Ապրիլ 24, 2024
exclusive
14997 դիտում

Զինվորից մինչեւ մուտանտ. Ֆիլմերում նկարահանված ֆուտբոլիստները


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Ռեժիսորները հաճախ իրենց ֆիլմերում ընդգրկում են տարբեր ֆուտբոլիստների, ովքեր թեկուզ ոչ հիմնական, բայց կարեւոր դեր են կատարում:

Նրանց միջոցով դեպի նոր ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացնում ու ֆուտբոլային երկրպագուները սկսում են անհամբերությամբ սպասել, թե երբ է կայանալու պրեմիերան:

Mediamax Sport-ն ընտրել է ֆուտբոլիստների մասնակցությամբ մի քանի կինոնկար ու առաջարկում է ծանոթանալ դրանց հետ:

«Արթուր թագավորի թուրը» (King Arthur: Legend of the Sword)  

Լուսանկարը` FIFA


Դեւիդ Բեքհեմը դեռ երիտասարդ տարիներից միայն ֆուտբոլիստ չէր: Նա իսկական աստղ էր, հիանալի դրսեւորում էր իրեն խաղադաշտում, տարբեր ոչ սպորտային միջոցառումներում: Այսօր էլ նա չափազանց պահանջված է, ընկերներ ունի ամենատարբեր ոլորտներում, նկարահանվում է գովազդներում ու համագործակցում հայտնիների հետ:

Պատահական չէ, որ Գայ Ռիչին, որի հետ աշխատել է նաեւ 2015-ին, 2017-ին Բեքհեմին առաջարկել է նկարահանվել «Արթուր թագավորի թուրը» ֆիլմում: Այն Արթուր թագավորի մասին պատմող լեգենդի հիման վրա է ստեղծվել, հետաքրքիր լուծումներով ու դիտողներին լարվածության մեջ պահող աշխատանք է:



Բեքհեմը մարմնավորել է Թիգգերին՝ այն զորքի ղեկավարին, որը հսկում է կախարդական սուրը: Բացի գլխավոր հերոսից, այն ոչ ոք չի կարողանում հանել քարից:

Ֆիլմում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Չարլի Հանեմը, Ջուդ Լոուն, Աստրիդ Բերժե-Ֆրիսբին, Ջիմոն Հոնսուն:

«Աստերիքսն Օլիմպիական խաղերում» (Asterix at the Olympic Games)

Լուսանկարը` FIFA


Ֆրանսիացիները կատակերգություն նկարահանելու յուրահատուկ տաղանդ ունեն: Նրանք կարողանում են այնպես աշխատել, որ ցանկացած ազգի ներկայացուցիչ հաճույք է ստանում ֆիլմից:

Պատահական չէ, որ Աստերիքսի ու Օբելիքսի մասին պատմող ֆիլմաշարի յուրաքանչյուր մաս մեծ ոգեւորությամբ են դիտում: Դրանցից մեկը շատ սպորտային է՝ «Աստերիքսն Օլիմպիական խաղերում»

Այստեղ Ժերար Դեպարդիեի, Ալեն Դելոնի,  Կլովիս Կորնիկյակի, Բենուա Պույվորդի ու այլ հայտնի ֆրանսիացիների հետ էպիզոդիկ, բայց հիշվող դերեր ունեն նաեւ մարզիկները:



Միխայել Շումախերը, Զինեդին Զիդանը, Թոնի Պարկերը, Ամելի Մորեսմոն, Վենսան Մոսկատոն հիանալի մթնոլորտ են ստեղծում Օլիմպիական խաղերում ու պայքարում հաղթելու համար:

Զիզուն փոքրիկ, բայց շատ կարեւոր դեր է կատարում: Այդտեղ նա Նումերնաբիսի ազգականն է՝ Զինեդիսը: Անտիկ եգիպտացու կերպարով ներկայացող Զինեդիսին էլ «սկիզբ է դնում ֆուտբոլ մարզաձեւին»:

«Իքս մարդիկ. վերջին մարտը» (X-Men: The Last Stand)

Լուսանկարը` FIFA


Վիննի Ջոնսը, թերեւս, եզակի մարզիկներից է, որը հաջողություններ է գրանցում նաեւ կինոաշխարհում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա, չունենալով դերասանական կրթություն, մուտք գործեց կինոաշխարհ:

Հետաքրքիր է, որ նրան կրկին առաջին անգամ նկարահանել է Գայ Ռիչին իր «Խաղաքարտեր, գումար եւ երկու ատրճանակ» ֆիլմում՝ որպես հանցագործ Մեծ Քրիսի դերակատար։



Ջոնսը խաղացել է բազմաթիվ կինոնկարներում, այդ թվում եւ «Իքս մարդիկ. վերջին մարտը» աշխատանքում: Նա այստեղ կատարել է մուտանտի դերը: Խոստովանել է, որ իրեն դուր է գալիս այդ կերպարը ու շատ լավ կարողացել է համագործակցել խաղընկերների հետ:

«Էրիկին փնտրելիս» (Looking for Eric)

Լուսանկարը` FIFA


Ինչպես եւ Ջոնսը, ֆրանսիացի Էրիկ Կանտոնան էլ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է նկարահանվել տարբեր ֆիլմերում:

Անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչի «Էրիկին փնտրելիս» ֆիլմում Կանտոնան մարմնավորում է ինքն իրեն: Ֆիլմը փոստատար Էրիկ Բիշոփի մասին է, որի կյանքն այդքան էլ հաջող չի դասավորվել:



Նա ուրախ օրեր ունեցել է միայն այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» փայլում էր Կանտոնան: Իսկ այդ ժամանակները վաղուց անցել են, եւ փոստատարին ոչինչ չի մխիթարում: Մինչ այն պահը, երբ նրա մոտ հայտնվում է ինքը՝ Կանտոնան:

«Փախուստ դեպի հաղթանակ» (Escape to Victory)

Լուսանկարը` FIFA


1981-ին նկարահանված այս ֆիլմում աստղերի պակաս չկա: Իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական ճամբարներից մեկում:

Անգլիացի ռազմագերիները ֆուտբոլային հանդիպում են անցկացնելու գերմանացի բանտարկյալների հետ, եւ կապիտան Ջոն Կոլբին, որը ժամանակին հանդես է եկել «Վեսթ Հեմում», հավաքում է իր թիմը:



Մայքլ Քեյլի, Սիլվեստեր Ստալոնեի կողին հանդես են գալիս ֆուտբոլի աստղերը՝ Պելեն, Բոբբի Մուրը, Պոլ վան Հիմստը, Կազիմեջ Դեյանն ու ուրիշներ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին