Ապրիլ 26, 2024
exclusive
10713 դիտում

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի հայկական շունչը. Ռեյ Աղայան


Լուսանկարը` Britannica

Լուսանկարը` The New York Times

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Oscars

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Worth Point

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


1984 թվականին Լոս Անջելեսում կայացած Օլիմպիական խաղերի մասին Հայաստանում քիչ է խոսվում: Պատճառն այն է, որ այս խաղերը ԽՍՀՄ-ը բոյկոտել էր, ինչի հետեւանքով հայ մարզիկները չկարողացան մասնակցել դրանց:

Սակայն Լոս Անջելեսի խաղերն առանց հայերի չանցան: Ամենասպասված միջոցառումների՝ բացման ու փակման արարողություններին, մասնակցողների համար հագուստները պատրաստվել էին հայ դիզայների կողմից:

Mediamax Sport-ը մեծ հաճույքով իր ընթերցողների հետ կիսվում է հայտնի դիզայներ Ռեյ Աղայանի Օլիմպիական ու հոլիվուդյան կյանքով:


Գուրգեն Ռեյմոնդ Աղայանը ծնվել է Թեհրանում 1928 թվականին՝ Հայկ եւ Հասմիկ Աղայանների ընտանիքում։ Մայրը Թեհրանում հագուստի արվեստանոց է ունեցել ու զգեստներ է ստեղծել Փահլավիների ընտանիքի համար:

«Ես մեծացել եմ նորաձեւության մասին պատկերացումներ կազմելով ու զգեստների ամեն մանրուքին ուշադրություն դարձնելով: Բայց ես ցանկանում էի լինել թատրոնում, աշխատել որպես ռեժիսոր կամ դերասան»,-ասել է Աղայանը:

Ռեյն ընդամենը 13 տարեկանում դառնում է մոր օգնականն ու զգեստներ կարում Շահ Մոհամեդ Ռեզա Փահլավիի համար: Նրա առաջին գործերից է Եգիպտոսի արքայադուստր ու Իրանի թագուհի Ֆավզիա Ֆուադի համար կարված զգեստը:

Որոշ ժամանակ անց ծնողները նրան ուղարկում են Լոս Անջելես, որպեսզի ճարտարապետություն սովորի, սակայն մի քանի շաբաթ անց Ռեյը սկսում է հաճախել դրամատիկական դպրոց: 


«Ես խաղում էի եւ միեւնույն ժամանակ պիեսներ բեմադրում: Հագուստներ ձեւավորող պատահաբար դարձա: Երբ ռեժիսոր էի բացահայտեցի, որ դերասանների զգեստներ ձեռք բերելու համար բավարար գումար չունենք: Նրանց հագուստով ապահովելու պարտականությունները վերցրի ինձ վրա, այդ օրվանից դարձա հագուստի դիզայներ»,-նշել է նա:
 
Թեհրանից մինչեւ Լոս Անջելեսի դրամատիկական դպրոց, երկարատեւ աշխատանք ու անընդհատ պրպտումներ: Աղայանը դժվարին, բայց հաճելի ճանապարհ է հաղթահարել, մինչեւ հասել ու հաստատվել է Հոլիվուդում:

Իր կրեատիվությունն այնքան է աչքի ընկել, որ 1950-ականներից որպես դիզայներ սկսել է աշխատել տարբեր հայտնի թատրոններում ու հեռուստաեթերում: 1963-ին նա արդեն The Judy Garland Show-ի դիզայներն էր:


Աղայանը դիզայներական արվեստում մեծ նորարարություններ է մտցնում եւ սիրվում բազմաթիվ աստղերի կողմից: Իսկ արդեն 1967-ին նա Բոբ Մաքիի հետ համատեղ ստանում է «Էմմի» հեղինակավոր մրցանակը «Alice Through the Looking Glass» ֆիլմի համար: Արժե նշել, որ մինչ այդ մրցանակաբաշխությունում առանձին պարգեւ նախատեսված չէր զգեստների ձեւավորման համար:

Դրանից հետո Աղայանը եւս վեց անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի՝ 1987-ին եւ 1992-ին դառնալով հաղթող:

Հայ դիզայները զգեստներ է ստեղծել այնպիսի մեծագույն աստղերի համար, ինչպիսիք են Ջուդի Գեռլանդը, Դորիս Դեյը, Դինա Շորին, Բարբրա Սթրեյզանդը, Դայանա Ռոսը, Ջուլի Էնդրյուսը, Քարոլ Շաննինգն, Շերը եւ ուրիշներ։ 

Լուսանկարը` Britannica


«Ռեյը հիանալի մարդ էր, ես մեծագույն սիրով էի աշխատում նրա հետ: Նա մի շարք աննկարագրելի գեղեցիկ զգեստներ է կարել ինձ համար»,-ժամանակին խոստովանել է Դորիս Դեյը:

Որպես զգեստների նկարիչ մասնակցել է «Կոկո», «Ծափահարություններ» թատերական բեմադրություններին, «Սիրո արվեստը», «Մեր տղամարդ Ֆլինթը», «Հայր սագը», «Լեդին բլյուզ է երգում», «Գեյլի, Գեյլի», «Ծիծաղելի աղջիկը» եւ այլ կինոնկարների ստեղծմանը:


Նա երեք անգամ ներկայացվել է Օսկարի «Գեյլի, Գեյլի», «Լեդին բլյուզ է երգում» եւ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմերի համար:

 

Աղայանը որպես հագուստի դիզայներ աշխատել է նաեւ «Բրոդվեյ» ընկերության հետ եւ 1970-ին արժանացել Թոնի մրցանակաբաշխության մրցանակին «Ծափահարություններ» ֆիլմի համար:

Լուսանկարը` The New York Times


2008-ին Աղայանը Costume Designers Guild-ի կողմից արժանացել է հատուկ մրցանակի:

«Հանդերձարանում նա լավագույնն էր: Երբ մի խնդիր էր ծագում այս կամ այն հագուստի հետ կապված, Ռեյը գալիս էր, նայում ու ասում. «Օհ, խնդիրը սա է...»: Նա շատ սուր աչք ուներ ու նկատում էր ամենափոքրիկ դետալները: Շատ ճիշտ էր, երբ ասում էր հարկավոր է ամեն մանրուքի ուշադրություն դարձնել»,-սա միության գործադիր տնօրեն Ռեյչել Սթենլիի խոսքերն են:

Լուսանկարը` Getty Images


1984 թվականին Լոս Անջելեսն ընդունել էր ամառային Օլիմպիական խաղերը: ԽՍՀՄ-ի հավաքականը բոյկոտել էր այն, սակայն սա չանդրադարձավ խաղերի վրա եւ ամեն ինչ հիանալի անցավ:

Հազարավոր մարզիկներ ու երկրպագուներ էին ժամանել ԱՄՆ, որպեսզի ականատեսը լինեն ամենասպասված սպորտային միջոցառմանը:

Կազմակերպիչները դեռ շատ երկար ժամանակ առաջ էին որոշել, որ բացման եւ փակման արարողություններին մասնակցողների հագուստների դիզայնը կատարելու է Ռեյ Աղայանը: Նա խոստովանել է, որ նման առաջարկն անչափ կարեւոր է եղել իր համար ու մեծ պատվի արժանացրել:

Լուսանկարը` Oscars


Աղայանը ստեղծել է հագուստի 50 ձեւեր, որոնք աստիճանաբար բազմապատկվել են եւ, ինչպես The Times-ն է գրել այդ ժամանակ, դարձել «11.000, որոնց մեծ մասը կցուցադրվի շաբաթ օրը Կոլիզեյում կայանալիք 3-ժամյա բացման արարողության ժամանակ»:

Լուսանկարը` Reuters


Բացման եւ փակման արարողությունների զգեստների ձեւավորման հեղինակի աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել տարբեր մասնագետների կողմից: Դրանք պարզ էին, բայց միեւնույն ժամանակ տպավորիչ ու ազդեցիկ, ինչն ավելի էր գեղեցկացնում սցենարիստների նախատեսած աշխատանքը:

Լուսանկարը` Worth Point


«Ես ցանկանում էի, որպեսզի հագուստները որքան հնարավոր է տիպիկ ամերիկյան լինեին, միեւնույն ժամանակ ընդգծեին Կալիֆոռնիան, կարեւորեին սպորտը: Նաեւ այդ պատճառով ես դրանք կարեցի սպիտակ կտորից: Սպիտակը երջանկություն եւ ուրախություն է, այն շատ ամառային է: Դրանից ավելի լավ բան դժվար էր գտնել»,-խոստովանել է Աղայանը:

Հազարավոր հագուստների հեղինակը, որին ընդունել ու ճանաչել է ողջ Հոլիվուդը, իր աշխատանքների մեջ չի առանձնացրել ոչ մեկը: Սակայն խոստովանել է, որ Օլիմպիական խաղերի համար աշխատելն իրեն մեծագույն հաճույք է պատճառել:

Լուսանկարը` Reuters


Ռեյ Աղայանը մինչեւ կյանքի վերջն աշխատել ու չկրկնվող զգեստներ է ստեղծել՝ բավարարելով բոլորի պահանջները, առաջարկելով իրենն ու նորարարություններ ստեղծել:

Աղայանը մահացել է 2011-ին, 83 տարեկան հասակում Լոս Անջելեսի իր բնակարանում:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին