Ապրիլ 24, 2024
exclusive
4314 դիտում

Ռիոյից 4 տարի անց. Դրոշակակիր Վահան Մխիթարյանի սիրելի խաղերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` AP Photo

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


2016-ի օգոստոսի 5-ին Ռիոյի «Մարականա» մարզադաշտում կայացավ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Գիմնազիադայի բրոնզե մեդալակիր, լողորդ Վահան Մխիթարյանն էր: Նա Mediamax Sport-ի համար վերհիշել է այդ անմոռանալի պահն ու պատմել Ռիոյում անցկացրած հրաշալի օրերի մասին:

Մխիթարյանի համար անակնկալ էր, որ իրեն է վստահվելու տանել Հայաստանի դրոշն այդքան մեծ սպորտային իրադարձության ժամանակ: Այդ մասին նա իմացել է խաղեր մեկնելուց առաջ թիմի ու ՀԱՕԿ-ի նախագահի հանդիպման ժամանակ:

Լուսանկարը` Reuters


«Մասնակիցները հետաքրքրվեցին, թե ո՞վ է լինելու դրոշակակիրը, Ծառուկյանն էլ պատասխանեց՝ մեր սիրուն լողորդը: Միանգամից տեղում քարացա՝ ահռելի պատասխանատվություն էի զգում: Բոլորը շնորհավորում էին, իսկ ինձ համար այդ լուրն իսկապես շատ անսպասելի էր: Թեեւ իրենից այդ աշխատանքը մեծ բան էլ չի ներկայացնում, պարզապես պետք է դրոշը տանել ստադիոնի տարածքով»:

Նախկինում Մխիթարյանն արդեն դրոշակակիր եղել էր: Բոլոր խոշոր մրցումներում, որ հանդես էր եկել, ինքն էր տարել դրոշը՝ 2011-ին Տրապիզոնում կայացած պատանեկան փառատոնի, 2013-ի Բրազիլիայի Գիմնազիադայի ու 2014-ի Նանջինգի պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Բայց նախկինում երբեք այդքան ուրախ ու ոգեւորված չէի եղել: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին ասացի, որ ես հաջողություն եմ բերում, ու խաղերը մեր հավաքականի համար հաստատ ստացված են լինելու: Մեր նվաճած 4 մեդալում ես էլ իմ դերն ունեցա՝ թալիսմանի պես էի»:

Մխիթարյանը հիշում է, որ բացման օրը նրա դիմաց Արգենտինայի հավաքականն էր կանգնած, որի մարզիչներից մեկն անընդհատ շրջվում ու իրեն էր նայում, ապա չդիմացավ ու հարցրեց՝ փաստորեն Հայաստանի՞ց է:

Լուսանկարը` Reuters


«Նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք մեր երկրի լավագույն մարզիկն եմ: Պատասխանեցի՝ ոչ, բայց ամենասիրունն եմ: Նա պատմեց, որ հայ հարեւան ունի, որը Եղեռնից է փրկվել ու երկար տարիներ Արգենտինայում է բնակվում: Միշտ երազել է Հայաստան այցելել, բայց այդպես էլ չի ստացվել: Ուրախալի էր, որ այդ արգենտինացին գիտեր հայերի ու մեր պատմության ցավոտ կողմի մասին»: 


Լողորդը հիշում է, երբ շքերթի դուրս գալու պահը եկավ, չէր կարողանում շնչել: Երեւի լարվածությունն էր պատճառը, որ զինվորի պես քայլելով տարավ դրոշը՝ նախապես պլանավորած ծածանելու փոխարեն:

«Երբ «Արմենիա» հայտարարեցին չգիտեմ տեղի հայերի շնորհիվ էր, թե պարզապես երկրպագուներն էին աղմկում, ինձ թվաց ստադիոնն ավելի լավ արձագանքեց: Հանգստացա միայն, երբ դրոշն իր տեղը դրեցի: Հետո որոշեցի մնալ մնացած դրոշակակիրների հետ ու փոշմանեցի՝ մի քանի ժամ ստիպված էին կանգնել, բայց փոխարենը շատ հայտնի մարզիկների տեսա ու զրուցեցի նրանց հետ»:

Լուսանկարը` AP Photo


Ռաֆայել Նադալի հետ, օրինակ, մի քիչ թենիսից ու լողից են խոսել, պատմել, որ հետաքրքրվում են միմյանց մարզաձեւերով: Թեեւ Մխիթարյանը խոստովանում է, որ թենիսից բավական հեռու է, բայց Նադալին այդ մասին չէր կարող ասել:

«ԱՄՆ-ի դրոշն էլ Ֆելփսն էր տարել, նա ինձ մրցումներից գիտեր, մի քանի անգամ նախկինում հանդիպել էինք: Իրար ձեռքով ողջունեցինք, հետո ասաց, որ փաստորեն միակ լողորդ դրոշակակիրները չենք: Ապա խոստացանք միմյանց հանդիպել լողավազանում»:

Մխիթարյանն ուշադիր էր հետեւում մարզումային լողավազանում տիրող եռուզեռին, քանի որ Հայաստանի հավաքականը մրցավայր շուտ էր ժամանել: Պատմում է, որ ամեն ինչ փոխվեց, երբ ժամանեցին ամերիկացիները:

«ԱՄՆ-ի թիմն ասես լողավազանի տերը լիներ, կերազեմ, որ մի օր մենք էլ այդ կարգավիճակում լինենք, երբ մեր ներկայությամբ լողավազանի օդը կանգնի: Նրանք ձեւեր չեն թափում, գիտեն, որ լավագույնն են ու այդպես էլ իրենց պահում են»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ Օլիմպիական Ռիոյում Մխիթարյանի համար ամեն ինչ հեքիաթային էր, սակայն նա բավական դժվարություններ էր ունեցել մինչեւ խաղեր մեկնելը: Ռուսաստանում 3 ամիս իր ընտանիքի (հայրը մոտ 15 հազար դոլար է ծախսել) ու ՀԱՕԿ-ի ֆինանսավորմամբ է հավաքի մասնակցել: Երբ հաջողվել է Գիմնազիադայում մեդալ նվաճել, հետագայում ողջ ծախսերը ՀԱՕԿ-ն է հոգացել:

«Ապա մասնակցել եմ լողի միջազգային ֆեդերացիայի ծրագրին, կես տարի ապրել եւ մարզվել եմ Պորտուգալիայում, որտեղ հիանալի պայմաններ էին, միայն մարզչի հետ խնդիրներ կային: Նա սպրինտերների հետ չէր աշխատում, բայց գիտակցում էի, որ Հայաստանում նման լավ պայմաններ չեն լինի ու որոշեցի մնալ»:

Նա զգալիորեն լավացրել էր իր արդյունքները, հետագայում նաեւ Բելառուսի հավաքականի հետ պարապեց, բայց միեւնույն է ուղեգիր նվաճել չկարողացավ: Արդեն համակերպվել էր Ռիո չմեկնելու մտքի հետ, երբ անսպասելիորեն սպիտակ քարտ ստացավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հասկանում էի, որ այդքան մարզվելուց ու տանջվելուց հետո ճիշտ չի լինի Օլիմպիական խաղերին չմասնակցել, բայց անարդար էր նաեւ, շատ մարզիկներ նվաճած ուղեգրերով էին հավաքականում իրենց տեղն ապահովել:

Ամեն դեպքում Օլիմպիական խաղերը կյանքում մեկ անգամ են լինում ու պետք էր մասնակցել: Իրականում չէի պատկերացնում, թե խաղերն ինչ մասշտաբի են: Աներեւակայելի էր, որ 11 հազար մարզիկներ էին մասնակցում, որոնց համար առանձին թաղամաս էր կառուցվել, հիանալի դահլիճներ, որպեսզի կարողանան լավագույնս ներկայացնել իրենց երկիրը»:

Թեեւ Մխիթարյանն առաջին անգամը չէր Բրազիլիայում, բայց նորից տպավորվեց տեղացիների էներգիայով, գեղեցիկ լողափերով ու բազմաթիվ ընկերներ ձեռք բերեց, որոնց հետ հիմա էլ շարունակում են շփվել:

«Հատկապես ուրախ եմ Հուռի Գեբեշյանի հետ ծանոթանալու համար: Յուրովի պատմություն է կերտել՝ նրա անունով խաղերում տարր է անվանվել: Ցավում եմ, որ Հուռիի մասին այդքան էլ շատ չի խոսվում»:

Լողորդի համար Ռիոյում անմոռանալի է եղել օգոստոսի 16-ը՝ իր 20-ամյակի օրը, երբ հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել: Թեեւ իր պլանավորածի պես տարեդարձը նշել չի կարողացել, բայց մի լավ երկրպագել ու ուրախացել է թիմակիցների հաջողություններով:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այդ օրը նաեւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի ծննդյան օրն էր, մտածում էի մի լավ երեկույթ կազմակերպել, բայց չստացվեց: Արթուրը չեմպիոն դարձավ, Գոռն ու Միհրանն էլ՝ արծաթե մեդալակիրներ: Ամենալավ նվերն էր ինձ համար, ցավոք, հայերից ոչ ոք չկարողացավ գալ տարեդարձիս՝ ամբողջ օրը դահլիճում էին եղել:

Բայց երեկոյան քաղաքում օտարազգի ընկերներիս հետ բրազիլական ուտեստներով ու պարերով ամեն դեպքում նշեցինք ծննդյանս օրը»:

Խաղերի ընթացքում Վահանն աշխատում էր հայերի ելույթները բաց չթողնել ու բոլորին մի լավ ոգեշնչել: Եթե հատուկ մրցանակ լիներ ամենաակտիվ հայ երկրպագուի համար, միանշանակ նա այն կստանար:

«2014-ի պատանեկան խաղերի ընթացքում էլ շատ ակտիվ էի: Ըմբիշ Վաղինակ Մաթեւոսյանը պատմել է, որ արդեն հանձնվում էր, երբ լսել է թե ինչպես եմ կանչել՝ «Վաղո, կեր դրան», կարողացել է հավաքվել ու բրոնզե մեդալակիր դառնալ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյում իր ելույթից Մխիթարյանը դժգոհ է մնացել, ու դրանում միայն իր մեղքը չի տեսնում: Օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ զինվորական վաշտում է ծառայել, իսկ գործուղման թղթերն ուշացել են, արդյունքում 2 շաբաթ չի կարողացել մարզվել:

«Մեկ շաբաթ եմ ընդամենը պարապել ու մեկնել Ռիո: Այնտեղ էլ անգամ մարզիչ չունեի, հրաձիգ Հրաչիկ Բաբայանն էր հետս լողավազան գալիս, բացատրում էի ինչ անել, որ ժամանակը ֆիքսի: Շատ դեպքերում միայնակ եմ եղել ու այլ հավաքականների մարզիչներին խնդրել օգնել ինձ:

Երբ ելույթից հետո վերադարձա Օլիմպիական գյուղ, մխիթարեցին, թե նորմալ եմ ելույթ ունեցել, քանի որ ինձնից միեւնույն է մեծ ակնկալիքներ չկային էլ: Դրանից շատ էի վիրավորվել: Ցավալի էր նաեւ կարդալ տարբեր ԶԼՄ-ում, որ մեր լողորդը վերջից առաջին տեղն է գրավել, մինչդեռ ես 84 մասնակիցներից 47-րդն էի»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց միեւնույն է, Օլիմպիական Ռիոյի մասին Մխիթարյանը մեծ ոգեւորությամբ է խոսում, այնտեղ նրա համար ամեն ինչ առանձնահատուկ է եղել: Խոստովանում է, եթե ժամանակի մեքենա ունենար՝ նորից կվերադառնար:

«Շատ կուզեմ, որ մի օր մեր հայրենիքում էլ խաղեր անցկացվեն ու հայերը տեսնեն, թե որքան մեծ ու կարեւոր մրցումներ են դրանք: Այդքան էմոցիաներ ու տպավորություններ ոչ մի տեղ չես տեսնի:

Խաղերին մասնակցությունը շատ բան տվեց, ինձ սկսեցին ճանաչել, բացի այդ էլ մի քանի դռներ բացեց իմ առաջ, ամերիկյան մի քանի համալսարաններից հրավեր ստացա, բայց հրաժարվեցի այնտեղ մեկնել ֆինանսական խնդիրների պատճառով: Դեռ ուշ չէ, մագիստրատուրայում կարող եմ ուսումս շարունակել ԱՄՆ-ում: Հիմա Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող եմ, հետագայում ինձ լողի միջազգային ֆեդերացիայում եմ տեսնում, շատ կցանկանամ նախագահը դառնալ»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին