2934 դիտում

Օսկարակիր սպորտային ֆիլմերն ու Քոբի Բրայանտը


Լուսանկարը` Oscar

Լուսանկարը` tcm.com

Լուսանկարը` The Blind Side

Լուսանկարը` imdb.com

Լուսանկարը` vanityfair.com

Լուսանկարը` menshealth.com

Լուսանկարը` tcm.com

Լուսանկարը` imdb.com

Լուսանկարը` runnersworld.com

Լուսանկարը` Arizona Daily Star

Լուսանկարը` imdb.com

Լուսանկարը` lwlies.com

Լուսանկարը` lwlies.com

Լուսանկարը` screendaily.com

Լուսանկարը` menshealth.com

Լուսանկարը` unnersworld.com


Մարտի 28-ին Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացավ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Լավագույն դերասան անվանակարգում «Ռիչարդ արքա» սպորտային դրամայում խաղացած դերի համար հաղթող դարձավ Ուիլ Սմիթը:

Նա մարմնավորել է Սերենա եւ Վենուս Ուիլյամսի հորը՝ Ռիչարդին: Ի դեպ, դա Ուիլյամսի առաջին սպորտային ֆիլմը չէր: Նա խաղացել է նաեւ «Ալի» ֆիլմում՝ մարմնավորելով լեգենդար Մուհամմեդ Ալիին: Այդ ֆիլմը եւս առաջադրված է եղել Օսկարի, սակայն չի հաղթել:



Mediamax Sport-ը վերիշել է անվանի կինոմրցանակաբաշխությունում առաջադրված ու հաղթած ֆիլմերին եւ մարզիկներին:

«Չեմպիոն» (1931 թ.)

Օսկարի արժանացած առաջին ֆիլմն է, ընդ որում՝ ֆիլմին 2 արձանիկ է բաժին ընկել լավագույն սցենարի ու դերասանի համար:

«Չեմպիոնը» հուզիչ աշխատանք է 2 տղամարդկանց միայնության մասին՝ հարբեցողությանը մատնված Էնդի Պերսելի՝ ծանր քաշային կարգում նախկին չեմպիոնի, ու նրա փոքրիկ որդու՝ Դինքի:

Նրանց կյանքը սկսում է կարգավորվել այն բանից հետո, երբ Դինքը ձիասպորտի մրցումների ժամանակ հանդիպում է մորը: Հայրը դադարում է խմել ու սկսում է պատրաստվել բացարձակ չեմպիոնի հետ մենամարտին:



«Ռոկկի» (1977 թ.)

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկարի էր ներկայացված բռնցքամարտի մասին «Ռոկկին», որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերասանը Սիլվեստր Ստալոնեն էր:

Ստալոնեին բախտ էր վիճակվել մի անգամ ներկա լինել բռնցքամարտի մեծ երեկոյի, որում մենամարտում էր Մուհամմեդ Ալին: Մի պահ դերասանը կասկածել է նրա հաղթանակին, քանի որ մրցակիցը մեծ առավելություն է ունեցել: Մինչդեռ Ալին կարողացել է հաղթանակ կորզել իր բնավորության ու կամքի ուժի շնորհիվ:

Հենց այդ ժամանակ էլ Ստալոնեն հասկացել է, որ երբեք պետք չէ հանձնվել: Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնն այնքան է նրան ոգեշնչել, որ որոշել է ֆիլմի սցենար գրել մի բռնցքամարտիկի մասին, որին քչերն են հավատում, բայց նա ամեն գնով հասնում է իր նպատակին:



Հետագայում այս տարի ստեղծման 46-ամյակը նշող «Ռոկկին» ամենահայտնի ու մոտիվացնող ֆիլմերից մեկը դարձավ՝ անչափ հայտնիություն բերելով նաեւ Ստալոնեին:

«Անգամ այն բանից հետո, երբ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ էր, այն ոչ մեկին դուր չեկավ ու չէին պլանավորում ցուցադրել: Հետագայում հասկացա, որ մեծ կինոն ստեղծվում է ոչնչից»,- ասել է դերասանը:

Ընդհանուր առմամբ «Ռոկկին» 10 Օսկարի է արժանացել, 1,1 մլն բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում բերել 225 մլն դոլարի եկամուտ:

«Կատաղի ցուլը» (1980 թ.)

Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվել է Ռոբերտ Դե Նիրոն, որը հատուկ այդ դերի համար գիրացել է 27 կգ-ով: Այն նկարահանվել է հայտնի բռնցքամարտիկ Ջեյք Լա Մոտի հուշերի հիման վրա:

Իր բնավորության պատճառով նա կորցրել է ընտանիքը, եղբոր հետ կապերը խզել ու վտանգի տակ դրել կարիերան: Բայց սեփական ես-ին հաղթելը բավական բարդ է եղել, հենց այդ մասին է նաեւ աշխատանքը: Շատ կինոքննադատներ այն 1980-ականներին ստեղծված լավագույն ֆիլմն են համարում:  



Սկորսեզեն էլ գտնում է, որ այդ ֆիլմը փրկել է իր կյանքը՝ իրեն նորից վերադարձնելով մասնագիտությանը թմրանյութերի գերդոզավորումից հետո:

«Կատաղի ցուլը» ստացել է մրցանակ լավագույն դերասանի ու մոնտաժի համար:

«Հրե մարտակառքեր» (1981 թ.)

Ֆիլմն իրական դեպքերի հիման վրա է նկարահանվել ու պատմում է 2 աթլետների դիմակայության մասին, որոնք 1924 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ներկայացնում էին Մեծ Բրիտանիան: Նրանք են Քեմբրիջի ուսանող, հրեա Հարոլդ Աբրահամսն ու Էրիկ Լիդելը, որն առավել հայտնի է ճախրող շոտլանդացի անունով:



Այն 4 Օսկար է ստացել լավագույն ֆիլմ, սցենար, կոստյումներ ու սաունդթրեք անվանակարգերում:

Ֆիլմը պատմում է սպորտային հավերժ դիմակայության մասին, թե ինչու են մարզիկներն ամենամեծ հարթակներում մրցակցում միմյանց հետ: Այն նաեւ մարդկանց մասին է, որոնք ունենք տարբեր սկզբունքներ, բայց ամեն կերպ պաշտպանում են դրանք ու հանուն դրա պատրաստ են ցանկացած զոհողությունների:

«Միլիոն դոլարանոց աղջիկը» (2004 թ.)

31-ամյա մատուցողուհի Մեգի Ֆիջերալդը մարզադահլիճում օգնում է մարզիչ ու փրոմոութեր Ֆրենկ Դաննին: Վերջինս սկզբում հրաժարվում է մարզել աղջկան, սակայն հետո տեսնելով նրա համառությունը՝ համաձայնվում է:

Թվում է՝ այն դասական պատմություն է նպատակին հասնելու ճանապարհին չհանձնվելու ու ոչնչի առաջ չկանգնելու մասին: Սակայն Քլինթ Իսթվուդի նկարահանած ֆիլմը շատ ավելի խորն ենթաշերտեր ունի:



«Աշխարհում ամեն օր որեւէ մեկը մահանում է ավլելով հատակը կամ էլ ամաններ հավաքելով: Ու նրանց վերջին միտքն այսպիսին է. «Ես չօգտագործեցի իմ շանսը»: Բայց նրա երազանքը կատարվեց, եթե այսօր մահանա, գիտե՞ս ինչ կմտածի. «Ամեն ինչ ճիշտ արեցի ու հիմա կարող եմ մեռնել»,- մարզուհու մասին ասել է Ֆրենկը, որին մարմնավորել է Մորգան Ֆրիմանը:

Սա ծանր պատմություն է այն մասին, որ երբեմն որքան էլ ջանք ես գործադրում, միշտ չի ստացվում հաղթել:

Հիլարի Սվոնքն իր հիանալի դերակատարման համար Օսկար է ստացել, «Միլիոն դոլարանոց աղջիկը» 2004-ի լավագույն ֆիլմն է, Իսթվուդը՝ լավագույն ռեժիսորը, մեկ արձանիկ էլ բաժին է հասել 2-րդ պլանի լավագույն դերասանին:

«Անտեսանելի կողմը» (2009)

Սպորտային դրամա է, որի հիմքում 2006 թվականին հրատարակված Մայքլ Լյուիսի «Անտեսանելի կողմը. Խաղի էվոլյուցիան» գիրքն է՝ հիմնված իրական դեպքերի վրա:

Ֆիլմը պատմում է ամերիկյան «Բալթիմոր Ռեյվենս» ակումբի խաղացող Մայքլ Օերեի մասին: Նա ոչ այդքան լավ կրթված սեւամորթ տղա է, որին որդեգրում է հարուստ ընտանիք ու նրան հարազատ որդու պես վերաբերվում: Հենց մոր ջանքերով ու համառության շնորհիվ է Մայքլը դառնում ֆուտբոլիստ:



«Անտեսանելի կողմը» կինովարձույթում հավաքել է 300 մլն դոլարից ավելի գումար ու Սանդրա Բուլոքին Օսկար բերել լավագույն դերասանուհու անվանակարգում:

«Մարտիկը» (2010)

Անհավանական, բայց իրական պատմություն Աշխարհի չեմպիոն դառնալու մասին:

Իռլանդացի մականունով Միքի Ուորդի ուղին շատ նման է եղել Ռոկկիին: Նա սովորական ընտանիքից է, մենամարտերի միջեւ ընկած հատվածում այլ աշխատանքով էր զբաղվում գումար աշխատելու համար:

Հաղթահարելով անասելի դժվարություններ ու պարտություններ, նա կարողանում է վերադառնալ ռինգ: Միքիի մարզիչն այդ ժամանակ եղբայրն էր՝ Դիքի Էքլունդը, նա եւս բռնցքամարտիկ է եղել, սակայն կարիերան ավարտել է թմրանյութերի պատճառով: Եղբոր օգնությունը, սիրելիի աջակությունն ու մոր հոգատարությունը Ուորդին հասցրել են չեմպիոնության:

Քրիստիան Բեյլը 2-րդ պլանի դերի համար նիհարել է 28 կգ-ով, այդ ժամանակ անգամ խոսում էին նրա առողջական խնդիրների մասին: Մինչդեռ դերասանն ամեն ինչ անում էր հանուն դերի ու քաշը հասցրեց 66 կգ-ի: Նա փայլուն դերակատարման համար արժանացավ Օսկարի:



«Սիրելի բասկետբոլ» (2018)

Քոբի Բրայանտի կարճամետրաժ անիմացիոն «Սիրելի բասկետբոլ» ֆիլմն Օսկարի արժանացավ 2018-ին: Ֆիլմը 2015 թվականին կարիերան ավարտելուց առաջ Բրայանտի գրած բանաստեղծության անիմացիոն տարբերակն է:

«Իմ թանկագին բասկետբոլ, այն օրվանից, երբ ես հայրիկիս գուլպաների մեջ գնդակներ էի տեղադրում ու երեւակայական նետումներ անում, մի բան հասկացա, որ ես քեզ սիրում եմ: Այդ կիրքն այնքան մեծ էր, որ ես ամբողջությամբ տրվեցի քեզ: Ես նվիրեցի քեզ իմ սիրտը, իսկ փոխարենն ավելին ստացա: Այդ կիրքն այնքան ուժգին էր, որ ես ամբողջությամբ ինձ քեզ տվեցի՝ մտքերս, գիտակցությունս, մարմինս ու հոգիս»,- գրել էր Բրայանտը:



Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նկարիչ-մուլտիպլիկատոր Գլեն Քինը, որն աշխատել է Disney «Ջրահարսը», «Գեղեցկուհին եւ հրեշը» եւ «Ալլադին» մուլտֆիլմների վրա, ինչպես նաեւ Օսկարի 5-ակի դափնեկիր կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը: Ֆիլմի տեքստը կարդացել է անձամբ Բրայանտը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին