Ապրիլ 18, 2024
2936 դիտում

Հիտլերի սիրելի մարզուհին, որը պարզվեց տղամարդ է. Դորա Ռատյենի պատմությունը


Լուսանկարը` rarehistoricalphotos.com

Լուսանկարը` imdb.com

Լուսանկարը` vintagenewsdaily.com

Լուսանկարը` ndr.com

Լուսանկարը` rarehistoricalphotos.com

Լուսանկարը` rarehistoricalphotos.com

Լուսանկարը` wikidata.org


Մարզաշխարհը միշտ էլ լի է եղել խորհրդավոր ու յուրահատուկ պատմություններով: Դրանցից մեկը տեղի է ունեցել հեռավոր 1930-ականներին Դորա Ռատյենի հետ: Մարզուհին, որը մասնակցել է Օլիմպիակայն խաղերի ու Եվրոպայի չեմպիոն դարձել, պարզվել է տղամարդ է:

Նրա անսովոր կյանքի, դժվար փորձությունների ու ի վերջո իրեն վերգտնելու մասին է Mediamax Sport-ի հրապարակումը:

Ծնունդը

Դորայի հենց ծննդյան օրից են սկսվել հակասությունները: Նա ծնվել է Բրեմենից ոչ հեռու գտնվող Վայեում: Բուժքույրը ծնողներին ասել է, որ տղա են ունեցել, ապա քիչ հետո հայտնել, որ նա աղջիկ է: Այդ փաստը հարազատներին մի քիչ տարակուսանքի մեջ է գցել, բայց արդյունքում փոքրիկին տվել են Դորա անունը:  

9 ամիս անց նա հիվանդացել է թոքաբորբով, ու զննող բժիշկը հայտնաբերել է, որ սեռերի հետ կապված սխալմունք է տեղի ունեցել:

Լուսանկարը` imdb.com


Դորային շարունակել են աղջկա պես դաստիարակել, նրան զգեստներ են հագցրել ու վարսակալներ կապել: Արդյունքում գնացել է աղջիկների դպրոց, բայց մոտ 11 տարեկանում սկսել է զգալ, որ իրականում տղա է: Ծնողների հետ այդ մասին խոսել վախեցել է ու շարունակել է իրեն աղջկա պես պահել:

Սպորտը

Արդեն պատանի տարիքում Դորան սկսել է սպորտում հաջողություններ գրանցել: Իր հասակակիցներին գերազանցում էր ֆիզիկական տվյալներով ու դպրոցի լավագույն մարզուհին էր բարձրացատկում:

15 տարեկանում Ներքին Սաքսոնիայի չեմպիոն դարձավ, ինչից հետո Դորային ուշադրություն դարձրեց Գերմանիայի մեծահասակների ընտրանու մարզիչը: Նա շատ արագ էր աճ արձանագրում ու հավաքականի թեկնածու էր համարվում:

Ծնողները կտրականապես դեմ էին, որ նա կյանքը սպորտի հետ կապի, դրա համար էլ աշխատանքի տեղավորեցին ֆաբրիկաներից մեկում՝ որպես փաթեթավորող: Բայց մարզչի համառությունն ավելի ուժեղ գտնվեց, ու Դորան վերադարձավ սպորտ:

Լուսանկարը` ndr.com


Մեծահասակների մրցումներում հանդես գալու համար Դորան էլ ավելի զգույշ պետք է լիներ: Նա անընդհատ մաքրում էր մարմնի մազերը, թիմակիցների հետ միեւնույն տեղում լոգանք չէր ընդունում: Դրա պատճառով նրան սկսեցին ինքնամփոփ ու ամաչկոտ համարել:

Օլիմպիական խաղերը

1936-ին խաղերն անցկացնելու պատիվը տրվել էր Գերմանիային: Մինչեւ հիմա դրանք օրինակ են, թե ինչպես է սպորտն օգտագործվում քաղաքական նպատակով: Ադոլֆ Հիտլերն ու նրա վարչակարգը հույս ունեին ամբողջ աշխարհին ցույց տալ իրենց առավելությունը մյուսների նկատմամբ:

Այդ խաղերի մասնակիցների թվում էր նաեւ Դորան, որը ելույթն ավարտեց 4-րդ տեղում՝ հաղթող հունգարացի Իբոյա Չակին զիջելով 2 սմ:

Թեեւ չկարողացավ մեդալ նվաճել, սակայն դա բնավ էլ չփոխեց ֆյուրերի վերաբերմունքը նրա նկատմամբ: Հիտլերը Դորային իր սիրելի մարզուհին էր անվանել, քանի որ նա ցույց էր տվել, թե ինչի են ընդունակ արիացի կանայք:

Լուսանկարը` vintagenewsdaily.com


2 տարի անց Ռատյենը ռեկորդով հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ 1939-ին սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ: Սակայն դրանով նրա սպորտային կարիերան ավարտվեց:

Բացահայտումը

1939-ին նա Վիենայից գնացքով վերադառնում էր Քյոլն, որպեսզի սկսի նախապատրաստվել 1940-ի Օլիմպիական խաղերին: Դրանք այդպես էլ Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով չկայացան:

Տարօրինակ ուղեւորի վրա ուշադրություն դարձրեց գնացի ուղեկցորդը, քանի որ նախկինում այդպիսի զարմանալի տեսարանի ականատես չէր եղել՝ կանացի հագուստով երթեւեկողը սափրվում է իր սենյակում: Նա որոշեց ոստիկանություն կանչել:

Մարզուհին ցույց տվեց Դորա Ռատյեն անունով անձնագիրն ու կանանց մրցումներում շահած մեդալները: Սակայն ոստիկանները նրան ավելի շատ տղամարդու նմանեցրերին, պնդեցին անցնել բժշկական հետազոտություն: Դորան ոչ մի կերպ չառարկեց ու համաձայնվեց: Նա խոստովանել է, որ թեեւ իրեն կին են համարել, սակայն ֆիզիոլոգիապես ավելի շատ տղամարդ է ու այդպես էլ իրեն միշտ զգացել է:

Լուսանկարը` rarehistoricalphotos.com


Պարզվեց, որ նա ունեցել է եւ կանացի, եւ տղամարդու սեռական օրգաններ: Հենց դա է եղել պատճառը, որ բուժքույրը սկզբում այդպես սխալվել է:

Որպես տղամարդ

Այսպիսով՝ Դորան պաշտոնապես տղամարդ համարվեց ու ընտրեց Հենրիխ Ռատյեն անունը: Նրա դեմ դատական գործ հարուցվեց, սակայն որեւէ մեղադրանք չառաջադրվեց, քանի որ նրա գործողություններում նպատակաուղղված խաբեություն չկար: Պարզապես հանգամանքներն էին այդպես դասավորվել, որ նա ստիպված լինի հանդես գալ կնոջ կերպարով:  

Կարիերան, բնականաբար, ավարտեց, եվրոպական ոսկին նրա փոխարեն ստացավ Օլիմպիական չեմպիոն Չակը:

Time ամսագիրը զրուցել է Ռատյենի հետ ու հրապարակել նրա խոստովանությունը: Պարզվել է, որ Գերմանիայի ղեկավարությունն իմացել է նրա սեռական պատկանելիության մասին, բայց ստիպել է լռել հանուն Ռեյխի շահերի:

Der Spiegel-ն էլ ներկայացրել է հետաքննություն, որում կասկածի տակ է դրել այդ խոստովանությունը:

Լուսանկարը` rarehistoricalphotos.com


Ի վերջո, նացիստներն էլ ամբողջ աշխարհից չեն թաքցրել այդ փաստը, թեեւ այն տարիներին կարող էին այդ հանգամանքը գաղտնի պահել ու հայտնել, որ երիտասարդ մարզուհին պարզապես որոշել է ավարտել կարիերան:

Հենրիխ Ռատյենի կյանքի մասին շատ բան հայտնի չէ: Նա աշխատել է չշփվել լրագրողների հետ:

Այդ բացահայտումից հետո, սակայն, նրա կյանքն ավելի է հեշտացել, էլ ստիպված չի եղել կին ձեւանալ ու ապրել է սովորական մարդու պես: Իր խնդրի պատճառով նա ազատվել է զինվորական ծառայությունից ու շարունակել աշխատեցնել ծնողներին պատկանող խորտկարանում, որը գտնվում էր Բրեմենում:

Ռատյենը մահացել է 2008 թվականին 89 տարեկան հասակում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին