exclusive
3688 դիտում

Կամիլի սիրո խոստովանությունն ու փառքի չձգտող Ռոման Բերեզովսկին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` sport-express.ru

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` sovsport.ru


Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին այն մարզիկների թվին է պատկանում, որոնց նկատմամբ սերը տարիների ընթացքում բնավ էլ չի պակասում:

Երկրպագուները շարունակում են հիանալ նրանով ու հարգել, գնահատել այն մեծ սերն ու նվիրվածությունը, որը դարպասապահը զգում էր Հայաստանի հավաքականի նկատմամբ:

Բերեզովսկին այսօր նշում է 46-ամյակը, ինչի առիթով Mediamax Sport-ը ներկայացնում է նրա կյանքի յուրահատուկ փիլիսոփայությունն ու կարիերայի հիշարժան դրվագները:

Հայաստան տեղափոխված ընտանիքը

Ռոման Բերեզովսկին ծնվել է Երեւանում, նրա ծնողները 1970-ականների սկզբներին էին տեղափոխվել Հայաստան, որպեսզի մասնակցեն «Արփա-Սեւան» ջրատար համալիրի կառուցման աշխատանքներին: Դրանից հետո Բերեզովսկիների ընտանիքը բնակարան է ստացել Հայաստանում ու որոշել մնալ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Թեեւ ազգությամբ ռուս եմ, բայց ինձ հայ եմ զգում: Երկար տարիներ Հայաստանի ընտրանու պատիվն եմ պաշտպանել ու շատ եմ կապված երկրի հետ»,- խոստովանել է դարպասապահը:

Առաջին քայլերը

Ռոմանը սպորտով սկսել է զբաղվել 7 տարեկանից: Նրան ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին շատ է օգնել ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին: 14 տարով մեծ եղբայրը փոքրիկ Ռոմանին տարել է իր համակուրսեցի ընկերոջ՝ Սերգեյ Կայֆաջյանի մոտ: Նա ինստիտուտն ավարտելուց հետո մարզչական աշխատանքի էր անցել Oլիմպիական ռեզերվի մանկապատանեկան դպրոցում:

Բերեզովսկու մասին այսպիսի մի դեպք է հիշել նրա թիմակիցներից մեկը.

«Խաղից հետո մի անգամ Ռոմանը հանեց խաղակոշիկն ու տեսանք, որ նրա ոտքն ամբողջությամբ արյան մեջ է: Երբ այն հագել էր, չէր զգացել, որ ներսում մեխ կա ու այդպես ամբողջ հանդիպման ընթացքում համբերատար դիմացել էր ցավին, ընդմիջմանն անգամ չէր փոխել: Այդ հանդիպումից հետո նրան սկսեցի յոգ անվանել ու մյուս տղաներն էլ հետեւեցին իմ օրինակին»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հարձակվող Բերեզովսկին

Հետաքրքիր է, որ սկզբում նա բնավ էլ դարպասապահ չի եղել, այլ առջեւի գծում է հանդես եկել ու իրեն լավ դրսեւորել: Երբ խաղերից մեկի ժամանակ թիմի դարպասապահն անհաջող է մասնակցել ու գոլեր բաց թողել, մարզչը շատ է զայրացել եւ Բերեզովսկուն կանգնեցրել է դարպասում: Այդպես էլ նա երկար տարիներ շարունակ մնացել է դարպասների պահապանը: Այլապես ո՞վ գիտի թե որքան հաջողակ ու լավ հարձակվող կարող էր լինել ու ինչքան գոլերի հեղինակ դառնալ:

Ֆրանսիայից առաջարկը

2000 թվականին Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Բերեզովսկու համար պաշտոնական առաջարկ է ստացել ֆրանսիական «Սենթ Էթիենից»: Բերեզովսկին մեկնել է Ֆրանսիա, բուժզննում անցել ու նախնական 4 տարվա պայմանագիր կնքել։ Տրանսֆերն արժենալու էր 1,8 մլն դոլար։ Բայց գործարքը վերջին պահին չի կայացել, դարպասապահի մոտ կասկածներ են առաջացել, քանի որ նա պետք է կեղծ հունական անձնագրով հանդես գար:

Լուսանկարը` sport-express.ru


Ֆրանսիայում լեգիոներների սահմանափակում կար, իսկ հունական անձնագրով Բերեզովսկու համար արգելքներ չէին առաջանա:

Լավագույնների թվում

1997թ-ին Ռոման Բերեզովսկին «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահ ու ընդգրկվել առաջնության 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: Նույն մրցաշրջանում նա ճանաչվել է նաեւ «Զենիթի» տարվա լավագույն խաղացող։

1999-ի մրցաշրջանի արդյունքներով Բերեզովսկին տեղ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից կազմված ամենամյա 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ ընդգրկվելով լավագույն 3 դարպասապահների մեջ։ 2007թ-ին ճանաչվել է մերձմոսկովյան «Խիմկիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։



Ռոման Բերեզովսկին համարվում է ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում հետ մղած 11-մետրանոցների քանակով ռեկորդակիր՝ 14։

Համազգային սերը

Ռոման Բերեզովսկին իր կարիերայի ընթացքում այդքան էլ շատ նվաճումների չի հասել, սակայն հայ երկրպագուների կողմից միշտ էլ մեծ սիրո ու գնահատականի է արժանացել: Հավաքականի հանդիպումների ժամանակ մեկ անգամ չէ, որ ստադիոնը նրա պատվին «Բերեզովսկի» է վանկարկել:

Իր բարության, մարդկային լավ որակների ու համեստության շնորհիվ Բերեզովսկին միշտ առանձնահատուկ է եղել:

Լուսանկարը` Photolure


Պետական կոչումները

Բերեզովսկին մեկ անգամ չէ, որ պետական բարձր պարգեւների է արժանացել: 1999-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Նա մեր երկրում նման բարձր կառավարական պատվի արժանացած առաջին ֆուտբոլիստն էր:

2011-ի նոյեմբերին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Իսկ 2016-ին ազգային հավաքականի կազմում իր հրաժեշտի խաղի միջոցառմանն արժանացել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալի։

Ճակատագրական կարմիր քարտը

ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի հետ հանդիպումը ոչ Բերեզովսկին, ոչ էլ հայ երկրպագուները երբեք չեն մոռանա: Առաջին անգամ ազգային ընտրանին այնքան մոտ էր եզրափակիչ փուլ դուրս գալուն: Սակայն իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսն ամեն ինչ փչացրեց:



26-րդ րոպեին Բերեզովսկու ստացած կարմիր քարտը փոխեց հանդիպման ողջ ընթացքը, որքան էլ դարպասապահը փորձեց համոզել մրցավարին, իսպանացին չփոխեց որոշումը: Հայաստանի ընտրանին պարտվեց 1:2 հաշվով, ու Եվրոպայի առաջնություն մեկնեց Իռլանդիան:

«Իհարկե, շատ ցավալի էր, որովհետեւ կարող էինք առաջ շարժվել: Մեզ ընդամենը 1 քայլ էր բաժանում ուղեգրից: Ափսոս, չստացվեց, բայց ինձ ուրախացնում է այն, որ ֆուտբոլի մասնագետները եւ երկրպագուներն այդ ընտրական փուլում տպավորվել են մեր խաղով»,- Իռլանդիայի հետ խաղից ամիսներ անց ասել էր Բերեզովսկին:

Ամեն ինչի մեղավոր Ռոնալդուն

«Ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ կարիերաս ավարտելու որոշումը շատ կտրուկ եղավ՝ 2015 թվականին հունիսի 13-ին Ռոնալդուի հեթ-տրիկից հետո: Այդ խաղից առաջ էի որոշել, եթե չհաղթենք՝ ֆուտբոլը կթողնեմ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետաքրքիր է, որ Բերեզովսկու մեկնարկը Հայաստանի հավաքականում հենց Պորտուգալիայի դեմ խաղում է կայացել՝ 1996-ի օգոստոսին:

«Կարիերաս ավարտելուց մի քանի օր առաջ «Դինամոյի» սպորտային տնօրենն առաջարկել էր աշխատել երիտասարդական թիմի հետ: Նման հնարավորության մասին միայն երազել կարելի էր»:

Հաջողությունն ըստ Բերեզովսկու

Թեեւ Բերեզովսկին մի քանի տասնամյակ ֆուտբոլում է անցկացրել ու հարյուրավոր խաղեր ունեցել, բայց ընդամենը հաշված տիտղոսներ է նվաճել: Այդ հանգամանքը բնավ էլ չի տխրեցնում դարպասապահին, քանի որ նա կյանքին փիլիսոփայորեն է մոտենում: Բերեզովսկու համար նվաճումները բնավ էլ ամենակարեւորը չեն: Ահա թե նա ինչպես է ամեն ինչ գեղեցիկ բացատրում.

«Առհասարակ չեմ համարում, որ իմ կարիերայում բաց թողած հնարավորություններ ունեմ: Մի՞թե ամեն ինչ տիտղոսներն են որոշում: Հատուկ նվաճումներ իսկապես չունեմ, բայց փոխարենն ամբողջ կարիերայիս ընթացքում առաջին համարն եմ եղել: Որտեղ էլ հանդես եմ եկել երկրպագուները միշտ հարգել են ինձ, նույնիսկ՝ սիրել: Իսկ ֆուտբոլում դրանից կարեւոր ոչինչ չկա: Հենց այդ սերն է փոխհատուցում բոլոր չունեցածս մրցանակները»:

Լուսանկարը` Photolure


Նա խոստովանել է, որ կյանքում ու ֆուտբոլում միշտ հավատարիմ է եղել ինքն իրեն, ոչինչ չի հորինել կամ էլ որեւէ մեկին հարմարվել:

«Երբեք չեմ ձգտել հանրաճանաչ լինել: Մարդկանց միեւնույն է խաբել չես կարող, նրանք ամեն ինչ տեսնում ու զգում են»:

Ամեն բաց թողած գոլը մի սպի է դարպասապահի համար, իսկ դրանք քիչ չեն եղել: Տարիների ընթացում է նա սովորել դրանք հեշտորեն ընդունել:

«Անվանեք դրանք վերքեր, ցավ, տանջանք, ինչպես կցանկանաք: Շատ ծանր ապրումներ էին, դրանց հնարավոր չէր սովորել: Ժամանակի ընթացքում ես ընդունում, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է: Մինչ որդուս ծնունդը պարտությունները դժվար էին տրվում, բայց երեխաներն, ինչպես պարզվեց, ամենալավն են վերքերը բուժում»:

Լուսանկարը` Photolure


Գրքասերը

Ռոման Բերեզովսկին ինտելեկտուալ մարզիկների թվին է պատկանում: Նա գրքերի սիրահար է, մեկ անգամ չէ, որ հավաքականի հետ հանդիպումների ուղեւորվելիս, երբ մյուսները կամ քնած էին, կամ էլ ֆիլմեր էին դիտում, դարպասապահը կարդում էր:



Երբ 2014 թվականին Մոսկվայի «Դինամոյի» նախկին դարպասապահ Լեւ Յաշինը պետք է 85 տարեկան դառնար նրա պատվին ռուսական ակումբի դարպասապահներ Անտոն Շունինը, Վլադիմիր Գաբուլովը եւ Ռոման Բերեզովսկին բանաստեղծություն կարդացին:



2 հետ մղած 11-մետրանոցներն ու Կամիլի սերը

Բերեզովսկին 11 մետրանոցները հետ մղելու մեծ վարպետ էր, Հունաստանի հետ խաղում դա նրան նույնիսկ 2 անգամ է հաջողվել:

«Դա կյանքիս անմոռանալի դրվագներից է: Առաջին անգամ էի մեկ խաղում 2 նման սեյվ կատարում: Ինքս էլ էի զարմացել իմ գործողություններից: Դեռ հարվածից առաջ զգում էի, թե որ կողմն է գնդակն ընթանալու»,-պատմել է նա:



2014 թվականին հանդիպմանն իր բլոգում անդրադարձել էր նաեւ Կամիլը ու «սեր խոստովանել» դարպասապահին:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին