exclusive
10407 դիտում

Fantasy. Հայաստանի ընտրանին, որը բարձրացավ պատուհանին ու անհետացավ


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Յունաս Յունասսոնի գրեթե համանուն գիրքը՝ «100-ամյա ծերուկը, որը բարձրացավ պատուհանին ու անհետացավ», կարդացողները լավ ծանոթ են դրա բովանդակությանն ու անչափ գրավիչ սյուժեին: Մտացածին, զվարճալի, իրականությունն ու դեպքերն այլ բովանդակությամբ ներկայացրած հեղինակի ոճն այսօր փոխառելու եմ նաեւ ես:

Քանի որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի Լիգայում չի զարմացնում մեզ, որոշեցի այդ պարտականությունն ինձ վրա վերցնել:

Մինչ Ազգերի Լիգային անդրադառնալը հիշենք այս տարի մեր ընտրանու անցկացրած ամենագեղեցիկ հանդիպումներից մեկը:

2018 թվական, հունիսի 15՝ Հայաստան-Իսպանիա

Այսօր Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը խաղում է Իսպանիայի հետ: Ինչո՞վ մենք կարող ենք պատասխանել Եվրոպայի կրկնակի ու Աշխարհի չեմպիոններին: Ընդամենն առաջին անգամ ենք հանդես գալիս այս փուլում, բայց մեր ֆուտբոլիստներն ապացուցել են, որ անմնացորդ նվիրվածության շնորհիվ ցանկացած մրցակցի էլ կարելի է հաղթել:

Լուսանկարը` PAN Photo


Հայաշատ Սոչի քաղաքի «Ֆիշտ» ստադիոնում ասեղ գցելու տեղ չկա: Մի կողմից գեղեցիկ ու տոնական իսպանացի երկրպագուներն են, մյուսում`իրենց սիրելի թիմին աջակցող հայերը: Տրամադրությունը ստադիոնում առավել քան տրամադրող է, թե ինչով կզարմացնի ԱԱ-ի նորեկը, հարցի պատասխանը հետաքրքրում է ոչ միայն հայ լրագրողներին:

Թեեւ հավաքականի հասցեին անհիմն մեղադրանքներ ու քննադատություններ ընտրական մրցաշարում շատ են հնչել, բայց ֆուտբոլիստներն իրենց խաղով ստիպեցին բոլորին լռել:

Իսպանիայի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գիտեին, որ Ինիեստայի պես փորձառու, Պիկեի նման խաղը կարդացող, Ռամոսի պես խորամանկ խաղացող չունեն, բայց ինչպիսի ոգով, աչքերի մեջ կրակով ու նվիրվածությամբ են գործում նրանք:

Մխիթարյանն իսկական ու անփոխարինելի ավագ է, ամեն պահ ու ցանկացած պարագայում թիմն իր հետեւից տանող, միշտ գտնում է անհրաժեշտ խոսքեր թիմակիցներին քաջալերելու, Ղազարյանը ֆանտաստիկ է, ինչպիսի արագությամբ է նահանջում ու օգնում պաշտպանվել, Օզբիլիսից հնարավոր չէ գնդակ խլել, Բեգլարյանն էլ հուսալի է, ինչպես երբեք:

Լուսանկարը` PAN Photo


Հայերն իսպանացիների գրոհին գրոհով են պատասխանում, գնդակը չի հասցնում կանգնել, չեն զիջում նաեւ դարպասին հասցված հարվածներով, դեղին քարտերով ու խախտումներով: Ուժեղների պայքարում ոչ ոք չի ցանկանում զիջել:

Անչափ լարված ու դիտարժան պայքարում 3:3 հաշիվն է գրանցվում: Դիեգո Կոստայի դուբլին ու Նաչոյի գոլին մերոնք պատասխանում են Մխիթարյանի, Օզբիլիսի ու Մարկոսի անհավանական գեղեցիկ գնդակներով: Ի դեպ, մեր ավագը որերորդ անգամ հիանալի է իրացնում 11-մետրանոցը: Հայաստանի հավաքականը խաղի մեջ է ու շարունակում է պայքարը…

Լուսանկարը` Photolure


Ազգերի Լիգայի վստահ մեկնարկը

Թեեւ Աշխարհի առաջնությունում 1/4 եզրափակչից լքեցինք պայքարը, բայց այդպիսի ֆուտբոլ տեսնելուց հետո բնավ էլ հիասթափված չենք: Մենք արդեն վաստակել ենք մեր տեղը ֆուտբոլային էլիտայի շարքում:

2018-ի սեպտեմբերին կրկին անհամբերությամբ սպասում էինք խաղացողներին գործի մեջ տեսնել, կարոտել էինք թե նրանց կրակոտ խաղը, թե անմնացորդ նվիրումը:

2 խաղերով հավաքականն արդեն մեկնարկել է Ազգերի Լիգայի A խմբում, որտեղ մենք ամենաուժեղների շարքում ենք, կրկին ապացուցեինք մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ:

Լուսանկարը` PAN Photo


Արդեն չենք էլ հիշում որերորդ անգամ է Մխիթարյանը հավաքականը հաղթանակած դուրս բերում խաղադաշտից: 2 հանդիպում, 5 խփված գոլ ու 1 բաց թողած: Այս անգամ էլ մեր նպատակները շատ լուրջ են, գուցե, եւ ԵԱ-ում կարողանանք մոտենալ մրցանակային եռյակին:

Սակայն այդքան հեռուն դեռ պետք էլ չէ նայել, մենք վայելում ենք ամեն խաղը: Թեեւ բացթողումներ ու սխալներ եւս հավաքականի խաղում կա, սակայն այսօր այդ մասին ավելի լավ է լռել:

Իսկական հրաշքը

Մենք հիշում ենք նախկինում ունեցած բոլոր անհաջողությունները, չստացված ընտրական մրցաշարերը, ձախողումները, խոշոր հաշվով ու անակնկալ պարտությունները: Բայց ինչ արեց մեր հավաքականը, այն 0-ից սկսեց ամեն ինչ, աշխատեց, պայքարեց, նպատակ դրեց իր առջեւ ու հասավ Աշխարհի առաջնություն:

Լուսանկարը` PAN Photo


Հետքն անգամ չի մնացել նախորդ ընտրանուց, այն ասես մի օր 100-ամյա ծերունու պես որոշել էր կանգնել պատուհանին ու անհետանալ, բայց փոխարենն ավելի լավը դառնալ, գնալ արկածների հետեւից, հիացնել բոլորին ու իսկական օրինակ դառնալ:

Հետո էլ ասում են, թե հրաշքները միայն գրքերում են լինում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դրա լավագույն օրինակն է:

ՀԳ.Դեպքերն ու իրադարձությունները հորինված են, ցանկացած համընկնում  պատահական է:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին