Ապրիլ 20, 2024
exclusive
12394 դիտում

Մի կրեք հավաքականի շապիկը, եթե պատրաստ չեք դրան


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA


Դեռ Լիխտենշտեյնի դեմ դժգույն խաղ ցուցադրելուց հետո մտավախությունը մեծ էր, որ Հայաստանի հավաքականը պարտություն է կրելու Մակեդոնիայից: Չնայած մեր տղաները հավաստիացնում էին, որ մեկնում են հաղթանակի հետեւից:

Սիրելի ֆուտբոլիստներ, հավատացեք, որ ձեզնից ոչ պակաս մենք ենք ցանկանում տեսնել ձեր հաղթանակները, սակայն եկեք ռեալ գնահատենք իրավիճակը: Այն, ինչ դուք անում եք խաղադաշտում, չի ապացուցում ձեր խոսքերը: Սա՞ է ձեր հաղթանակի հետեւից ասվածը: «Ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է», իսկապե՞ս: Եթե այո, ուրեմն այսպե՞ս են եզրափակչում խաղում:

Լուսանկարը` FFA


Դուք ներկայացնում եք մի ողջ երկիր, դուք ազգային հավաքականի անդամ եք, դուք պարզապես պարտավոր եք մեռնելու աստիճան վազել ու պայքարել դաշտում: Փոխարենն ի՞նչ արեցիք դուք երեկ:

Դուք գիտե՞ք ինչ բան է հաղթանակ ցանկանալ, ի՞նչ բան է նվիրվել, խաղալ ոչ թե հանուն սեփական անձի, այլ հանուն ընկերոջ, թիմի, երկրպագուի, Հայաստանի:

Կպատասխանեք, թե գիտեք, որովհետեւ մեկ անգամ չեք դուրս եկել դաշտ ու պայքարել: Իսկ եթե գիտեք, ինչո՞ւ դա չարեցիք խաղադաշտում: Անզեն աչքով էլ երեւում էր, որ Մակեդոնիային հնարավոր է հաղթել մեր այսօրվա կազմով: Կներեք, բայց դուք չցանկացանք պայքարել:

Լուսանկարը` FFA


Իհարկե, կարելի է վիճել կազմի ընտրության, այս կամ այն ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակից, ակումբում խաղաժամանակ չստանալու պատճառով: Բայց մի բան ակնհայտ էր. Մակեդոնիան ձեզ չհաղթեց, դուք պարզապես պարտվեցիք, նվիրեցիք նրանց երեք միավոր: Դուք երեկ չէիք խաղում, դուք պարզապես նյարդայնացնում էիք մի ամբողջ ժողովրդի:

Այսքան տարի աշխատում եմ այս ոլորտում ու շատերիդ անձամբ եմ ճանաչում, բազմիցս ենք զրուցել ու փորձել լավը մտածել: Բայց մի բան էլ գիտեմ. ձեր մեծամասնությունը քննադատություն չի սիրում, չի ընկալում, չի փորձում իր սխալն ընդունել: Փոխարենը հարձակվում է լրագրողների վրա, սկսում անիմաստ արդարանալ ու ինչ-որ բացատրություններ տալ: Պարզապես մի պահ, երբ մնում եք ինքներդ ձեզ հետ հարցրեք, ինչո՞ւ եք դուք ընդունում հրավերն ու միանում ազգային հավաքականին: Որ ֆուտբոլ չխաղա՞ք, թե՞ որ ցնծություն պարգեւեք բոլորիս:

Լուսանկարը` FFA


Վերջերս դուք հաճախ եք կրկնում, որ այսօրվա ֆուտբոլում թույլ թիմ չկա, բոլորն էլ ուժեղ են: Իսկապե՞ս: Իսկ գիտեք, որ կարգով ավելի ցածր թիմերը հաղթում են անսահման նվիրվածության շնորհիվ, դրա համար էլ վայելում են ֆուտբոլային աշխարհի հարգանքը: Կներեք, բայց դուք Մակեդոնիայի դեմ այդ նվիրվածության կես տոկոսն էլ չունեիք:

Միգուցե Ազգերի Լիգայում կամ այլ մրցաշարում ոչինչ էլ ավարտված չէ հավաքականի համար, միգուցե դուք դեռ հաղթեք ու շարժվեք առաջ: Բայց, տղաներ, խնդրում եմ, եթե դուք այլեւս ոչինչ չունեք տալու Ազգային ընտրանուն, եթե զգում եք, որ այլեւս չեք ցանկանում խաղալ այդտեղ, ի սեր Աստծո, պարզապես մի հագեք այդ մարզաշապիկը: Թողեք պակաս փորձով ու վարպետությամբ երիտասարդները դուրս գան դաշտ, որոնք կպարտվեն, բայց, գոնե, ինչպես ասում է Վարդան Մինասյանը, աչքերում կրակ ու ձգտում կունենան:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին