Ապրիլ 19, 2024
exclusive
19709 դիտում

Արկադի Անդրեասյան. «Ֆուտբոլի պրոֆեսորը»


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից

Լուսանկարը` eduardmarkariv.com

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` sport-express.ru


2020 թվականի դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացավ «Արարատ-73»-ի կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը։ Նրա ու իր թիմի հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ ու մեծ նվաճումները: Նրան կոչել են «Ֆուտբոլի պրոֆեսոր», «հայկական Կրոիֆ», իսկ անգլիական World Soccer պարբերականը տվել էր «Թագավորական քորոց» մականունը:

Լուսանկարը` sport-express.ru


Արկադի Անդրեասյանը ծնվել է 1947 թվականի օգոստոսի 11-ին Բաքվում: Նրա հայրը՝ Գեորգի Անդրիասովը, 1920-30-ական թվականներին խաղացել է Բաքվի մի քանի ակումբներում: Կարիերան ավարտելուց հետո էլ երկար ժամանակ մարզել է Բաքվի «Լոկոմոտիվի» մեծահասակների ու պատանեկան թիմերը: Անդրեասյանի հորեղբայր Հայկն էլ ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ է ու Հայաստանի վաստակավոր մարզիչ: Արկադիին ֆուտբոլի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը ժառանգաբար է  փոխանցվել:

Արկադի Անդրեասյանը Բաքվի «Նեւթչիի» սան է, առաջին փորձից Երեւանի «Արարատի» կազմում հաստատվել չի կարողացել ու մի քանի մրցաշրջան ցածր լիգաներում է խաղացել: Երեւանյան ակումբ նորից հրավիրվել է 1969-ին ու թիմի կազմում մեկնարկը նշել ապրիլի 4-ին Կիեւի «Դինամոյի» հետ խաղում, որում նրա թիմը 1:4 հաշվով զիջել է գործող չեմպիոններին:

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


«Արարատը» 1966 թվականից սկսել է հանդես գալ ԽՍՀՄ-ի բարձրագույն խմբում: 1971-ին տիրացել է առաջնության արծաթե մեդալներին: Դեռ այդ ժամանակ հայկական ակումբը գեղեցիկ ու տեխնիկապես հարուստ ֆուտբոլ էր ցուցադրում: Անդրեասյանն այդ թիմի կարեւոր խաղացողն էր ու հետագայում նրա հետ մեծ նվաճումների հասավ:

1971-ն Անդրեասյանի համար նշանավորվեց նաեւ ԽՍՀՄ-ի Օլիմպիական հավաքական հրավերով: Հայկական թիմից միանգամից 5 խաղացողներ էին գրավել մարզիչների ուշադրությունը՝ Հովհաննես Զանազանյանը, Նորայր Մեսրոպյանը, Լեւոն Իշտոյանը եւ Սերգեյ Բոնդարենկոն:

Հայերն իրենց առաջադրանքը հավաքականում հիանալի կատարեցին: Որակավորման փուլում Ավստրիայի հետ խաղում Անդրեասյանը խփեց հաղթական գոլը, պատասխան խաղում Զանազանյանը դուբլի հեղինակ դարձավ, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն արարատցիների բենեֆիսը դարձավ: 4:0 ավարտված այդ խաղում գոլերը խփեցին Զանազանյանը, Իշտոյանը, իսկ Անդրեասյանը դուբլ ձեւակերպեց: Այդ տարի լավագույն 33 խաղացողների ցանկում «Արարատի» 6 ֆուտբոլիստներ կային: 1972-ի Մյունխենի Օլիմպիական խաղերում Անդրեասյանն ու Զանազանյանը բրոնզե մեդալակիր հռչակվեցին:

Լուսանկարը` «Էդուարդ Մարկարով» գրքից


1973 թվականին «Արարատի» ներուժը տեսնում ու նրանից վախենում էին առաջնության բոլոր թիմերը, ակումբին համեմատում էին Գերմանիայի եւ Բրազիլիայի հավաքականների հետ: Իսկ երբ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Նիկիտա Սիմոնյանը, հաջողությանը երկար սպասելու կարիք չեղավ:

Ապրիլի 7-ին մեկնարկեց 1973 թվականի ԽՍՀՄ-ի Բարձրագույն խմբի առաջնությունը, որում Անդրեասյանն ու թիմակիցները պարզապես փայլեցին: Վերջին խաղում նրանք 3:2 հաշվով հաղթեցին «Զենիթին» եւ 39 միավորով դարձան չեմպիոններ`մեկ տարվա ընթացքում առաջին անգամ տիրանալով երկու մրցանակի: Ավելի վաղ նրանք նվաճել էին ԽՍՀՄ-ի գավաթը:

«Ժամանակը շատ շուտ անցավ, ասես երեկ էինք ուրախացրել ողջ Հայաստանին: «Արարատը» միշտ էլ յուրահատուկ տեղ է ունենալու հայ ժողովրդի համար, մինչ օրս իրար պատմում ու ոգեւորվում են մեր հաղթանակներով: Իհարկե, հպարտ եմ, որ այդ թիմի մի մասն եմ եղել ու այդքան երջանկություն պարգեւել մեր ժողովրդին»,- իրենց նվաճումից 40 տարի անց խոստովանել էր Ադրեասյանը:

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


Նրան մասնագետներն ունիվերսալ խաղացող էին համարում: Անդրեասյանը հիանալի էր իրեն դրսեւորում կիսապաշտպանությունում, անհրաժեշտ պահին օգնության էր հասնում պաշտպաններին ու որքան անհրաժեշտ է գոլ խփում: Դրա համար էլ, երբ որեւէ խաղացողի բացակայությունը լրացնելու կարիք կար, մարզիչները նրա օգնությանն էին դիմում: Անդրեասյանը հիանալի էր տեսնում խաղադաշտն ու գտնում թիմակիցներին՝ հասցնելով նրանց գնդակը:

Անդրեասյանն «Արարատի» կազմում խփած 65 գոլերից առանձնահատուկ է համարել մեկը, երբ «Բավարիայի» դեմ խաղում գրավել է Զեպ Մայերի դարպասը: Գերմանական ակումբի կազմում այդ օրն աշխարհի 7 չեմպիոններ էին խաղում, Անդրեասյանն օդային պայքարում հաղթել էր Ֆրանց Բեկենբաուերին ու գլխով գրավել դարպասը: Հայ ֆուտբոլիստի համար այդ գնդակն իր կարիերայում կարեւորագույնն է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մանկուց կյանքս ֆուտբոլի հետ է կապված եղել՝ խաղացել եմ, կամ մարզվել: Այլ մասնագիտության մեջ ինձ չէի տեսնում: Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել, բայց կարծում եմ, որ մեր սերունդը մի քիչ վաղ է ծնվել ու ամեն ինչ չի ստացել խաղից: Այն գումարները, որ վաստակում են ներկայիս խաղացողները, իսկ նրանց տաղանդը ոչինչ է Նիկոլայ Ղազարյանի, Էդուարդ Մարկարովի ու իմ այլ թիմակիցների համեմատ, հսկայական է»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին