Ապրիլ 19, 2024
3403 դիտում

Ալեքսիա Պուտելյաս. Ֆուտբոլում բոլորի համար էլ տեղ կա, կապ չունի՝ տղամարդ ես, թե կին


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` SeFutbol

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` SeFutbol

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` SeFutbol


Վերջին տարիներին փայլուն հանդիպումներով ու նվաճումներով աչքի ընկնող Ալեքսիա Պուտելյասն այն ֆուտբոլիստներից է, ովքեր ցանկանում են հեղափոխություն մտցնել կանանց ֆուտբոլում ու ճանապարհ հարթել փոքրիկ աղջիկների համար:

Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը նվաճումների է հասնում ոչ միայն թիմային, այլ նաեւ անհատական պայքարում:

Mediamax Sport-ն առաջարկում է ծանոթանալ մեր օրերի լավագույն ֆուտբոլիստուհիներից մեկի հետ:

Քաղաքի գլխավոր հրապարակից դեպի «Նոու Կամպ»

Լուսանկարը` FC Barcelona


Ալեքսիա Պուտելյասը ծնվել է 1994 թվականին Բարսելոնայի Մոլետ դել Վալյես քաղաքում: Նրա ծնողները սպորտի մեծ սիրահար են եղել: 6 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով:

«Ֆուտբոլ խաղում էի մեր քաղաքի գլխավոր հրապարակում, որը քաղաքապետարանի մոտ է: Երկու մեծ թփերը դարպասներն էին: Խաղացողների մեջ ես միակ աղջիկն էի, սակայն երբեք այս առումով անհարմարություն չեմ զգացել: Տղաները, որոնց հետ խաղում էի, շատ լավ էին ինձ ընդունում: Չեմ էլ կարող հստակ ասել, թե ինչպես եմ սիրել ֆուտբոլը: Սկզբում խաղում ես բակում, քեզ դա դուր է գալիս...ու հանկարծ՝ արդեն ֆուտբոլիստ ես: Չեմ պատկերացրել պրոֆեսիոնալ կարիերայի կամ նման հաջողությունների մասին, պարզապես վայելել եմ ֆուտբոլում անցկացրած ամեն րոպեն: Ես այսօր էլ դեռ փողոցի ֆուտբոլիստ եմ, որը քաղաքապետարանի բակում ֆուտբոլ է խաղում՝ երկու թուփ կա ընդամենը, փակում եմ աչքերս ու հանկարծ ես Չեմպիոնների լիգայի եզրափակչում եմ»:

Լուսանկարը` FC Barcelona


Ալեքսիայի առաջին թիմը եղել է CE Sabadell-ը, ապա տեղափոխվել է «Էսպանյոլի» երիտասարդական թիմ ու մնացել այնտեղ 4 տարի: Վարձավճարով հանդես է եկել «Լեւանտեում», իսկ 2012-ին միացել է «Բարսելոնային»: Հենց կապտանռնագույնների կազմում էլ գրանցում է մեծ աճ ու նվաճում բազմաթիվ տիտղոսներ:

«Ես շատ հեշտությամբ դարձա «Բարսայի» մի մասը: Իմ ընտանիքը միշտ երկրպագել է այդ թիմին, մեր քաղաքից ավտոբուս էինք նստում ու գալիս «Կամպ Նոու»: Հիշում եմ, թե ինչպիսի հիանալի մթնոլորտ էր տիրում ստադիոնի մուտքի մոտ: Պետք էր տեսնել իմ ոգեւորությունը, երբ ներկա էի Էլ Կլասիկոյին: Հիմա ես թիմի ավագն եմ, դուրս եմ գալիս խաղադաշտ եւ օրինակ եմ բազմաթիվ փոքրիկ աղջիկների համար, որոնց պես ես էլ տարիներ առաջ խենթանում էի ֆուտբոլի համար»:

Հոր կորուստը

Լուսանկարը` SeFutbol


Ծնողները միշտ աջակցել են իրենց աղջկան ու արել ամեն ինչ, որպեսզի նա հասնի նպատակներին: Ալեքսիան սովորել է նաեւ Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի բիզնեսի բաժնում: Որոշ ժամանակ զբաղվել է տնտեսական կառավարմամբ ու մենեջմենթով, սակայն հետագայում թողել է՝ կենտրոնանալով միայն ֆուտբոլի վրա:

«Ընտանիքս ինձ միշտ աջակցել է, ծնողներս բոլոր զոհողություններին գնացել են, որպեսզի ես հասնեմ նպատակներիս: Մայրիկիս հետ շատ ջերմ են հարաբերություններս, մենք միշտ կիսվում ենք իրար հետ: Հայրիկիս մահից հետո նրա հետ ավելի հաճախ եմ խոսում ֆուտբոլից: Մայրիկս իմ հանդիպումներից ոչ մեկը բաց չի թողնում: Բացի այդ էլ հպարտ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսայում», չէ՞ որ մայրիկս փոքր տարիքից հենց այդ ակումբի երկրպագու է»:

Լուսանկարը` FC Barcelona


Հոր մահը ծանր է անդրադարձել Պուտելյասի վրա: Պատահական չէ, որ նա միշտ իր հաջողությունները նվիրում է հայրիկին: Խոստովանել է, որ հայրը շատ մեծ ներդրում ունի իր կայացման մեջ ու կհպարտանար իրենով:

«Իմ պատանեկությունը պատվեց այս ողբերգությամբ: Հորս կորուստն ինչ-որ տեղ ինձ ստիպեց նորից ծնվել: Այն ամենը, ինչ անում եմ, նրա համար է եւ հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ նա տեսնում է ինձ»:

Ոսկե գնդակի դափնեկիրը

Լուսանկարը` FC Barcelona


Ֆուտբոլիստուհին «Բարսելոնայի» կազմում մի քանի անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Կատալոնիայի գավաթի հաղթող: 2020-21 մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Իսպանիայի մեծահասակների հավաքականում տիտղոսներ դեռ չունի, սակայն Մ-17 եւ Մ-19 տ. պայքարում նվաճել է Եվրոպայի ու Աշխարհի մեդալներ:

2021 թվականն ամենահաջողն էր մարզուհու համար: Բացի թիմային տիտղոսներից, նա նվաճեց նաեւ ամենասպասված անհատական պարգեւները՝ Ոսկե գնդակ, ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի, Globe Soccer Awards-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստուհի:

Լուսանկարը` FC Barcelona


«Շնորհակալ եմ իմ բոլոր խաղընկերներին: Ոսկե գնդակն անհատական մրցանակ է, բայց այն, միանշանակ, թիմի շնորհիվ ես ձեռք բերվում: Ես այն նվիրում եմ ինձ հավատացած բոլոր մարզիչներին, երկրպագուներին, ակումբիս, եւ, իհարկե, իմ ընտանիքին: Նվիրում եմ հայրիկիս, հույս ունեմ, որ դու հպարտանում ես քո աղջկանով:

Անկեղծ ասած, չեմ հավատում, որ Ոսկե գնդակն իմ տանն է: Քույրիկս ֆուտբոլից այդքան էլ շատ բան չի հասկանում, բայց անընդհատ կրկնում էր, որ ես եմ հաղթելու: Նրան չէի հավատում, իսկ հիմա անընդհատ կրկնում է՝ թե, տես, ես ճիշտ էի: Մայրիկս, ողջ հարազատներս են ուրախացել, քանի որ դա նաեւ իրենց աշխատանքի գնահատականն է»:

«Բարսելոնայի» հետ մեծացած մարզուհին

Լուսանկարը` SeFutbol


Ալեքսիան խոստովանել է, որ սիրելի ֆուտբոլիստի ամենահին հիշողությունը կապված է Ռիվալդոյի հետ: Հետո արդեն եկել է ժամանակը Չավիով եւ Ինյեստայով հիանալու, որին հաջորդել է Մեսսի շրջանը:

«Ես «Բարսայի» հետ եմ մեծացել ու բնական է, որ ինձ ասոցացնում եմ ակումբի գաղափարների եւ արժեքների հետ: Պեպ Գվարդիոլան ֆուտբոլը տեսնում է այնպես, ինչպես՝ ես: Իմ խաղի մեջ ես ինչ-որ բաներ վերցրել եմ Գվարդիոլայից, Լուիս Էնրիկեից, ապա ավելացրել Չավիին, Ինյեստանին ու Մեսսիին: Այո, դժվար է բառերով նկարագրել այն սերը, որ ես ունեմ այս ակումբի նկատմամբ: Ամեն անգամ, երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, տպավորություն ունեմ, որ դա վերջին հանդիպումս է ու նվիրվում եմ ամբողջությամբ»:

Լուսանկարը` FC Barcelona


Ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ, երեկոյան ֆուտբոլ է նայում կամ էլ գիրք կարդում: Ալեքսիան տնային կենդանիների սիրահար է, սիրելի շունը՝ Նալան, միշտ ուղեկցում է նրան տարբեր վայրերում:

Ֆուտբոլիստուհին կատալոնական շարժման ու անկախության կողմնակից է: 2017-ին մասնակցելով Կատալոնիայի անկախության հանրաքվեին՝ հանդես է եկել կատալոնացի քաղաքական գործիչներին բանտերից ազատ արձակման կոչով:

Ֆուտբոլը բոլորի համար է

Լուսանկարը` FC Barcelona


«Բացի տարբեր տիտղոսներից, որոնք ցանկանում եմ ձեռք բերել Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» համար, նպատակ ունեմ նաեւ մի փոքր փոխել ֆուտբոլը: Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ ֆուտբոլում բոլորի համար էլ տեղ կա, կապ չունի՝ տղամարդ ես, թե կին»:

Լուսանկարը` SeFutbol


Մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստուհիներից մեկը խոստովանել է, որ փոքր տարիքում սիրած կին ֆուտբոլիստ չի ունեցել, սակայն հետագայում մեծ հաճույքով է հետեւել Կամիլա Աբիլիի, Լուիզա Նասիբի ու Նադին Կեսլերի խաղերին:

«Քայլելով իմ հարազատ քաղաքում՝ տեսնում եմ, թե ինչքան շատ աղջիկներ են ֆուտբոլ խաղում: Դրանից ուրախանում եմ, քանի որ երբ ես էի նրանց տարիքում, խաղացողների մեջ աղջիկ միայն ես էի: Շատ եմ ցանկանում, որ իմ երեխաներին թողնեմ ավելի լավ ֆուտբոլ, քան այն կար իմ կարիերայի սկզբում: Բոլորս էլ ֆուտբոլ ենք խաղում՝ նույն կանոններով, նույն խաղադաշտում ու պետք չէ տարբերություն դնել»:
 
Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին