Ապրիլ 20, 2024
exclusive
4903 դիտում

Չորս տարի անց. Արթուր Ալեքսանյանի անկրկնելի Օլիմպիական խաղերը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Դժվար է պատկերացնել, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից արդեն 4 տարի է անցել: Այդ ընթացքում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակել է ավելացնել իր տիտղոսները: Նա 2 անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել, 1-ական անգամ ԱԱ-ում ոսկե ու արծաթե մեդալներ նվաճել ու Եվրոպական խաղերում հաղթող հռչակվել:

Mediamax Sport-ը շարունակում է անդրադառնալ Ռիոյի խաղերում մեր մարզիկների նվաճումներին ու այսօր հերթն Օլիմպիական չեմպիոնինն է:

Ալեքսանյանը 4 տարեկան է եղել, երբ Արմեն Նազարյանը Սիդնեյում չեմպիոն է հռչակվել: Դրան հաջորդած 3 խաղերում Հայաստանի ներկայացուցիչները՝ Արթուրն էլ այդ թվում, մեդալներ նվաճել են, բայց ոչ ոսկե:

Լուսանկարը` Getty Images


«Յուրաքանչյուր մարզիկի համար էլ խաղերը երազանք են: Առաջնայինը միայն մեդալ նվաճելը չէ, մասնակցել էլ արդեն մեծ նվաճում է: Օլիմպիադան սպորտի գագաթնակետն է, դրանից այն կողմ մարզիկի համար ոչինչ չկա:

Հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնն եմ ու ինձ հաջողվել է 20 տարի անց մեդալ նվաճել իմ երկրի համար: Ըմբշամարտով զբաղվելու ընթացքում չի եղել մի օր, որ չերազեմ ոսկե մեդալի մասին: Հատկապես խաղերից առաջ աընդհատ գլխումս մեկ միտք էր պտտվում՝ ես կարող եմ հաղթել Օլիմպիական խաղերում:

Ռիոյից առաջ վստահություն կար, որ չեմպիոն կդառնամ, բայց խաղերն անկանխատեսելի են: Նույնիսկ 5 անգամ Աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներ կան որոնց չի հաջողվել Օլիմպիական խաղերում հաղթել: Բոլորն էին ինձնից ոսկե մեդալ սպասում, ինչն ավելի էր դժվարացնում իմ խնդիրը»:

Լուսանկարը` Getty Images


Ալեքսանյանը խոստովանում է, որ եզրափակիչ սուլիչից հետո շատ շփոթված է եղել ու չի հասկացել, թե շուրջն ինչ է կատարվում, քանի որ վերջապես իրականություն էր դարձել երազանքն ու հենց ինքն էր ոսկե մեդալը տանելու Հայաստան:

«Երկար էի սպասել օլիմպիական ոսկուն, հանգստացա, որ ոչ մեկին հուսախաբ չարեցի ու հասա հիմնական նպատակիս: Այդ մեդալը հավերժ կմնա հայկական սպորտի պատմության մեջ:

Ծանր մարզումների միջով եմ անցել, դժվար օրեր ու վնասվածքներ ունեցել, բայց Օլիմպիական չեմպիոն դառնալու համար պետք էր այդ ամենը հաղթահարել: Առանց դժվարությունների հաղթանակներ չեն լինում:

Մեր Օլիմպիական թիմը շատ լավ արդյունք գրանցեց Ռիոյում: 32-րդ խաղերը հաջողված էին մեզ համար»:

Լուսանկարը` Getty Images


Ալեքսանյանն անկեղծանում է, որ եզրափակչից առաջ միայն մեկ բան էր մտածում՝ կհաղթի կամ էլ կմեռնի գորգի վրա: Առաջին շնորհավորանքը հաղթանակից հետո գորգի վրա իր անձնական մարզչից ու հայրիկից՝ Գեւորգ Ալեքսանյանից է ստացել: Պատմում է, որ միայն տեսագրությունը դիտելուց հետո է իմացել, որ հուզված հայրը գրկել է իրեն:

«Այդ ժամանակ նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր, ես միայն 2-րդն էի:  Նա իմ հաղթանակներում ամենամեծ ներդրում ունեցող մարդն է: Եթե հայրս միշտ կողքիս չլիներ, ես այսպիսի մեծ նվաճումների չէի հասնի»:

Օլիմպիական խաղերում պարգեւատրման արարողության ժամանակ Ալեքսանյանը կրում էր Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկ: Ասում է՝ ողջ աշխարհին էր ցանկանում ցույց տալ հայ հերոսին:

Լուսանկարը` Getty Images


«2016-ին դեռ ապրիլյան դեպքերից հետո, երբ իմացել էի Աբաջյանի սխրանքի մասին, որոշել էի հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ հագնել: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել: Ռոբերտի նկարում մեր բոլոր տղաներն էին խտացված»:

Խաղերի բացման արարողությանը ըմբիշը չի մասնակցել, քանի որ հունահռոմեական ընտրանին ավելի ուշ է ժամանել Ռիո, փոխարենը նա Հայաստանի դրոշակակիրն է եղել փակման ժամանակ:

«Բառերով դժվար է նկարագրել, թե ինչ էի զգում: Թեեւ մեր դրոշը ես էի տանում, բայց այնպիսի զգացողություն էր ասես ամբողջ Հայաստանով էինք քայլում:

Միշտ ասել եմ, որ Օլիմպիական Ռիոյում տարած հաղթանակը միայն իմը չէ, մեր մարզիչների տքնաջան աշխատանքի շնորհիվ ենք հասել այդ նվաճմանը: Այդ հաղթանակը նաեւ մեր ազգինն է»:

Լուսանկարը` Getty Images


Իր եզրափակիչներից ու նվաճած մեդալներից հետո զուսպ Արթուր Ալեքսանյանը ցույց տվեց նաեւ իր էմոցիոնալ կողմը՝ նա արտասվում էր եւ գորգի վրա, եւ օրհներգը լսելիս:

«Այդքան հաղթանակներից հետո առաջին դեպքն էր, որ չկարողացա արցունքներս զսպել: Ամեն ինչ անբացատրելի էր»:
 
Իր հաջողություններով ու անցած սպորտային ճանապարհով նա ուղի է հարթում նաեւ բազմաթիվ երեխաների համար, ովքեր ոգեւորվում են Ալեքսանյանով ու ցանկանում նոր նվաճումների հասնել:

«Մեծ ուրախություն եմ ապրում, երբ երեխաներն ինձ տեսնելով գնում են ըմբշամարտի: Դրանով ինչ- որ չափով նաեւ ես իմ ներդրումն եմ ունենում ու երեխաներին բերում մարզադահլիճ: Շատ կարեւոր է սպորտով զբաղվել, կտրվել առօրյա վտանգներից, պարտադիր չէ, որ բոլորը չեմպիոններ դառնան, բայց առողջ ու ֆիզիկապես ուժեղ մարդիկ կլինեն:

Լուսանկարը` Getty Images


Մանկապատանեկան սպորտի վրա մեծ ուշադրություն է պետք դարձնել, նաեւ մարզադահլիճների որակը բարելավել, նորոգել դրանք, պայմաններ ստեղծել, որ ավելի շատ ու լավ մարզիկներ ունենանք»:

Նա կարծում է, որ անհասանելի նպատակներ չկան, պարզապես դրանց հասնելու համար ամենօրյա ջանքեր, աշխատասիրություն ու ձգտում է պետք:

«Բարձունքում լինելու համար պետք է միշտ կռիվ տալ, պայքարել, չբավարարվել ունեցածով ու միշտ առաջ շարժվել: Հաղթանակներից երբեք չեմ հոգնում, դա ապացուցում եմ բոլոր մրցաշարերի ժամանակ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին