար են մղում ամեն միավորի համար։ Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում են հատկապես Եվրոպայի թոփ 5 առաջնությունները։

Մի քանի երկրներում արդեն պարզել են չեմպիոնին, եւ պայքարը շարունակվում է եվրագավաթային հորիզոնականների ու բարձրագույն լիգայից դուրս չմնալու համար։ Սակայն դեռ երկու առաջնություն կա, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար կատաղի պայքար է ընթանում։ Կներկայացնենք 5 առաջնություններում դեռ պահպանվող ինտրիգները։

Չեմպիոնական պայքար այս պահին մղվում է Իտալիայում եւ Անգլիայում։ Իտալական Ա Սերիայում երկար տարիներ գերիշխում էր Թուրինի «Յուվենթուսը»։ Ծեր Սինյորայի չեմպիոնական հաղթարշավն անցած մրցաշրջանում ընդհատեց «Ինտերը»։ Իսկ այս մրցաշրջանում պայքարն ավելի թեժ է։
Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 տուր, սակայն նույնիսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Նապոլին» կարող է հռչակվել չեմպիոն։ Այս պահին առաջատարը «Միլանն» է՝ 77 միավորով, «Ինտերը» Ռոսոներիին զիջում է ընդամենը 2 միավոր, իսկ լավագույն քառյակը եզրափակում է «Յուվենթուսը», որն արդեն չեմպիոնական պայքարից դուրս է։

Լուսանկարը` AC Milan


Թեժ է պայքարը նաեւ Եվրալիգայի եւ Կոնֆերենցիաների Լիգայի ուղեգրերի համար։ Հինգերորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսում են հռոմեական երկու ակումբները՝ «Ռոման» եւ «Լացիոն», իսկ «Ֆիորենտինան» ու «Ատալանտան» հռոմեացիներից հետ են 3 միավորով եւ ունեն բոլոր տեսական շանսերը շրջանցելու նրանց։

Թեժ պայքար է նաեւ Անգլիայում. Պրեմիեր Լիգայի ավարտին հաշված տուրեր են մնացել։ Չեմպիոնական մրցավազքում անզիջում մրցում են «Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Սիթին»։ Առաջատարը քաղաքայիններն են, իսկ Կլոպի սաները զիջում են ընդամենը մեկ միավոր։

«Սիթիի» վերջին չորս հանդիպումները իրենից կարգով ցածր թիմերի դեմ են լինելու։ Ի տարբերություն Գվարդիոլայի սաների՝ «Լիվերպուլը» դեռ պետք է հաղթահարի այնպիսի թիմերի արգելքը, ինչպիսիք են «Տոտենհեմը» եւ «Չելսին»։ Եթե «Սիթին» առաջիկա 4 հանդիպումներում չկորցնի զգոնությունը՝ ինչին սպասում է «Լիվերպուլը», քաղաքայինները կհռչակվեն այս մրցաշրջանի չեմպիոն։  

Լուսանկարը` planetfootball.com


Պայքար է ծավալվում նաեւ Չեմպիոնների Լիգայի վերջին ուղեգրի համար: Լոնդոնյան երկու թիմեր մրցում են չորրորդ հորիզոնականի համար՝ «Արսենալը» եւ «Տոտենհեմը»։ Լոնդոնի մյուս թիմը՝ «Չելսին», կարծեք թե ապահովել է երրորդ տեղը, սակայն տեսական շանսեր կա նահանջելու՝ ընդհուպ հինգերորդ հորիզոնական։

Չեմպիոնների Լիգային մասնակցելու շանսեր ունի նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն դրա համար մանկունիանցիների հիմնական մրցակիցները պետք է զգալի միավորներ կորցնեն։

Լա Լիգայի նախորդ տուրում չեմպիոն հռչակվեց Մադրիդի «Ռեալը»։ Սակայն դեռ ինտրիգ է պահպանվում առաջատարին հաջորդող հորիզոնականներում տեղ զբաղեցնելու համար։ Չեմպիոնների Լիգայի գոտում են գտնվում նաեւ «Բարսելոնան», «Սեւիլյան» եւ «Ատլետիկոն»։ Սակայն «Բետիսը» ու «Վիլյառեալը» բոլոր շանսերն ունեն հայտնվելու լավագույն քառյակում։ Իսկ երկրորդ լիգա նահանջելու վտանգի առաջ է կանգնած «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Հայ պաշտպանի թիմը մեկ միավորով է առաջ վտանգավոր գոտուց եւ կփորձի միավորներ վաստակել վերջին չորս խաղերում, որպեսզի պահպանի տեղը Պրիմերայում։  

Լուսանկարը` FC Bayern


Գերմանիայում շարունակվում է «Բավարիայի» գերիշխանությունը։ Արդեն տասներորդ մրցաշրջանն անընդմեջ «Բավարիան» ճանաչվում է Բունդեսլիգայի չեմպիոն։ Առաջատարին հաջորդում է Դորտմունդի «Բորուսիան»։ Մեղուները արդեն չեն կարող պայքարել չեմպիոնության համար, սակայն խնդիր ունեն պահել երկրորդ հորիզոնականը։ Նրանց կարող է շրջանցել Լեւերկուզենի «Բայերը», ով զիջում է «Բորուսիային» հինգ միավորով։

Բունդեսլիգայում թեժ է պայքարը նաեւ Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար: Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում գտնվող «Ֆրայբուրգի» եւ «Լայպցիգի» միջեւ տարբերությունը ընդամենը մեկ միավոր է։ «Ֆրայբուրգը» խնդիր ունի պահպանել տեղը Չեմպիոնների լիգայի գոտում, ինչը շատ դժվար է լինելու, քանի որ վերջին տուրում հանդիպելու են «Բայերին»։ Նաեւ նշենք, որ «Ֆրայբուրգին» տեսականորեն կարող է շրջանցել վեցերորդ հորիզոնականում գտնվող «Քյոլնը»։

Դե իսկ Ֆրանսիայում չեմպիոն դարձավ «Պարի Սեն Ժերմենը»։ Չեմպիոնների Լիգայի վերջին երկու ուղեգրերի համար պայքարում են միանգամից հինգ ակումբ, որոնք այս պահին հաջորդում են ՊՍԺ-ին։ Նրանք են՝ «Մարսելը», «Ռենը», «Մոնակոն», «Նիսը», «Ստրասբուրգը», «Լիոնը» եւ «Լանսը»։ Նրանցից շատերն ունեն միայն մաթեմատիկական շանսեր ու նպատակին հասնելը բավական դժվար է լինելու։

Լուսանկարը` FC Pyunik


Դե իսկ վերջում՝ չէինք կարող չանդրադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ VBET Պրեմիեր Լիգային։ Չեմպիոնության համար անզիջում պայքար է ձեւավորվել «Արարատ Արմենիայի» եւ «Փյունիկի» միջեւ, վերջինս էլ առաջատարն է։ Թեժ պայքար է ընթանում նաեւ 3-րդ հորիզոնականի համար։ Երեւանի «Արարատը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը եւ առաջ է «Ալաշկերտից» 1 միավորով։

Ազգային առաջնությունների ավարտին մնացել են հաշված տուրեր։ Թիմերը պայքար են մղում չեմպիոնության, եվրագավաթային հորիզոնականների եւ բարձրագույն լիգաներում տեղը պահպանելու համար։ Թե ինչ տեսք կունենան մրցաշարային աղյուսակները վերջին տուրից հետո, կիմանանք շաբաթներ անց։

Լեւոն Կիրակոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին