Ապրիլ 19, 2024
exclusive
6632 դիտում

Ավտոարշավորդ, բարեգործ ու դեսպան Դավիթ Նալբանդյանը


Լուսանկարը` davidnalbandian.com

Լուսանկարը` lanacion.com.ar

Լուսանկարը` lanacion.com.ar

Լուսանկարը` lanacion.com.ar

Լուսանկարը` lanacion.com.ar

Լուսանկարը` mix-sports.blogspot.com

Լուսանկարը` mundod.lavoz.com.ar


Երկար տարիներ Դավիթ Նալբանդյանը թենիսի առաջատարներից մեկն էր ու երկրպագուներ ուներ ամբողջ աշխարհում: Նրանով անչափ հպարտանում էին Արգենտինայում ու Հայաստանում:

Նալբանդյանը վառ ու յուրահատուկ սպորտային կարիերա է ունեցել, մի քանի նշանակալի նվաճումների հասել ու մարզասերների մեծ բանակ ունեցել: Mediamax Sport-ի հետ բացահայտենք արգենտինահայ թենիսիստի տարբերվող հետաքրքրությունները:

Հայկական արմատները

Դավիթ Նալբանդյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 1-ին Կորդոբայում՝ Արգենտինայի մեծությամբ 2-րդ քաղաքում: Նրա պապիկը Արգենտինա էր տեղափոխվել Արեւմտյան Հայաստանից՝ փրկվելով 1915 թվականի Մեծ Եղեռնից:


Նալբանդյանը միշտ սիրով է խոսում իր հայկական արմատների մասին: Նա երկար ժամանակ ցանկանում էր լինել Հայաստանում: Խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով դա նրան չէր հաջողվում, բայց 2008-ին վերջապես եկավ Երեւան:
Հենց առաջին հանդիպման ժամանակ Հայաստանում Արգենտինայի դեսպանը նրան հայկական անձնագիր հանձնեց:

Թենիսիստի մայրական կողմն էլ Իտալիայից է, նա հայի ու իտալացու հետաքրքիր խառնուրդ է:

Սպորտի նկատմամբ սերը

Նալբանդյանը սպորտով սկսել է զբաղվել փոքր տարիքից: Նա շատ ակտիվ ու աշխույժ էր, անընդհատ վազում էր 2 ավագ եղբայրների՝ Խավիերի ու Դարիոյի, հետեւից: Զբաղվել է կարատեով, ձիասպորտով, լողով, ֆուտբոլ ու բասկետբոլ է խաղացել:

 

Փոքր տարիքում շատ էր սիրում բարձրանալ բլուրներն ու հետեւել ավտոարշավորդների մրցումներին:


Թենիսով լրջորեն տարվել է իրենց տնից ոչ հեռու գտնվող Ռիո Կեբալյոս կորտում, որտեղ նրա հորեղբայրն էր խաղում: Սկզբում միայն հետեւում էր հորեղբորն ու նմանակում նրան, մինչեւ 5 տարեկանում որոշեց ռակետն իր ձեռքը վերցնել ու խաղալ: Նալբանդյանը սիրահարվեց թենիսին ու պրոֆեսիոնալ մարզիկ դարձավ:
12 տարեկանում արդեն Արգենտինայի ամենախոստումնալից ու հեռանկարային պատանի խաղացողներից մեկն էր: Նա ընդգրկվեց լավագույն պատանիների տասնյակում:

Առաջին նվաճումները

Նալբանդյանը հանդես է եկել Արգենտինայի մինչեւ 14, 16 ու 18 տարեկանների ընտրանիների կազմերում,1996-ին դարձել Աշխարհի թիմային առաջնության հաղթող:


Թենիսում նորամուտը նշել է 2000 թվականին: Մինչ մեծահասակների մրցաշարերում ելույթ ունենալը նա իրեն հիանալի է դրսեւորել պատանեկան մրցումերում: 1998-ի պատանեկան US Open-ի եզրափակչում առավելության է հասել Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, մեկ տարի անց՝ հասել Ռոլան Գարոսի եզրափակիչ:

Բայց ահա մեծահասակների կորտում անցկացրած առաջին խաղում զիջել է: Նույն տարում հասել է Պալերմոյի մրցաշարի եզրափակիչ ու 2-րդ տեղը գրավել:

Միակ արգենտինացին

Ի տարբերություն հարավամերիկացի թենիսիստների՝ Նալբանդյանը ունիվերսալ էր ու լավ էր դրսեւորում իրեն տարբեր ծածկույթով կորտերի վրա: Այդ մասին է վկայում 2002 թվականին Ուիմբլդոնի եզրափակչում նրա հայտնվելը:

Մինչեւ հիմա նա միակ արգենտինացին է, որ հասել է այդ մրցաշարի եզրափակիչ: Թեեւ ընդամենը 28-րդ համարն էր, բայց դա չխանգարեց նրան հիանալի մրցաշար անցկացնել: Որոշիչ դիմակայությունում Նալբանդյանը 6:1, 6:3, 6:2 հաշվով զիջեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին:


Դեւիսի Գավաթի սիրահարը

Նալբանդյանը երբեք չի թաքցրել, որ իր երազանքն է հաղթել Դեւիսի Գավաթում: Մրցաշարում հանդես գալու համար նա վերադառնում էր անվերջանալի թվացող վնասվածքներից ապաքինվելուց հետո ու վերջին ուժերը տալիս Արգենտինայի հավաքականին: Հաղթանակին մի քանի անգամ շատ մոտ է եղել:

2006 թվականին Արգենտինան հասել է մինչեւ մրցաշարի եզրափակիչ, սակայն Մոսկվայում զիջել է Ռուսաստանին:

Դրանից 2 տարի անց արգենտինացիները նորից անչափ մոտեցել են ցանկալի տիտղոսին, բայց 2008-ին եզրափակչում զիջել են Իսպանիային: Դա էլ վերջը չի եղել, 2011-ին Նալբանդյանն ու թիմակիցները հաղթողի կոչման համար մրցել են կրկին Իսպանիայի հետ ու նորից 2-րդը դարձել: Իր վերջին հանդիպումը Դեւիսի Գավաթում Նալբանդյանն անցկացրել է 2013-ին:


Յուրահատուկ տաղանդը

Նա ամենատաղանդավոր ու տեխնիկապես ուժեղ խաղացողներից մեկն է համարվում, որը հիանալի բեքհենդի է տիրապետում 2 ձեռքով էլ, ու եթե չլինեին բազմաթիվ վնասվածքները (ուսի, ոտքի, մեջքի, փորի մկանների), ավելի շատ նվաճումների կարող էր հասնել:

2007 թվականի Մադրիդում Նալբանդյանն իր առաջին Մասթերսում հաղթեց՝ եզրափակչում առավելության հասնելով Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:

«Կարծում եմ՝ ամբողջ աշխարհին եմ զարմացրել առաջին ռակետի նկատմամբ տարած հաղթանակով: Դա անհավանական էր, քանի որ Ֆեդերերը համարյա անպարտելի էր: Հենց այդ ժամանակ եմ իմ լավագույն խաղը ցույց տվել»,- խոստովանել է Նալբանդյանը:




Նա տպավորիչ հաղթանակներ է տարել շատ ուժեղագույն թենիսիստների՝ Նադալի, Ջոկովիչի, Բերդիխի, Գասկեի, Դել Պոտրոյի, Ալմագրոյի նկատմամբ: Այն խաղացողներից էր, որը հեշտությամբ կարողանում էր խաղալ Ֆեդերերի ու Նադալի նյարդերի հետ ու չէր վախենում այդպես անել:

Էմոցիոնալ Նալբանդյանը

2012 թվականին Լոնդոնում կայացած Queen’s Club-ում Նալբանդյանը մրցում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ, ոչինչ չէր վկայում մոտալուտ դժբախտության մասին:

Արգենտինահայ թենիսիստը հաղթել էր առաջին սեթում, 2-րդում զիջում էր 3:4 հաշվով, 7-րդ գեյմում մրցակցին միավոր տալուց հետո ամբողջ ուժով ոտքով հարվածեց գովազդային ցուցանակին, որն այնքան էլ ամուր չէր ու վնասեց կողային մրցավարին: Թենիսի կորտում հազվադեպ է արյուն երեւում, սակայն դա հենց այդ դեպքն էր: Մրցավարի վնասվածքի պատճառով նրան որակազրկեցին, 10 հազար դոլար տուգանեցին ու հանեցին բոլոր վաստակած միավորները:


Նույն տարվա մեկնարկում էլ նա վիդեոկրկնության պատճառով վիճել էր Ավստրալիայի բաց առաջնության մրցավար Կադեր Նունի հետ: Մամուլի ասուլիսի ժամանակ Նալբանդյանը նրան հիմար էր անվանել, այդ ժամանակ էլ 8000 դոլարով էր տուգանվել:

2010 թվականին արգենտինական ԶԼՄ-ը գրել էին, որ թենիսիստը հարձակվել է տաքսու վարորդի վրա ու պատռել նրա վերնաշապիկը: Վարորդը հետագայում հրաժարվել էր սիրելի մարզիկի դեմ բողոք ներկայացնել:


Բարեգործությունը

Նալբանդյանը հայտնի է իր բարեգործությամբ: Նա երկար տարիներ օգնում է սահմանափակ կարողություններով մարդկանց:  Այդ նպատակով նա բարեգործական հիմնադրամ է ստեղծել, որը նաեւ ATP-ից է ֆինանսական աջակցություն ստացել:

Էքստրիմը նրա կյանքում

Թենիսիստի կարիերան ավարտելուց հետո ուժերն է փորձել ավտոարշավային սպորտում: Թենիս խաղալու տարիներին էլ նա մեկ անգամ չէր ցույց տվել էքստրիմի նկատմամբ սերը: 2002 թվականին շնաձկների հետ լողացել էր Մելբուռնում, 2004-ին Վիենայում ցատկել 152 մետրանոց աշտարակից:

Մեծ արագության ու ադրենալինի սիրահար է: Լրջորեն զբաղվելով մեքենաներով՝ նա ստեղծել է «Տանգո Ռալլի» թիմն ու մասնակցել մի քանի խոշոր մրցումների:


Նա միշտ նաեւ ֆուտբոլ է սիրել ու խաղացել: Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» երկրպագու է: Պոլոն ու գոլֆը նրա սիրելի զբաղմունքների թվում են, ինչպես նաեւ ընկերների հետ հաճախ է ձկնորսության գնում:

1-ին հաղթանակը Ռալլիում

Իր առաջին հաղթանակը Ռալլիում տոնել է 2016 թվականին: Կորդովայում կայացած մրցումներում լավագույն արդյունքն է ցույց տվել ու գավաթի տիրացել:

Դրանից մեկ տարի առաջ Նալբանդյանն Արգենտինայի ռալլիի ժամանակ վթարի էր ենթարկվել: Նրա մեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից: Բարեբախտաբար, Նալբանդյանն ու իր թիմակիցը չէին տուժել, սակայն ամբողջությամբ ջարդվել էր մեքենան:

2013 թվականից մոտոսպորտի մրցումների է մասնակցել, ավտոարշավների անցում կատարել դրանից 1 տարի անց:



Օլիմպիական դեսպան

2018 թվականին Բուենոս Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում Դավիթ Նալբանդյանը թենիսիստուհի Գաբրիելա Սաբատինի հետ սպորտային կուռքեր են եղել ու ոգեշնչել պատանի մարզիկներին:

«Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպումը հիանալի առիթ է, եւ ես շատ ուրախ եմ ընդգրկված լինել այդ ամենում ու օգնել իմ փորձով: Մեծ պատիվ է այդ ցանկում լինել, դա նշանակում է, որ կարողացել եմ հետք թողնել թենիսում»,- ասել է Նալբանդյանը:


Եղեռնի 100-ամյակին

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ արգենտինահայերը հանդես էին եկել նախաձեռնությամբ: Հատուկ նկարահանված վիդեոուղերձում մի քանի հայտնի մարդիկ կային, որոնց թվում է նաեւ աշխարհի նախկին 3-րդ ռակետը: 

Նալբանդյանն իր խոսքում անդրադարձել է իր ընտանիքին, որը նույնպես դարձել է 1915 թվականի Եղեռնի զոհ: «Պապիկիս հաջողվեց փրկվել Ցեղասպանությունից, սակայն նա կորցրեց իր սիրելի մարդկանց: Նա եկավ Արգենտինա միմիայն խաղաղություն փնտրելու»,- ասել է նա:


Կողոպտիչների զոհը

2012 թվականին Կորդովայում թալանել են թենիսիստի տունը: Կողոպտիչներն իրենց հետ ոչ միայն գումար էին տարել, այլ նաեւ 5 թանկարժեք ժամացույց ու համակագիչ: Նալբանդյանն այդ ժամանակ վնասվածք ուներ ու վերականգնողական բուժում էր անցնում, որպեսզի պատրաստ լինի Դեւիսի Գավաթում Գերմանիայի դեմ խաղին:

Ընտանիքը

Դավիթ Նալբանդյանի կինը Ֆլորենսիա Բոշն է, նրանք երկու երեխա ունեն՝ 7-ամյա Սոսեն ու 5-ամյա Տեոն:

2018 թվականին Նալբանդյանը Թվիթերում լուսանկարներ է հրապարակել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի ու Ժերեր Պիկեի հետ:


«Շնորհակալություն Մեսսիին ու Պիկեին, որ մեզ ընդունեցին իրենց մարզմանը: Նկարում նկատելի չէ, սակայն Տեոն հիացած է»,- գրել է Նալբանդյանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին