Ապրիլ 24, 2024
exclusive
11688 դիտում

«Արարատ-73»-ի հուսալի դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան


Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


Ալյոշա Աբրահամյանի հետ ծանոթացանք տարիներ առաջ, երբ սկսել էինք շարք պատրաստել «Արարատ-73»-ի մասին:


Հանգիստ, հավասարակշռված, հաճելի զրուցակից, ում հետ մտերմանալը միանգամից ստացվեց: Դրանից հետո ոչ հաճախ, բայց կրկին հանդիպում էինք նրան, խոսում ինչպես անցյալի, այնպես էլ այսօրվա հայկական ֆուտբոլի մասին:


Մի քանի ամիս առաջ իմացանք, որ առողջական խնդիրների պատճառով Աբրահամյանի ընտանիքը որոշակի դժվարություններ ունի: Նրա կնոջ՝ տիկին Լիանայի հետ զրույցից հետո որոշեցինք որքան հնարավոր է օգտակար լինենք նրանց: Ցավոք, երեկ Աբրահամյանը, որն ընդամենը մի քանի օրից կդառնար 73 տարեկան, հեռացավ կյանքից:

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

Ալյոշա Աբրահամյանն այն եզակի դարպասապահներից է, որը 1980 թվականին դարձել է Լեւ Յաշինի ակումբի անդամ (այստեղ ընդգրկվում են նրանք, ովքեր 100 խաղ անառիկ են պահել սեփական դարպասը): Աբրահամյանի ցուցանիշը 138 հանդիպում է:

 

Աբրահամյանը ծնվել է Գյումրում 1945 թվականին: Նրա հայրը եւս զբաղվել է ֆուտբոլով ու հանդես եկել քաղաքի ակումբներից մեկում:

 

Չնայած փոքր տարիքից սիրել է ֆուտբոլը, բայց այստեղ պատահական է հայտվել: 

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

Ես գնում էի մարմնամարզության, ապա բասկետբոլի ու վոլեյբոլի: Վերջինից հաջողություններ գրանցեցի, ընդգրկվեցի պատանեկան հավաքականում ու տարբեր հանդիպումների մասնակցեցի: Այն ճկունությունը, ամուր ձեռքերը, ռեակցինան, որը ես որպես դարպասապահ ունեի, հենց վոլեյբոլից եմ ժառանգել:

 

1963-ին մարզիչ Ալբերտ Աբրահամյանը նրան իր հետ տանում է «Շիրակ» ֆուտբոլային թիմ: Արդեն 10 օր անց Ալյոշան ԽՍՀՄ պատանեկան առաջնությանն էր մասնակցում: Դրանից հետո նա ամբողջովին կապվում է ֆուտբոլին ու մնում այստեղ: 

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

Մեր թիմն ուներ դարպասապահի խնդիր: Քանի որ ես բարձրահասակ էի ու մարզված, որոշեցին ինձ կանգնեցնել դարպասում: Ահա այդպես էլ ես սիրեցի այս գիծն ու կամաց-կամաց դարձա ուժեղ դարպասապահ:

 

Շուրջ երկու տարի անց Աբրահամյանը Գյումրիից տեղափոխվում է Երեւան ու համալրում «Արարատի» շարքերը: 

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

1966-ին «Արարատի» համար ոչ հեշտ մրցաշրջանում իր վստահ խաղի շնորհիվ ճանաչվում է լավագույն մեկնարկած դարպասապահ: Այդ նույն տարի Աբրահամյանն ընդգրկվում է Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցուցակում:

 

«Արարատում» ես աճեցի: Մեր թիմի տղաներով միասին մեծացանք, հասունացանք ու երկար ճանապարհ անցանք: Միասին ուրախանում էինք, միասին էլ տխրում ու հիասթափվում, սակայն հետո կրկին հավաքվում էինք ու դաշտ դուրս գալիս հաղթանակի հետեւից:

 

1971-ին նա «Արարատի» կազմում դառնում է ԽՍՀՄ փոխչեմպիոն, իսկ 1973-ին գալիս է թիմի աստեղային ժամը: Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» դառնում է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Այս ոսկե սերունդի կերտած հաղթանակները մինչ այսօր հիշվում են բոլորի կողմից:

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

Մենք 5 եղբայր ու 4 քույր էինք: Ֆուրմանն ու Գրիշան ինձ հետ «Արարատում» հանդես եկան: Ֆուրմանը շատ ուժեղ պաշտպան էր, միասին արծաթե մեդալակիր դարձանք, ցավոք, ավտովթարը խլեց եղբորս կյանքը, եւ ԽՍՀՄ չեմպիոն ես առանց նրա հռչակվեցի:

 

Աբրահամյանը մեկ անգամ չէ խոստովանել, թե ինչպիսի նվիրվածությամբ են իրենք ամեն անգամ դաշտ դուրս եկել: Ըստ նրա՝ իրենց հաջողության ամենամեծ գրավականը ընտանիք լինելն է, միմյանց համար խաղալն ու իրար լրացնելը:

 

«Արարատի» կազմում ավելի քան 270 հանդիպում անցկացրած դարպասապահը միշտ էլ հուսալի է եղել, նրա հետ մղած հարվածներն ու բազմաթիվ 11-մետրանոցները մեկ անգամ չէ, որ փրկել են թիմին:

 

Աբրահամյանի թիմակից Նիկոլայ Ղազարյան

 

 

Մենք հանգսիտ էինք, քանի որ դարպասում Ալյոշան էր, մրցակիցներից մեզ բարձր էինք համարում, որովհետեւ նրա պես դարպասապահ ունեինք: Չեմ հիշում մի դեպք, երբ Ալյոշան ընկճված լիներ, միշտ բարձր տրամադրությամբ էր գալիս հանդիպումներին, անկախ մրցակցի ով լինելուց: 


Կարծում եմ, որ նրան ԽՍՀՄ հավաքական չվերցրին, քանի որ գիտակցում էին, որ նա կհաստատվի այնտեղ, նա վեր էր մրցակցությունից: 

 

Կարիերան ավարտելուց հետո Աբրահամյանն աշխատել է որպես մրցավար ու մինչեւ 1987 թվականը դատել ԽՍՀՄ-ի առաջնության խաղեր: Ապա անցել է մարզչական գործունեության: Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Արարատի» ու «Բանանցի» հետ նվաճել է մի շարք մրցանակներ: Մինչ կյանքի վերջն աշխատում էր հարազատ «Արարատում»:

 

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

 

Շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, թե ինչքան է հետ գնացել մեր ֆուտբոլը: Մենք հրաշալի սերունդ ունենք, որը կարող է կրկին հաղթանակներ կերտել: Պարզապես պետք է շատ աշխատեն, անընդհատ մարզվեն ու խաղան ոչ միայն իրենց, այլ նաեւ հայ ազգի համար: Հավատում եմ, որ մի օր հաջողությունը կրկին կժպտա հայկական ֆուտբոլին:

 

2013-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Ալյոշա Աբրահամյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին